Ներքին 1 տարի առաջ - 17:28 23-05-2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին

Օրերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական անգամ ատելությամբ ու թշնամանքով թիրախավորել է Հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն։

Կեղծիքի տարածման մեջ գերազանցելով ինքն իրեն, Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը՝ անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, գտնվում են «պատմական ադրբեջանական հողերում» և հայերը որպես թե «յուրացրել են» այդ տարածքները։ Անհեթեթ պնդումների շարքը Փաշազադեն եզրափակում է Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնելով որպես սպառնալիք տարածաշրջանի երկրների համար։

Զավեշտալի է թվում, որ Խորհրդային իշխանությունների ազգաշինարարության արդյունքում 1930-ական թթ․ երկրորդ կեսին «ադրբեջանցի» էթնոնիմն ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել պատմականությունը հայ ժողովրդի, որի հազարամյակների ստեղծագործ կյանքի ու հոգևոր-մշակութային ժառանգության արժեքն ու պատկանելությունը համընդհանուր ճանաչում ստացած իրողություններ են։ Առավել քան զարմանալի է, որ այլոց արժեքների յուրացման մեջ հայ ազգին ուղղված մեղադրանքները ներկայացնում է մի երկրի ներկայացուցիչ, որի պետության անվանումն իսկ յուրացված է այլ երկրից ու ժողովրդից։

Նույն էժանագին գործելաոճն է ընկած նաև Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմի անվան շուրջ Փաշազադեի կատարած շահարկման հիմքում։ Ի գիտություն պետք է ընդունել, որ Դոնի Ռոստովի մերձակա բնակավայրերը անվանվել են «Նոր Նախիջևան» հենց ցարական Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ, որպես հարգանքի արտահայտություն պատմականորեն հայկական Նախիջևանից այդ տարածք տեղափոխված հայերի։

Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հրապարակային խոսքերում շարունակաբար տեղ գտնող թշնամանքի ու կեղծարարության նման դատապարտելի դրսևորումներն ինքնին վկայությունն են այն իրողության, որ Ադրբեջանը հենց ինքն է, Փաշազադեի խոսքերով ասված, սպառնալիք տարածաշրջանի հարևան երկրների համար։

Եվ վերջում՝ հարկ է մեկընդմիշտ արձանագրել, որ սուտն ու կեղծիքը երբեք չեն կարող ճշմարտության վերածվել, որքան էլ հաճախ ու խանդավառությամբ կրկնվեն։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում