Ոչ մի օր՝ առանց Արցախի. թե ինչպես կոնվերսիոն ծրագրով տանկերը հասան Արցախ
copy image url

 Ոչ մի օր՝ առանց Արցախի. թե ինչպես կոնվերսիոն ծրագրով տանկերը հասան Արցախ

Ներքին 1 օր առաջ - 22:10 15-05-2025
Արցախյան շարժման ողջ ընթացքում, ընդհուպ Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմը, հայկական կողմն ամեն ինչ կազմակերպել է, կարելի է ասել, իդեալական կերպով՝ համապատասխան և՛ ԽՍՀՄ օրենքներին, և՛ միջազգային իրավունքին։ Բայց և, զուգահեռաբար, Շարժման առաջնորդներն ու ակտիվիստները խորապես գիտակցում էին՝ զինված ընդհարումներն ու դիմակայությունն անխուսափելի են։ Առավել ևս, մեր հակառակորդին լավ էինք ճանաչում․ մեր տառապանքը փորձ ուներ։ Եվ հենց Շարժման արշալույսից սկսեցին հրահրվել տարատեսակ զինված բախումներ։ Զենքի հայթայթումն այլընտրանք չուներ։

Զենք-զինամթերքի տենդագին որոնումը հաճախ նաև զավեշտական դրսևորումներ է ունեցել, անգամ, գրեթե ֆանտաստիկ պատմություններով համեմված։ Շատ դժվար էր ամեն ինչ, բայց պետք էր կազմակերպել՝ կշեռքի նժարին սեփական ժողովրդի անվտանգությունն էր։

Ժամանակին ՌԽՍՀ կոմկուսի կենտկոմի, Գերագույն խորհրդի և մինիստրների խորհրդի պաշտոնաթերթ ,,Советская Россия,,-ում տպագրվել էր «Ձեռնտու գնորդը» վերտառությամբ մի հոդված, որը մեծ աղմուկ էր առաջացրել ողջ ԽՍՀՄ-ում (այն արտատպել էր ,,Бакинский рабочий,,-ն)։ Դրանից հետո, տխրահռչակ Սաֆոնովի ժամանակներում, Ստեփանակերտի փողոցներով անցնող պարեկային զրահամեքենայից լսվում էր բարձրախոսով ժողովրդին ուղղված հետևյալ հարցը․ ,,Кому служит инженер Айриян?,,։ Նույնը կրկնում էին նաև տեղական ռադիոյով։

Իսկ ո՞վ էր Ռադիկ Հայրիյանը, նրա ո՞ր նախաձեռնության մասին էր հոդվածը։

Մասնագիտությամբ ինժեներ էր։ 1988-ից զինվորագրվել է Շարժմանը։ Հայտնի «Աշխատանքային խմբի» ու ընդհատակի անդամներից է եղել։ 1988-ին դեկտեմբերին «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալությունից հետո ու մյուս ակտիվիստների հետապնդման ժամանակ, 1989- հունվարից իր ընկերների՝ Սերժիկ Գրիգորյանի, Էդիկ Պողոսյանի և Վիտալի Աբրահամյանի հետ Էդիկենց տանը գաղտնի թռուցիկներ են տպագրել ու տարածել ժողովրդի մեջ (հետագայում այդ գրամեքենան իր տեղը կգտնի թանգարանում):

ԼՂՀ առաջին գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր էր։

1990 թվականին Ռադիկ Հայրիյանն իր ընկերների հետ հղացել և իրականացրել է մի հանդուգն, շատ հնարամիտ ծրագիր, որն, անշուշտ, արժանի է գրավոր հիշատակության։

Գորբաչյովի ժամանակներում մեկնարկել էր, այսպես կոչված, «Կոնվերսիայի ծրագիրը», ինչը ենթադրում էր զինվորական տեխնիկան վերասարքավորելով օգտագործել տնտեսության մեջ։ Եվ ահա՝ 1989 թվականի դեկտեմբերի 12-21-ը Մոսկվայում անց է կացվում ԽՍՀՄ զինված ուժերի թիկունքի շտաբի կողմից կազմակերպված ռազմական հանդերձանքի ու տեխնիկայի ավելցուկի վաճառքի տոնավաճառ։ Այնտեղ մեկնած Ռադիկ Հայրիյանը մոտենում է կազմակերպիչներին և ասում, որ ինքը լիազորված է պայմանագիր կնքել քարշակների մատակարարման մասին։

