Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։
Այսօր ուսումնասիրել ենք Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի և նրա հետ բնակվող մյուս չափահաս անձանց՝ Ենոք, Լաուրա և Շողիկ Անդրեասյանների հայտարարագիրը։
Որպես անշարժ գույք՝ Խաչատուր Անդրեասյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ հողին ամրակայված 2 անշարժ գույք և բազմաբնակարան շենքում գտնվող ոչ բնակելի տարածք՝ Սյունիքի մարզի Ագարակ համայնքում, որոնք ձեռք է բերել 2005 թվականի մարտի 2-ին և 2007 թվականի նոյեմբերի 21-ին։
Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։ Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2006 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2008 թվականի մայիսի 17-ին։ Այս մեքենան ևս տարեվերջին պահպանվել է։ Անդրեասյանի բանկային հաշիվներն ամբողջ տարի դատարկ են եղել։
Կանխիկ միջոցներ ևս Մեղրիի համայնքապետը չի հայտարարագրել։ Վերջինիս տարեկան եկամուտը կազմել է 2 մլն 648․928 դրամ, որը Մեղրիի համայնքապետարանից ստացած աշխատավարձն է։ Համայնքապետի կինը՝
Շողիկ Անդեասյանը, ոչինչ չի հայտարարարգրել․ շարժական և անշարժ գույք, կանխիկ և անկախնիկ միջոցներ, եկամուտներ։
Լաուրա Անդրեասյանը, ով հավանաբար համայնքապետի մայրն է, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ առանձնատուն և հողամաս՝ Մեղրիում, որոնցից առաջինը ժառանգություն է ստացել 2005 թվականի մարտի 18-ին, մյուսը՝ ձեռք բերել 2007-ի հունիսի 30-ին։
Տարեվերջին նրա գույքը նույնությամբ պահպանվել է։ Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։ Լաուրա Անդրեասյանը կանխիկ և անկանխիկ միջոցներ, ինչպես նաև եկամուտներ չի հայտարարագրել։
Մեղրիի համայնքապետի որդին՝ Ենոք Անդրեասյանը, անշարժ գույք չի հայտարարագրել։ Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2007 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2023 թվականի փետրվարի 27-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։
Ենոք Անդրեասյանի բանկային հաշիվներն ամբողջ տարի դատարկ են եղել։ Նա ունեցել է 120 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջի դրությամբ զրոյացել է։ Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 1 մլն 258․573 դրամ, որը «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ից ստացած աշխատավարձն է։