Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։
Այսօր ուսումնասիրել ենք Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանի, նրա կնոջ՝ Ռոզա Թորոսյանի և վերջիններիս հետ բնակվող համատեղ անձանց՝ Արարատ Ադամյանի և Ֆլորա Թուխտարյանի՝ 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրերը։
Նշենք՝ Վազգեն Ադամյանը Ճամբարակը ղեկավարում է 2017 թվականից։ Նա 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում, որոնց մասնակցում էր «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության համամասնական ցուցակով, վերընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում։ Ուշագրավ է, որ Ճամբարակում ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել միայն «Դեմոկրատական այլընտրանք»-ը, թեկնածու չէր առաջադրել անգամ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր»-ը։
Որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 2 հողամաս՝ Ճամբարակ և Շորժա համայնքներում, միանձնյա սեփականությամբ 2 հասարակական նշանակության շինություն՝ Ճամբարակում, ինչպես նաև համատեղ սեփականությամբ առանձնատուն՝ Ճամբարակում, որոնք ձեռք է բերել 2005-2021 թվականներին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, ինչպես նաև կանխիկ և անկանխիկ միջոցներ Վազգեն Ադամյանը չի հայտարարագրել։
Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 4 մլն 464.914 դրամ, որը Ճամբարակի համայնքապետարանից ստացած աշխատավարձն է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 մլն 614 հազար դրամ։
Համայնքապետի կինը՝ Ռոզա Թորոսյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 հողամաս՝ Ճամբարակում, որը տարեվերջին պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, ինչպես նաև կանխիկ և անկանխիկ միջոցներ համայնքապետի կինը չի հայտարարագրել։
Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 1 մլն 50 հազար դրամ, որը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացած միանվագ վճարն է։
Վերջիններիս հետ համատեղ բնակվող Արարատ Ադամյանը, ով հավանաբար համայնքապետի հայրն է, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ բնակարան՝ Երևանում, ինչպես նաև համատեղ սեփականությամբ առանձնատուն՝ Ճամբարակում, որոնք ձեռք է բերել համապատասխանաբար 2016 և 2006 թվականներին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը պահպանվել է։
Որպես շարժական գույք՝ Ադամյանը հայտարարագրել է 1987 թվականի արտադրության KAMAZ մակնիշի բեռնատար, որը ձեռք է բերել 2019 թվականի փետրվարի 13-ին։ Տարեվերջին այս բեռնատարը պահպանվել է։
Արարատ Ադամյանը ևս կանխիկ և անկանխիկ միջոցներ չի հայտարարագրել։
Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 2 մլն 333.880 դրամ, որից 1 մլն 757.880 ՀԷՑ-ից ստացած աշխատավարձն է, 576 հազար դրամը՝ Սոցապ նախարարությունից ստացած կենսաթոշակը։
Ընտանիքի մյուս անդամը՝ Ֆլորա Թուխտարյանը, ով հավանաբար համայնքապետի մայրն է, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է Ճամբարակում գտնվող առաձատունը, որին տիրապետում է համատեղ սեփականությամբ։ Տարեվերջին այս առանձնատունը պահպանվել է։
Թուխտարյանը շարժական գույք՝ ավտոմեքենա, կանխիկ և անկանխիկ միջոցներ չի հայտարարագրել։
Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 1 մլն 985.233 դրամ, որից 1 մլն 169.233 դրամը Ճամբարակի թիվ 4 միջնակարգ դպրոցից ստացած աշխատավարձն է, 816 հազար դրամը՝ Սոցապ նախարարությունից ստացած կենսաթոշակը։