Ուղիղ եթեր
ՌԴ-ի ակտիվները Ուկրաինայում իրավիճակը չեն փոխի․ Մոսկվան կայսերապաշտական ծրագրերից չի հրաժարվելու
copy image url

ՌԴ-ի ակտիվները Ուկրաինայում իրավիճակը չեն փոխի․ Մոսկվան կայսերապաշտական ծրագրերից չի հրաժարվելու

Արտաքին Միտք 11 ամիս առաջ - 21:00 07-05-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ավելի քան երկու տարի շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմում, որի ավարտը դեռևս տեսանելի չէ, վերջինս շրջանում իրադարձությունները զարգանում են ռուսական կողմի օգտին։ Մինչ արևմտյան երկրները չեն կարողանում հաղթահարել իրենց տարաձայնությունները և Ուկրաինային անհրաժեշտ ծավալով աջակցություն ցուցաբերել, Ռուսաստանն օգտվում է այս իրավիճակից և ռազմաճակատում հաջողություններ արձանագրում։

Չնայած ՌԴ-ի հաջողությունները հեռու են պատերազմի առաջին օրերին արձանագրված առաջխաղացումների տեմպից, երբ ռուսական զինուժը մի քանի օրում մոտեցել էր ընդհուպ մինչև Ուկրաինայի մայրաքաղաքի մատույցներին, այնուամենայիվ Մոսկվայի գերակայությունն ընդունում են անգամ Կիևում։ Օրերս Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան՝ հայտարարելով, որ ռուսական կողմն ավելի արդյունավետ է իր ռազմական ջանքերում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտնել էր, որ Ուկրաինան մտնում է իր դեմ սանձազերծած պատերազմի նոր փուլ՝ նշելով, որ ՌԴ-ն պատրաստվում է հարձակողական գործողությունների ընդլայնման փորձերին։ Թեպետ Ուկրաինայի առաջնորդը չէր հստակեցրել, թե ռուսական զինուժը որ ուղղություններով է առաջխաղացման պատրաստվում, այնուամենայնիվ լրատվամիջոցներն ու փորձագիտական դաշտի ներկայացուցիչնեը հայտնում են, որ Մոսկվան մտադիր է հարձակման անցնել միանգամից 3 ուղղություններով, զարգացնել հաջողությունները ու իր վերահսկողության տակ վերցնել ոչ միայն Դոնբասի ուկրաինական մնացած հատվածը, այլև Խարկովի, Դնեպրոպետրովսկի և ամենակարևորը Օդեսայի մարզերը, ինչը թույլ կտա Ուկրաինան կտրել ծովից և վերջինիս կապիտուլյացիա պարտադրել։

Արդեն նախօրեին Գերմանիայի կանցլեռ Օլաֆ Շոլցը հայտարարեց, որ Եվրամիության երկրները համաձայնել են Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների եկամուտների 90 տոկոսն օգտագործել Կիևի ռազմական կարիքների համար։ Եթե անգամ այս մտադրությունը կյանքի կոչվի, որը, փորձագետների համոզմամբ, անիրատեսական է, ապա սա մի կողմից վկայում է այն մասին, որ արևմտյան երկրներում Ուկրաինային աջակցելու նպատակով նախատեսված ֆինանսական միջոցները սպառվելու եզրին են, իսկ մյուս կողմից սա ոչ այլ ինչ է, քան հուսահատ նախաձեռնությունը, որը ռազմական գործողությունների ելքի վրա էական ազդեցություն չի կարող ունենալ։

Հատկանշական է, որ վերջին շրջանում ավելի ու ավելի շատ է սկսել խոսվել այն մասին, որ Ուկրաինան պետք է համակերպվի մինչև այժմ ունեցած տարածքային կորուստների շուրջ, իսկ երկրի դաշնակիցները կարող են աջակցել բացառապես նոր կորուստները կանխելու ու գործող ստատուս քվոն ֆիքսելու հարցում։ Այս հարցն ակտիվորեն քննարկվել է նաև նախօրեին Չինաստանի նախագահ Սի Ծինպինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման ժամանակ, իսկ նախքան հանդիպումը Չինաստանի նախագահը հոդված էր հրապարակել՝ ընդգծելով ուկրաինական ճգնաժամի հարցում Ֆրանսիայի հետ համատեղ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը։

Պաշտոնական Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ բացառում է Ուկրաինայից մինչև այժմ գրավված տարածքները վերադարձնելու հնարավորությունը, որոնք 2022-ի սեպտեմբերին կայացած հանրաքվեների արյդունքներով միացրել է իր տարածքին։ Այլ կերպ ասած Մոսկվան բացառում է ոչ միայն 1991 թվականի սահմաններին վերադառնալու անգամ տեսական հնարավորությունը, ինչի անհրաժեշտությունը Կիևում բազմիցս պնդել են, այլև անգամ 2022-ի նախապատերազմական սահմաններին վերադարձը, քանի որ դա լրջորեն կվնասի երկրի հեղինակությունը և գործնականում անմաստ կդարձնի բոլոր այն կորուստներն ու սահմանափակումները, որոնք ՌԴ-ն ունեցել է նախորդ 2 տարիներին։

Այսպիսով՝ փաստենք, որ Ռուսաստանի Դաշնությունը, որի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հերթական անգամ 6 տարի ժամկետով ստանձնեց պետության ղեկավարի պաշտոնը, չի հրաժարվել և առաջիկայում մտադիր էլ չի հրաժարվել իր կայսերապաշտական քաղաքականությունից ու հավակնություններից և Ուկրաինայի հարցում զիջումներ կատարել։

Ռուսական կայսերապաշտական քաղաքականությունը ենթադրում է, որ նախկինում ռուսական կայսրության մաս կազմած բոլոր տարածքները պետք է առնվազն շարունակեն ՌԴ-ի ազդեցության գոտում մնալ, իսկ եթե վերջիիններս փորձեն դրանից դուրս գալ, ապա կարժանանան Վրաստանի ու Ուկրաինայի ճակատագրին, որոնք այս պահի դրությամբ չեն վերահսկում սեփական ինքնիշխան տարածքի առնվազն 20 տոկոսը։

Այս ամենը համադրելով՝ կարծում ենք, որ ՌԴ-ն առաջիկայում կփորձի էլ ավելի մեծացնել Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների ինտենսիվությունը և հասնել վերոհիշյալ նպատակների իրագործմանը, իսկ ռուսական սառեցված ակտիվների հատկացումը ոչ այլ ինչ է քան հուսահատության դրսևորում, որը ռազմական գործողությունների վրա էական ազդեցություն ունենալ չի կարող։

Ինչ վերաբերում է արևմուտքին, ապա վերջինիս հնարավորություններն այլևս թույլ չեն տալիս Ուկրաինային այնպիսի աջակցություն ցուցաբերել, որով այդ երկիրը կկարողանա վերադարձնել կորցրած տարածքների մի մասը, ուստի առավել հավանական է, որ առաջիկայում նույն արևմուտքն Ուկրաինային կհորդորի ՌԴ-ի հետ բանակցությունների սեղանի շուրջ՝ առնվազն հետագա տարածքային կորուստները կանխելու նպատակով։

Այս համատեքստում իրավիճակը որոշակիորեն կհստակեցվի հատկապես ԱՄՆ-ում աշնանը կայանալիք նախագահական ընտրություններից հետո, որոնցում չափազանց բարձր են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակի շանսերը։ Հիշեցնենք՝ Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում կդադարարեցնի Ուկրաինային տրամադրվող ֆինանսավորումը, ինչպես նաև իրեն կհաջողվի 24 ժամում դադարեցնել այդ երկրում ընթացող պատերազմը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