Արցախյան առաջին պատերազմից հետո ամեն կերպ փորձ արվեց նսեմացնել Շարժման ու պատերազմի ընթացքում նշանակալի գործունեություն ծավալած որոշ երևելի գործիչների ներդրումը, լռության գիրկն ուղարկել նրանց․ Սամվել Աղայան, Հակոբ Խաչատրյան, Սերժիկ Գրիգորյան, Նորայր Դանիելյան, ինչու չէ՝ անգամ՝ Իգոր Մուրադյան և Աշոտ Բեկոր։
Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար Նորայր Դանիելյանը զոհվեց 1993 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի մոտ, երբ իր հրամանատարական «Նիվա»-ով Ստեփանակերտից մեկնում էր Դրմբոն, որտեղ տեղակայված էր Մարտակերտի պաշտպանական շրջանի շտաբը։
Զոհվեց, իհարկե, ոչ թշնամու արձակած գնդակից, ինչպես և, ի դեպ, Լեոնիդ Ազգալդյանն ու Աշոտ Բեկորը։
Ծնվել է Նորայր Դանիելյանը 1967 թվականի օգոստոսի 1-ին՝ Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ գյուղում։
1984 թվականին ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետ՝ ավարտելով այն 1989-ին։
1990-ին մեծապես նրա ջանքերով վերակառուցվել է Ջանյաթաղի դաշտային օթևանը, և հիմնադրվել Քաջավան գյուղը։ Նույն տարվա հոկտեմբերի 4-ին ձերբակալվել է ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից և տարվել Շուշիի բանտ, որտեղից, այնուհետև, Բաքվի բանտ։
1992-ի ապրիլին փոխանակվել է ադրբեջանցիների հետ և ազատ արձակվել, ընտրվել Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար:

Մասնակցել է Մարտակերտի ինքնապաշտպանական, Քելբաջարի ու Կուբաթլուի ազատագրական մարտերին։
1993-ից Արցախի Գերագույն խորհրդի պատգամավոր էր։
Ուներ փոխգնդապետի կոչում։
Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։
Նորայրն էլ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի այն ոսկե սերնդից էր, որ հաղթական պատերազմի ժամանակ մեծ դերակատարություն ունեցավ․ Վարդան Ավետիսյան, Հայկ Աղաբեկյան, Մերուժան Մոսիյան, Աշոտ Պողոսյան, Գագիկ Մարտիրոսյան, Մասիս Սուլեյմանյան, Արթուր Մոսիյան․․․
Ու նրանցից ամենամեծ պատասխանատվությունը հենց Նորայրի ուսերին էր՝ նա մի ողջ պաշտպանական շրջանի՝ այն էլ Արցախի ամենամեծ շրջանի հրամանատարն էր ու փաստացի ղեկավարը և, իմ խորին համոզմամբ, թող ներվեմ, բոլոր ՊՇ հրամանատարներից միակը, ով խորապես հասկանում էր, թե ինչ է անում։
Ու եթե ոմանք ճիշտ չհամարեն այսպես արտահայտվելը, ասենք, որ իրերն իրենց անուններով անվանելու ժամանակը վաղուց է եկել, և արդեն այն ժամանակ էլ հրամանատարական բարձր պաշտոնը, եթե ոչ առաջին հերթին, ապա, առնվազն, անփոխարինելի լծակ էր, ինչը հստակ երևաց Գորիսում և էլի շատ այլ վայրերում։ Եվ միշտ չէ, մեղմ ասած, որ ամբողջ պաշտպանական շրջաններ ղեկավարող հրամանատարներն անբասիր և օրինակելի էին։ Գոնե, բավարար չափով։
Նորայրի պարագան այլ էր, ինքը խորապես գաղափարի մարդ էր։ Իրեն շատ մոտիկից եմ ճանաչել, ավելին՝ ընկերություն ենք արել:

Հայրենիքի տեսլականը նրա համար Արցախով չէր սահմանափակվում, նա ամբողջական, պատմական Հայաստանի տեսլականը փայփայողներից էր դեռ այն ժամանակ, երբ դեռ Շարժումը չէր էլ սկսվել։
Նորայրը սիրում էր կրկնել՝ «Առանց Մարտակերտի՝ չկա Արցախ, առանց Արցախի՝ չկա Հայաստան, առանց Հայաստանի՝ չկա հայ ազգ»:
Ու նաև, լինելով Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատարը, նա զուգահեռաբար շրջանի այլ խնդիրներով էր հասցնում զբաղվել։
Իմ նախորդ հրապարակումներից մեկում ես նշել էի, որ 80-ականների երկրորդ կեսի Ստեփանակերտն ու, ընդհանրապես, Արցախը մի տեսակ եռում էին հայրենասիրությամբ, ինչն արդեն պարզորոշ էր երևում։
Ձևավորվել էր մի սերունդ, որն, անշուշտ, վճռորոշ դերակատարություն պիտի ունենար մեծ գործում։ Նշել եմ նաև, որ պատերազմի ժամանակ ստեփանակերտցի տղաներ կային, որ զոհվեցին միայն այն պատճառով, որ չէին ուզում, պարզապես չէին կարող իրենց թույլ տալ մարտի դաշտում սողեսող գնալ։ Հստակ գաղափարական համոզմունքի տեր, հրաշալի սերունդ կար։ Նորայրն այդ սերնդի պայծառ ներկայացուցիչներից էր, ինչը, այ, չեմ կարող պնդել շատ այլ հրամանատարների պարագայում։
Նորայրը շատ ուշադիր ու բարեխիղճ էր և՛ իր, և՛ շրջապատի նկատմամբ։ Լինելով գյուղից եկած տղա՝ նա միշտ էլ առանձնանում էր բոլորի մեջ՝ միշտ կոկիկ հագնված, միշտ բարեկիրթ ու քաղաքավարի։ Լայն մտահորիզոն ու նույնպիսի շրջապատ ուներ, առնձնանում էր առաջնորդին բնորոշ անուրանալի հատկանիշներով․ ցանկացած պարագայում պատրաստ էր ստանձնել պատասխանատվությունը։ Լայնախոհ էր ու նախաձեռնող․ եթե կենցաղում, ընկերական շրջապատի մեջ ազատ ինքնադրսևորվելու համար միջոցներ հայթայթելու համար անհրաժեշտ լիներ, ծանր աշխատանք էլ կկատարեր, միայն թե ծնողներին նեղություն չպատճառեր։ Հպարտ էր, բայց ոչ երբեք գոռոզ։ Ու արդեն այն տարիներին պարզորոշ երևում էր՝ ինքը ներքուստ համոզված էր, որ առաքելություն ունի, և այդ առաքելությունը սեփական ժողովրդի ու հայրենիքի հետ էր կապված, ու եթե ավելի մասնավորենք՝ հայրենի Մարտակերտի, որի ազատագրումն ու բարեկեցությունն իր նվիրական երազանքն էին․ «Առանց Մարտակերտ՝ չկա Արցախ, առանց Արցախ՝ չկա Հայաստան, առանց Հայաստան՝ չկա հայ ազգ»,-ասել է մի առիթով
(լուսանկարում՝ Նորայր Դանիելյանն ու Աշոտ Մինասյանը) Նուրբ հումորն էլ խորթ չէր նրան։ Հիշում եմ՝ 1993-ի օգոստոսի կեսերն էին․ այցելել էի իրեն Դրմբոնում։ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կիմ Բալայանի հոր՝ Գաբրիելի (մարտակերտցիները լավ կհիշեն՝ Կափրիի) մոտ սեղան էր պատրաստվել, որին ներկա էին նաև հետագայում հայտնի այլ հրամանատարներ։
Ինչ-որ բանից էինք խոսում, որ կապված էր Մարտակերտի շրջանի ապագայի հետ։ Ես իմ կարծիքն արտահայտեցի, որ ամբողջովին չէր համընկնում նրա կարծիքի հետ։
Փայլեց իր հայտնի լայն ժպիտով ու ասաց․
-Կարեն ջան, դու ինձ հիմա բացատրում ես, թե ինչպես են մեխին խփում, բայց ես հենց դա եմ անում։ Հիմա պլոտնիկ եմ,- ասաց, ու բոլորով լիաթոք ծիծաղեցինք։
Լինելով ընդգծվածորեն արժանապատիվ ու պատվախնդիր՝ Նորայր Դանիելյանը բավականին անկախ մարդ էր և շատ հաճախ է միանձնյա որոշումներ կայացրել, որոնք, կարելի է ասել (այդ մասին վկայել են նաև ժամանակակիցները), միշտ էլ հավասարակշռված էին։ Ու ժամանակի հետ իշխող քաղաքական թիմի հետ տարաձայնությունները խորացան։ Ամեն ինչին գումարվեց նաև այն հանգամանքը, որ 1993 թվականի հուլիսի 23-ին մասնակցեց Երկրապահ կամավորական միության առաջին համագումարին․․․
Կարեն Միրզոյան
Շարունակելի
Նախորդ ակնարկը՝ այստեղ: