Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:05 10-07-2025

Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա

Աբու Դաբիում այսօր առավոտյան սկսվել և դեռ շարունակվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը։ Ակնկալվում է, որ առաջիկայում ստորագրվելու է խաղաղության համաձայնագիրը։

Դեռևս 2024-ի օգոստոսի 4-ին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ Արցախից բռնի տեղահանվածների ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ Արցախ հայերի վերադարձի վերաբերյալ։ Նա միաժամանակ կարծիք էր հայտնել, որ չնայած՝ Արցախի հարցը Ադրբեջանի պահանջով դուրս է թողնված խաղաղության համաձայնագրի տեքստից, սակայն համաձայնագրի ստորագրումից հետո քննարկվելու է այս թեման։

Հետևապես՝ եթե առաջիկայում ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, ապա ենթադրելի է, որ Արցախ հայերի վերադարձի թեման ևս կվերադառնա միջազգային օրակարգ։ Հարցն այն է, թե արցախահայերի վերադարձի թեման այս անգամ ո՞վ կբերի օրակարգ՝ Մակրո՞նը, Թրա՞մփը, թե՞ Պուտինը։

Հաշվի առնելով Ֆրանսիայի հայամետ դիրքորոշումը նախընթաց տարիներին, Հայաստանի հետ առանձնաշնորհյալ հարաբերությունները, ենթադրելի է, որ հենց Ֆրանսիան էլ առաջ կմղի թեման։ Սակայն հաշվի առնելով Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև լարված հարաբերությունները, ենթադրելի է, որ Ֆրանսիայի փոխարեն կներգրավվի Շվեյցարիան։ Մայիսին Շվեյցարիայում կազմակերպված կոնֆերանսը լայն արձագանք էր ստացել։ Ոմանց կարծիքով՝ շվեյցարական նախաձեռնությունը պարունակում էր հենց այդ ակնարկը, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո այս երկիրը Արցախի թեման դարձնելու է միջազգային օրակարգի հարց, ստանալով Ֆրանսիայի և ԵՄ համայնքի աջակցությունը։ Այսինքն՝ հնարավոր է, որ եվրոպական հարթակներում առաջիկայում կընդունվեն արցախահայերի վերադարձի մասին կարևոր փաստաթղթեր, Ադրբեջանին կպարտադրվի ապահովել Արցախ հայերի վերադարձը, իսկ նրանց իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունն կստանձնեն միջազգային կառույցները։

Վերջին շրջանում նկատելի սրվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունները, աղմկահարույց սպանություններ, ձերբակալություններ են տեղի ունենում։ Որոշ վերլուշաբաններ կարծիք են հայտնում, թե Մոսկվան զղջում է Արցախի զավթման ու հայաթափման հարցում Ադրբեջանին աջակցելու համար։ Կրեմլին չի հաջողվում նաև Ադրբեջանին դրդել կրկին պատերազմ սկսել Հայաստանի դեմ, զավթել Մեղրին, միջանցք բացել և այն հանձնել ռուսների վերահսկողությանը։ Եվ եթե այս իրավիճակում միջազգային օրակարգ մտնի Արցախ հայերի վերադարձի հարցն, ապա ռուսները կփորձեն ֆրանսիացիներից ու շվեյցարիացիներից առաջ ընկնել ու իրենք ստանձնել արցախահայերի վերադարձի, նրանց իրավունքների ու անվտանգության պաշտպանության պատասխանատվությունը։ Այս առումով՝ չի բացառվում, որ առաջիկայում Մոսկվան կբարձրացնի այս թեման։

ԱՄՆ-ը ևս ձգտում է իր ազդեցությունը մեծացնել տարածաշրջանում։ Երբ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս հայտնեց, որ շուտով կստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, տպավորություն ստեղծվեց, թե Աբու Դաբիում բանակցությունները կազմակերպվել են ԱՄՆ ջանքերով, և ԱՄՆ-ն էլ լինելու համաձայնագրի երաշխավորը։ Այս դիրքը կարող է ԱՄՆ-ին իրավունք վերապահել նաև առաջ մղելու Արցախի հայերի վերադարձի թեման։

Տարածաշրջանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ազդեցությունն ամրացնելու առումով լավ հարթակ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը։ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ կատարելու է Բաքվի պահանջը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին։ ԱՄՆ-ն ու Ֆրասիան, հավանաբար, չեն հաշտվի այս լուծարման հետ և կփորձեն այլ կերպ ամրանալ տարածաշրջանում։ Այս առումով՝ Արցախից բռնի տեղահանված հայերի վերադարձի թեմայով նրանք գուցե կփորձեն վերահաստատվել այստեղ, մանավանդ, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան բազմիցս են անդրադարձել խնդրին, պաշտպանելով արցախահայերի վերադարձի իրավունքը։

Կարճ ասած՝ եթե ռուսների հետ կապված թերահավատություն կա պայմանավորված 2020-2023-ին նրանց հակահայ քայլերով, ապա չի բացառվում, որ առաջիկայում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի աջակցությամբ հարցն արդար լուծում կստանա, ու Արցախը նորից հայկական կդառնա։ Այս պարագայում անհրաժեշտ է, որ ՀՀ իշխանությունը պարզապես սեղմի Շվեյցարիայի, Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի մեկնած ձեռքը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
19:07 Թուրքական ընկերությունները 5 մլրդ դոլարի նախագծեր են իրականացնում Ղարաբաղում