Ներքին 3 տարի առաջ - 20:33 21-10-2022

Կովկասի մահմեդականների վարչության նախագահը հերյուրական հայտարություններ է հնչեցրել ղարաբաղյան հակամարտության մասին․ Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարությամբ է հանդես եկել Թյուրքական պետությունների կազմակերպության կրոնական առաջնորդների Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հնչեցրած խոսքերի կապակցությամբ։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարության մեջ նշված է․

«Հոկտեմբերի 20-ին Թյուրքական պետությունների կազմակերպության կրոնական առաջնորդների երրորդ հանդիպմանը Բաքվում, որը շարունակվեց գրավված Շուշիում, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի կողմից հերթական անգամ հնչեցվել են հերյուրական ու նենգափոխիչ հայտարություններ և դատողություններ ղարաբաղյան հակամարտության խնդրի, էթնիկ զտումների, թյուրք-իսլամական մշակութային-հոգևոր ժառանգության ոչնչացման, սրբավայրերի յուրացման, ադրբեջանական խաղաղասիրության և հայկական ռևանշիզմի վերաբերյալ, որոնց առնչությամբ հայկական կողմի պետական և հոգևոր պատկան կառույցների կողմից բազմիցս տրվել և այսօր էլ շարունակաբար տրվում են պատասխաններ և լուսաբանություններ։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը չի խորշել անգամ Հայոց Եկեղեցուն մեղադրանքներ հասցեագրել և կեղծ վերագրումների համատեքստում կոչ հղել Սուրբ Էջմիածնին և ցուցումներ՝ մեր «ժողովրդին ոչ թե նոր արհավիրքներ, այլ փրկություն» բերող քայլերի առաջնորդելու։

Տարօրինակ է, որ 2020 թվականին Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձնազերծած պատերազմից և իրագործած անմարդկային դաժանություններից հետո Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հրահրիչ խոսույթը բնավ չի փոխվել։

Ժողովուրդների խաղաղ գոյակցությունը իբրև թե կարևորող Կովկասի մահմեդականների վարչության նախագահը, հակառակ հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումներում որդեգրված ուղերձների ոգուն, նույն ժամանակ լուռ է Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, ռազմատենչության և հայատյացության, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների, սահմաններին ամենօրյա սադրանքների, խաղաղ բնակավայրերը գնդակոծելու, հայ ռազմագերիներին անօրինաբար պահելու և խոշտանգելու, դաժանորեն կյանքից զրկելու, զոհվածների մարմինները խեղելու և պղծելու, Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքը ոտնահարելու, հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը ոչնչացնելու և յուրացնելու փաստերի առնչությամբ, որոնք հստակ և հիմնավոր փաստագրված են նաև միջազգային հանրության և կառույցների կողմից։

Թվարկված հարցերը կարոտ են շուտափույթ լուծումների, իսկ հումանիտար խնդիրները առավել ևս կարիքն ունեն Ադրբեջանի հոգևոր առաջնորդի ուշադրության և միջնորդական ջանքերի։ Սուրբ Էջմիածնի կոչն է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ հավատարիմ հոգևոր իր կոչմանն ու առաքելությանը, տեսանելի քայլեր գործադրել այս ուղղությամբ՝ թոթափելու վշտացյալ հոգիներից ցավն ու տրտմությունը։

Թող Բարձրյալը օրհնի տարածաշրջանի ժողովուրդների կյանքը երկնապարգև խաղաղությամբ, ողորմությամբ և առատ շնորհներով»։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում