Արցախի թատերասեր հասարակության սիրելիներից էր ԼՂՀ վաստակավոր արտիստ, Եղիշեի ավան ամենամյա մրցանակի դափնեկիր Սամվել Վիրաբյանը։
Նա Արցախ էր եկել Կիրովականից և ավելի քան 40 տարի եղավ Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի առաջատար դերասաններից մեկը, կերտեց 120 կերպար, որոնք հանդիսատեսին գեղագիտական հաճույք պատճառելուց զատ, նաև դաստիարակչա-բարոյական բնույթի խնդիրներ էլ լուծեցին։ Ստեփանակերտը փոքր քաղաք էր, բոլորն իրար ճանաչում էին, ու կյանքում էլ մարդկային-բարոյական օրենքներով ապրող Սամվել մարդու կյանքի և Վիրաբյան դերասանի կերտած խրոխտ կերպարների նմանությունն ու փոխկապակցվածությունը շատերի համար օրինակի ու չափանիշի պես մի բան էին:

Ծնվել է 1950 թվականի հունվարի 21-ին՝ Կիրովականում (ներկայումս՝ Վանաձոր)։
Դպրոցում սովորելու տարիներին ընդգծված հակում է ունեցել դեպի սպորտը․ զբաղվել է մի շարք մարզաձևերով՝ ազատ ոճի ըմբշամարտ, սամբո և ծանրաձող։ Բայց հակումն արվեստի նկատմամբ ավելի զորեղ գտնվեց, ու շուտով արդեն Սամվելը քանդակում ու նկարում էր։
Բայց դեռ մանկուց նա առանձնահատուկ կապվածություն է ունեցել թատրոնի հետ՝ հայրը նրան հաճախ էր տանում թատրոն՝ կրկնելով․ «Թատրոնը դպրոցների դպրոցն է»։
Պատանի Սամվելը սկսեց երեկոները հաճախել Կիրովականի քիմիական կոմբինատի ակումբում Աշոտ Գևորգյանի կողմից կազմակերպված թատերական խմբակի փորձերին։
Շուտով թատերախումբը ժողովրդական թատրոնի կարգավիճակ է ստանում։
1968 թվականից Սամվել Վիրաբյանն աշխատանքի է անցնում Կիրովականի պետական թատրոնում, 1971-ին գերազանցությամբ ավարտեց պետթատրոնին առընթեր թատերական ստուդիան։ Նույն թվականին Կիրովականի մանկավարժական ինստիտուտին առընթեր բացվում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի մասնաճյուղը, և ստուդիայի բոլոր շրջանավարտները, Սամվելից բացի, դիմում են ընդունելության համար։ Սակայն Սամվելը գերազանց գնահատականներով ընդունվում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ (660 դիմորդների համար միայն 8 տեղ էր հատկացված)։
Ուսումնառաության տարիներին նրան դասավանդում են ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, ԳԱ թղթակից-անդամ Ռուբեն Զարյանը, թատերագետ Լևոն Հախվերդյանը, պրոֆեսորներ Սերգեյ Քոչարյանը, Լևոն Խալաթյանը։
Պետական քննության ընթացքում, որպես դիպլոմային աշխատանք, հանդես եկավ Զիմզիմովի դերակատարմամբ:

Ակադեմիկոս Ռուբեն Զարյանն ասաց․
-Քանդակել ես, ինչ-ինչ տեղերում անգամ հիշեցրիր մեր բեմի մեծագույն վարպետներին։ Ասա տեսնեմ՝ բեմի վրա ի՞նչ մեծությունների ես տեսել։
-Ի՞նչ մեծություններ, չեմ հասկանում,-հարցին հարցով պատասխանեց Սամվել Վիրաբյանը։
-Այ, օրինակ, բեմի վրա կամ կինոյում, տեսե՞լ ես Ավետ Ավետիսյանի խաղը։
-Ավետն ո՞վ ա, տո՛,- վրա տվեց նա՝ լոռեցու անկեղծ ու միամիտ անմիջականությամբ՝ մատն Ավետ Ավետիսյանի պես վեր տնկած։
Ե՛վ բեմում, և՛ դահլիճում միաժամանակ պայթեց ծիծաղը։
Մեղմ ժպիտը դեմքին՝ Ռուբեն Զարյանը գորովանքով գրկեց Սամվելի գլուխն ու կրծքին սեղմեց։
-Տղա՛ս, իրոք, շատ լավ խաղացիր։ Քո տեղը բեմի վրա է։ Քեզ կանաչ ճանապարհ, թող բեմական ուղիդ հաղթանակներով լցվի,- ասում է Ռուբեն Զարյանը։
Բեմադրությանը ներկա էր նաև այն ժամանակ Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, հայտնի մանկագիր Գուրգեն Գաբրիելյանը, ով Սամվելին աշխատանքի է հրավիրում Ստեփանակերտ:
Ու գերազանց գնահատականներով ինստիտուտն ավարտած Սամվելը մեկընդմիշտ իր կյանքը կապում է Արցախի հետ։ Այդ ժամանակ նա արդեն սկսել էր նկարահանումները «Հայֆիլմում»՝ «Շեկ ինքնաթիռը» գեղարվեստական կինոնկարում և «Անձրև վաճառողը» հեռուստաներկայացման մեջ, բայց աշխատանքները, Ստեփանակերտ տեղափոխվելու պատճառով, կիսատ են մնում։
Շուրջ չորս տասնամյակ Բենիամին Օվչյանի, Սուրեն Համզոյանի, Թամարա Մելքումյանի, Մարգո Բալասանյանի ու արցախյան բեմի մյուս երախտավորների հետ կողք-կողքի Սամվել Վիրաբյանը կերտում է Արցախի բարձրարվեստ թատրոնի առօրյան․ մեկը մյուսին են հաջորդում հաջողված ու հանդիսատեսի մոտ լայն ընդունելություն գտած դերերը․ Բարխուդար, Ռուստամ («Նամուս»),