Մինչ այդ արդեն տանկերի բազայի վրա ստեղծվել էր հրդեհների մարման համար նախատեսված «Իմպուլս» մեքենան, որը փորձարման ժամանակ հրաշալի արդյունքներ էր ցույց տվել․ շարժունակ էր, կրակի դեմ ի վիճակի էր պայքարել ամենադժվարանցանելի տեղերում, ու նրանով սկսել էին հետաքրքրվել Տայգայի հրշեջները, նավթագործներն ու գազովիկները։ Վթարային իրավիճակների համար նախատեսված հատուկ քարշակների նկատմամբ խիստ հետաքրքրություն էին սկսել ցուցաբերել նաև ԽՍՀՄ հաղորդակցության ուղիների նախարարության ներկայացուցիչները։

Դեկտեմբերի 19-ին հեռագիր է ուղարկվում Մոսկվա՝ ԼՂԻՄ ագրոարդի Ստեփանակերտի միջշրջանային մատակարարման բազային պատվիրատուի հետ պայմանագրի համաձայն, պայմանագրային գնով վճարի դիմաց 40 քարշակ տրամադրելու խնդրանքով։

Դեկտեմբերի 21-ին Անդրկարպատյան զիվորական օկրուգի վերանորոգման գործարանի տնօրեն, գնդապետ Զադիխայլոն հեռագրակապով ստանում է գեներալ-մայոր Դմիտրիևի համաձայնությունը, ինչից հետո՝ դեկտեմբերի 22-ին, գնորդի հետ ստորագրվում է պայմանագիր։

Պատվերի կատարումն էլ չի ուշանում․ փետրվարի 12-ին Ռ․ Հայրիյանը և նորոգողները ստորագրում են երկու արձանագրություն․ մեկը լրացուցիչ քարշակների մեծածախ գնի համաձայնեցման մասին՝ 1 միլիոն, 41․ 480 ռուբլի գումարով, մյուսը՝ մեքենայի լրակազմության համաձայնեցման մասին։ Քարշակի կազմի մեջ էին մտնում նաև Р-123 ռադիոկայանի և գիշերային տեսանելիության ТВН-2 սարքերը։

Արձանագրությամբ նաև նախապայման էր դրված՝ մեխանիկ-վարորդի լյուկի սարքավորության լրացուցիչ պաշտպանության մասին։ Կատարող կողմը զարմացել էր՝ դա՞ ինչի համար, Հայրիյանը պարզաբանել էր՝ տարածաշրջանում ազգամիջյան բարդ հարաբերություններ են, և գրանցվել են տրակտորիստների վրա կրակելու դեպքեր։ Իսկ գիշերային տեսանելիության սարքերի անհրաժեշտությունն էլ բացատրել է «ամպամածության ու գիշերային ժամանակ հերկի աշխատանքների համար»։

Փետրվարի 14-ին կատարող կողմը հեռագիր է ստանում Т-54 տանկերի բազայի վրա գյուղատնտեսական քարշակների առաջին խմբաքանակի առաքման դիմաց 182․ 259 ռուբլի փոխանցելու մասին։ Նույն օրն առաջին 7 մեքենաները հանձնվում են պատվիրատուին ու բարձվում երկաթուղային հենահարթակներին։

Այնուհետև ․․․ ստացվում է ԽՍՀՄ զինված ուժերի զրահատանկային գլխավոր վարչության կարգադրությունը՝ չեղարկել պայմանագիրը և դադարեցնել քարշակների առաքումը։

Իսկ մեքենաների առաջին խմբաքանակն արդեն ճանապարհին էր և Լվով-Սոչի-Թբիլիսի-Երևան երթուղով հասնում է Զոդ․․․

Կարեն Միրզոյան

Շարունակելի

Նախորդ ակնարկը՝ այստեղ:




Ամենից շատ դիտված