Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ ՌԴ-ն կողջունի, եթե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Աբու Դաբիում համաձայնության գան խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ, քանի որ դա խաղաղություն և կայունություն կբերի տարածաշրջանին։ Պեսկովի այս հայտարարությունը Հայաստանում իրարամերժ գնահատականների արժանացավ․ փորձագիտական և քաղաքական շրջանակների մի մասը սա որակեց որպես կառուցողական դիրքորոշման դրսևորում, սակայն մյուս մասն էլ պնդեց, որ Մոսկվան համակերպվում է տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունների հետ։
Ներկայումս խաղաղության պայմանագրի ձևաչափն ու միջնորդներն այլ են, ինչը նշանակում է, որ Մոսկվան դուրս է մղվել գործընթացից։ Եթե բանակցությունները տեղի են ունենում առանց Ռուսաստանի մասնակցության, և Մոսկվան միայն արձագանքում է՝ ողջունելով, ապա սա ակնհայտ կորուստ է Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքականությունում, որտեղ վերջինս ավանդաբար մեծ դերակատարում է ունեցել։
Միևնույն ժամանակ, Մոսկվան հասկանում է, որ բացահայտ խոչընդոտելը կարող է բումերանգի էֆեկտ ունենալ։ Ուկրաինայում խրված Ռուսաստանն այժմ չունի բավարար քաղաքական կամ տնտեսական ռեսուրս՝ Հարավային Կովկասում գործընթացները պահելու կամ վերահսկելու համար։ Նման պայմաններում ավելի խելամիտ է հայտարարությունների մակարդակում չեզոքություն ցուցաբերել՝ հույս ունենալով, որ եթե պայմանագիր կնքվի, Կրեմլն էլ հետագայում կկարողանա ինչ-որ կերպ ներգրավվել դրա գործարկման փուլում։
Ուշագրավ է, որ հենց այս ֆոնին Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն հանդիպում են ունեցել՝ Կուալա Լումպուրում՝ քննարկելով Ուկրաինայի, Իրանի, Սիրիայի և այլ միջազգային ճգնաժամերի կարգավորումը։ Թեև պաշտոնական հայտարարությունն այս հանդիպումը որակում է որպես «մտքերի անկեղծ և առարկայական փոխանակում», նման հանդիպումները հաճախ վկայում են թաքուն փոխըմբռնման ձևավորման մասին։ Պետք չէ բացառել, որ նրանց միջև պայմանավորվածություն է կայացվել նաև Հարավային Կովկասում ձևավորվող նոր իրավիճակի շուրջ, որի մասին կողմերը դեռ չեն բարձրաձայնում։
Հարցը, սակայն, մնում է բաց. արդյոք Ռուսաստանը իսկապես համաձայնեցրե՞լ է Արևմուտքի հետ խաղի կանոնները, թե՞ պարզապես արձանագրում է իր ազդեցության նվազումը։ Դատելով հայտարարությունների զգուշավոր տոնից՝ ավելի հավանական է երկրորդ տարբերակը․ Ռուսաստանը չի այս գործընթացի նախաձեռնողը, և ոչ էլ իրական միջնորդը, բայց Մոսկվան հրաժարվում է ընդդիմանալ դրան, որպեսզի չխորացնի իր մեկուսացումը։
Այսպիսով՝ այս ամենի ֆոնին կարող ենք եզրակացնել, որ եթե Աբու Դաբիում իսկապես պայմանագիր ստորագրվեր, ապա Մոսկվան կփորձեր ոչ թե կասեցնել գործընթացը, այլ հետագայում ազդել դրա իրագործման ընթացքի վրա, որպեսզի տարածաշրջանում առնվազն պահպանի իր ներկայությունը։ Փաստացի այս փուլում մենք ականատես ենք դիվանագիտական նոր հավասարակշռության ձևավորմանը, որին Մոսկվան փորձում է հարմարվել։
Այս ֆոնին ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանի հայտարարությունը, թե «սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը», բացահայտում է իշխանության կեղծ օրակարգը։ Երկար ժամանակ հայտարարելով, որ «միջանցք չի լինելու», և շեշտելով ինքնիշխանության անսակարկելիությունը՝ այժմ նույն իշխանությունն, ըստ էության, ընդունում է վերահսկողության փոխանցման հնարավորությունը։ Սա ոչ թե սկզբունքների պաշտպանություն է, այլ նրանց հերթական սուտը։ Ստացվում է, որ ամբողջ այս ընթացքում իշխանության հիմնական մտահոգությունը ոչ թե Հայաստանի շահերի պահպանումն էր, այլ՝ գործընթացը ռուսական հարթակից դուրս բերելը՝ անկախ դրա գնից և հետևանքներից։
Հարցը, որն այս պահին ամենաշատը պետք է հետաքրքրի հայ հանրությանը, այն է՝ եթե Ռուսաստանն իսկապես դուրս է մղվում տարածաշրջանից, ապա ով է փոխարինելու վերջինիս և լցնելու այն վակումը, որն առաջանալու է դրանից հետո։ Ինչպես արդեն նկատելի է՝ ՌԴ-ի տեղը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Հայաստանում, քայլ առ քայլ զբաղեցնում է Թուրքիան՝ թե՛ որպես վերահսկող միջնորդ, թե՛ որպես «խաղաղության հովանավոր»։
Կարճ ասած՝ իշխանությունը ոչ թե չեզոքացնում է սպառնալիքները, այլ թելում է Թուրքիայի թելը․․․
Փայլակ Չոբանյան