Ադամյան («Այստեղ ապրել է մարդը»), Գիժ Դանիել («Չար ոգի»), Կամիլո («Ձմեռային հեքիաթ»), Գարեգին («Քո սերը քո տունն է»), Գոգի («Քառասուն օր համբառնալուց առաջ»)։
Սամվել Վիրաբյանը նաև սիրված ու շատ հարգված ստեփանակերտցի էր՝ լինելով կիրովականցի։ Շատ դժվար բան է՝ գալ այլ վայրից ու այդչափ մեծ ընդունելություն գտնել Ստեփանակերտում։ Սամվել Վիրաբյանին սիրում էին Ստեփանակերտում ու շատ էին հարգում:

Ընդհանրապես, Արցախը կարծես Սամվել Վիրաբյանի ճակատագիրն էր․ դեռևս երրորդ կուրսի ուսանող, նա ամուսնանում է Երևանի «Էլեկտրոնային-հաշվողական մեքենաներ» տեխնիկումի ուսանողուհի, ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Նոր շեն գյուղից Վիոլետա Ասրիյանի հետ:

1974 թվականի հուլիսի 27-ին ծնվում է նրանց առաջնեկը, ում տալիս են պապի անունը՝ Միքայել։ Հետո նա կդառնա Արցախի Հանրապետության սոցապ նախարարը, իսկ 2020 թվականի պատերազմից հետո կնշանակվի ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության Օպերատիվ շտաբի պետը։ Բախտ եմ ունեցել երկար տարիներ հաղորդակից լինել Միքայելի գործունեությանը, ու պիտի ասեմ, որ օրինակելի ու պարկեշտ պաշտոնյա է։ Ու դա միայն իմ կարծիքը չէ։
Հաջորդ տարի ծնվեց Վարդուհին։ Իսկ արդեն Ստեփանակերտ տեղափոխվելուց հետո ծնվեցին Վարդանը, Նարինեն ու Աշխենը, ու կարծես ամբողջացավ իսկապես ավանդապահ ու սիրված ընտանիքը։
Սամվել Վիրաբյանի Միքայել և Վարդան որդիներն արցախյան պատերազմին մասնակցել են տարբեր ճակատներում։ 1994-ի հունվարի 9-ին Միքայելը վիրավորվում է Սեիդահմեդլի գյուղի մոտ։
Վարդանը վիրավորվել է երկու անգամ․ առաջին անգամ Լաչինում՝ 1992-ին, երկրորդ անգամ՝ 1993-ի աշնանը՝ Հորադիզում:

Պատերազմից հետո Սամվել Վիրաբյանը շարունակեց աշխատանքը Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնում։ Բայց․․․ վրա հասավ անողոք հիվանդությունը, և 2006 թվականի ապրիլի 11-ին արցախյան բեմի անմնացորդ նվիրյալը կնքեց մահկանացուն։
Նրա մասին գրող Նվարդ Ավագյանն ասել է․ «Որքան նկատել եմ՝ Սամվել Վիրաբյանին խորթ է «հանգիստ խաղալը», ինչը և նրա հաջողության գաղտնիքներից է։ Զգացամունքայնությունից ասես խեղդվող այս դերասանը ձգտում է ինքնամոռացման, մինչ այդ հասցնելով հանդիսատեսին ևս վարակել նույն կրակով»։

(Նյութը պատրաստելիս փաստեր ու տեղեկություններ են մեջբերվել Արիս Արսենիի «Սամվել Վիրաբյան դերասանը» գրքից)
Կարեն Միրզոյան
Շարունակելի
Նախորդ ակնարկը՝ այստեղ: