Մահացու սպառնալիք Փաշինյանի իշխանության համար
copy image url

Մահացու սպառնալիք Փաշինյանի իշխանության համար

Ներքին Միտք 4 ժամ առաջ - 16:33 04-05-2025
Նիկոլ Փաշինյանի կառավարությանը վատ ժամանակներ են սպասվում։ Տնտեսական, սոցիալական ու բյուջետային իրավիճակը Հայաստանում գնալով լարվում է։

Սպասվող ընտրություններից առաջ սա ծանր հարված է լինելու իշխող վարչախմբին։ Որքան էլ նրանք մասնագիտացված են հասարակությանը մանիպուլացնելու ու կեղծիքներով իրավիճակը շուռ տալու մեջ, հիմա դա այնքան էլ հեշտ չի լինելու։

Տնտեսական ակտիվությունը Հայաստանում վերջին տարիների ամենացածր մակարդակի վրա է։

Առաջին եռամսյակում աճը կազմել է ընդամենը 4,1 տոկոս, այն էլ՝ նախորդ շրջանի որոշ ցուցանիշներ «վերաիմաստավորելուց» հետո։ Մասնավորապես՝ վերանայել են փետրվար ամսվա տվյալները։ Ի սկզբանե՝ պաշտոնական վիճակագրությունը փետրվարի տնտեսական ակտիվությունը գնահատել էր 1,5 տոկոս։ Մարտին վերանայել է ու դարձրել 1,8 տոկոս։

Սրա արդյունքում էլ հնարավոր է դարձել խուսափել տնտեսական ակտիվության ավելի ցածր մակարդակ արձանագրելուց։ Բայց դա էլ փրկություն չէ։ Տնտեսության ամենակարևոր և առանցքային հատվածը խոր անկման մեջ է։ Խոսքն արդյունաբերության մասին է, որտեղ առաջին եռամսյակում 18,5 տոկոս անկում է գրանցվել։

Արտաքին առևտրի ոլորտում անկումը շատ ավելի անհանգստացնող տեմպերի է հասել՝ գերազանցել է 54 տոկոսը։

Կրճատվել է հատկապես արտահանման շրջանառությունը։ Նախորդ տարվա համեմատ անկումը հասնում է 62 տոկոսի։ Ներմուծումը նվազել է 48 տոկոսով։

Էապես ընկել է նաև ներքին առևտրի աճի տեմպը։

Տնտեսական աճի հետ կապված՝ կառավարության հիմնական հույսը մնացել է ծառայություններն ու շինարարությունը։

Իշխանության դեմքը փրկելու համար տարեսկզբին բարձր աճ են արձանագրել նաև գյուղատնտեսության ոլորտում, որը, սակայն, շատ կասկածելի է։ Եթե գյուղատնտեսությունն այդպիսի բարձր տեմպերով աճել է, ինչո՞ւ են գյուղմթերքներն այդքան կտրուկ թանկացել, հատկապես՝ բանջարեղենը, որն այս սեզոնի հիմնական գյուղմթերքն է։ Արտադրության ծավալների ավելացումը ենթադրաբար պիտի հանգեցներ գների նվազման կամ գոնե չբարձրացման։ Բայց, ինչպես փաստում են նույն պաշտոնական վիճակագրության տվյալները, այս տարի դրանք անհամեմատ թանկ են։

Մարտին բանջարեղենի գնաճը հասել է 21 տոկոսի։ Առանձին գյուղմթերքներ թանկացել են ընդհուպ 50-60 տոկոսով։ Ու այն, որ այսպիսի պայմաններում պաշտոնական վիճակագրությունն առաջին եռամսյակում գյուղատնտեսության մեջ 10,5 տոկոս աճ է գրանցել, բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Թանկացումների շղթան, իհարկե, միայն գյուղմթերքներով չի սահմանափակվում։ Եվ միայն գյուղմթերքների գներով չէ, որ քաղաքացիները զգում են թանկացումների ազդեցությունն իրենց սոցիալական վիճակի վրա։

Գնաճը Հայաստանում ակտիվացել է։ Բազմաթիվ, առավելապես լայն սպառման ապրանքների գներ էապես բարձրացել են՝ մեծացնելով սոցիալական լարվածությունը։ Հատկապես այն քաղաքացիների շրջանում, որոնց եկամուտները չեն ավելացել։ Չէին ավելացել նաև նախորդ տարի։ Եվ այս մարդիկ իրենց վրա մեծապես կրում են գնաճի ակտիվացման ազդեցությունը, որը մեղմելու ուղղությամբ՝ իրենց կյանքը կարճ ժամանակահատվածում բարելաված ու հիմա արդեն այլ իրականության մեջ ապրող ՔՊ-ականների իշխանությունը մտադիր էլ չէ քայլեր ձեռնարկել։

Թեև ի՞նչ քայլերի մասին կարող է խոսք լինել, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ հենց իշխանության քաղաքական վերնախավն է այնպես արել, որ հասարակ ժողովուրդը սոցիալապես ավելի վատ վիճակում հայտնվի։ Մի կողմից՝ հարյուր-հազարավոր քաղաքացիների, առանց այդ էլ՝ ցածր եկամուտները չեն ավելացրել, մյուս կողմից՝ այնքան են ծանրացրել հարկային բեռը, որ ակտիվացրել են գնաճն ու նպաստել համատարած թանկացումներին։

Քաղաքացիների վրա ֆինանսական ճնշումը միայն սրանից չէ, որ մեծացել է, նաև ուղղակի հարկային բեռ են ավելացել՝ գույքահարկի, հազար ու մի վճարների, ծառայությունների գների բարձրացման միջոցով։

Այս ամենը սրել է Հայաստանում սոցիալական իրավիճակը, որը գնալով խորանում է։ Սպասվող ընտրություններից առաջ սա մահացու սպառնալիք է ՔՊ-ականների իշխանության համար։ Ինչքան էլ փորձեն բյուջեի փողերն աջ ու ձախ շաղ տալ, ընտրակաշառք բաժանել, դա էլ նրանց չի փրկի։
Հատկապես որ, բյուջեի վիճակն էլ մի վիճակ չէ։ Բյուջեն էլ փողի խնդիր ունի։

Նախորդ տարվա հսկայական թերակատարումից հետո, այս տարի էլ բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումը հարցականի տակ է։ Թեպետ հարկայինը փորձում է տպավորություն ստեղծել, որ ամեն ինչ կարգին է, հարկերը նորմալ հավաքվում են, նույնիսկ գերակատարվում, իրականությունը բոլորովին այլ է։ Մարտին ունեցանք իրավիճակ, երբ հավաքված հարկերը նույնիսկ մի քանի միլիարդ դրամով քիչ էին, քան անցած տարի։ Մուտքերի նվազում արձանագրվեց, ինչը լուրջ ահազանգ է իշխանությունների համար։

Եթե այդ միտումը պահպանվի նաև հետագայում, ինչի հավանականությունը շատ մեծ է, հայտնվելու են անհարմար դրության մեջ։ Զարմանալի չէ, որ արդեն անհանգիստ են, այլ միջոցներ են փնտրում՝ բյուջեում սպասվող բացը լրացնելու համար։ Նույնիսկ խտրականություն չեն դնում միջոցների մեջ։ Գերթանկարժեք պարտքեր են ավելացնում բյուջեի վրա։

Եվրոպարտատոմսեր թողարկեցին ու չնայած դրանց չափից դուրս բարձր գնին, պահանջարկից նույնիսկ մի քանի հարյուր միլիոն դոլար ավելի պարտք վերցրեցին։ Բյուջեով չէին պլանավորել, որ այդ փողը պիտի վերցնեն, բայց վերցրեցին, որովհետև մտահոգված են հարկերի հավաքմամբ։ Այս գլխից փորձում են իրենց ապահովագրել։ Ու հույսը կրկին պարտքերն են, որոնք վերջին տարիներին հասցրել են կատաստրոֆիկ տեմպերով ավելացնել։

7 տարում 7 մլրդ դոլարի պարտք են կուտակել ու այդքանից հետո ո՛չ տնտեսությունն են զարգացրել, ո՛չ նոր արտադրություններ են ստեղծել, ո՛չ տնտեսության պոտենցիալն են ավելացրել, ո՛չ հասարակ քաղաքացու սոցիալական վիճակն են լավացրել, և ո՛չ էլ երկրի անվտանգության ու պաշտպանության խնդիրներն են լուծել։ Պարտքերի հաշվին՝ քաղաքական դեմագոգությամբ են զբաղվել ու խաբել հասարակությանը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ


Ամենից շատ դիտված