Ուղիղ եթեր
Քանի՞ պաշտոնյա կվիրավորվի «տգետ» բառից ու հրաժարական կտա
copy image url

Քանի՞ պաշտոնյա կվիրավորվի «տգետ» բառից ու հրաժարական կտա

Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 09:05 11-04-2025
Լուսավորության դարաշրջանում տգիտությունը համարվում էր չարիք։ Պարտադիր ուսուցման ներդրումից հետո «տգետ» բառը վիրավորանք է։ Իսկ քաղաքական պաշտոնյայի տգետ լինելն ազգային անվտանգային խնդիր է, որովհետև նրա սխալվելու հետևանքով կարող են տուժել պետությունն ու ժողովուրդը։

«Մենք ենք էդ մարդկանց առաջնորդում դեպի աղքատություն և տգիտություն: Մարդիկ գիտելիքի պակաս ունեն, որովհետև մենք տգետ ենք»,- այսօր Կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչո՞ւ է Փաշինյանն այսպիսի վիրավորական բան վերագրում իրեն, կառավարության անդամներին, ՔՊ-ական պաշտոնյաներին ու ժողովրդին։ Ի՞նչ է ակնկալում այդպիսի վիրավորանք հասցեագրելու արդյունքում։

Հանրային խոսույթում քննարկվող վարկածներից մեկով ենթադրվում է, որ այսպիսի ընդհանրական վիրավորանքով Փաշինյանը միտումնավոր գցեց ՔՊ-ի վարկանիշը։ Եթե մինչ այս պահը ընդդիմախոսները քննադատում էին ՔՊ-ին պարտությունների, թանկացումների, զիջումների և նման բաների համար, ապա դրանց ավելացավ նաև տգետ լինելը, որը նույնպես օգտագործվելու է ընտրարշավի ժամանակ ՔՊ-ի դեմ։ Մրցակիցները կոչ են անելու չընտրել ՔՊ-ին նաև այն բանի համար, որ ՔՊ-ական պաշտոնյաները տգետ են ու ժողովրդին տգետ են համարում։ Եվ այն ընտրողները, որոնք կվիրավորվեն «տգետ» բառից, որոնց համար կարևոր է պաշտոնյայի կիրթ լինելը, չեն ընտրի ՔՊ-ին։ Այսինքն՝ եթե առաջիկա ԱԺ ընտրություններից հետո հարց հնչի, թե ինչո՞ւ ՔՊ-ն քիչ քվե ստացավ ու պարտվեց, ապա մարդիկ կարող են հիշել, որ ՔՊ-ի վարկանիշն ընկավ, երբ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական բոլոր պաշտոնյաներին ու ժողովրդին տգետ որակեց։

Մեկ այլ վարկածով ենթադրվում է, որ այս վիրավորանքը «Կրթվելը նորաձև է» արշավին ավելի շատ վարչական ռեսուրս ու հետևորդ ներգրավելուն է ուղղված։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակում հանդիպումների ու բանախոսությունների շարք է անցկացնում Երևանում ու մարզերում։ Կասկած կա, որ այս հանդիպումների քողարկված նպատակը ավելի շատ մարդ հավաքագրելն է, որոնց կարող են հետո ներգրավել առաջիկա ԱԺ ընտրություններում։ Այս հանդիպումների մասնակիցների մեծ մասը ՔՊ-ական մանր ու մեծ պաշտոնյաներն են։ Իսկ քաղաքացիները դժկամությամբ են արձագանքում այս արշավին մասնակցելու հրավերներին, քանի որ ամաչում են, որ իրենց կարող են համարել տգետ, որն ուզում է կրթվել։

Նշենք, որ Փաշինյանի վերը բերված խոսքի նարատիվիային թիրախում մարզային պաշտոնյաներն են։ Ենթադրվում է, որ վերջիններս այս վիրավորական գրոհից հետո ամբողջ անձնական միջոցներով ակտիվորեն կլծվեն Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին։ Այսինքն՝ պաշտոնյաներին ու ժողովրդին «տգետ» որակելու ենթադրյալ քողարկված խնդիրն այն է, որ ավելի շատ պաշտոնյաներ ավելի կազմակերպված մասնակցեն «Կրթվելը նորաձև է» արշավին, ավելի շատ համակիրներ հավաքագրեն։ Եթե հավաքագրվողները ամաչեն, չուզենան խոստովանել, որ տգետ են, ապա պաշտոնյաները կարող են նրանց համոզել, որ իրենք էլ են տգետ, կառավարության անդամներն ու Փաշինյանն էլ մնացել են 1-ին դասարանում։

Կա նաև լավատեսական վակած։ Ենթադրվում է, որ որոշ պաշտոնյաներ կվիրավորվեն «տգետ» որակվելուց ու հրաժարական կտան։ Նկատենք, որ եթե ոչ մի պաշտոնյայի ինքնասիրությունը չխոցվի «տգետ» բառից, ու ոչ ոք հրաժարական չտա, ապա լուրջ խնդիրներ կծագեն։ «Տգետ» բառը կկորցնի վիրավորական իմաստը, մարդիկ չեն ամաչի տգետ լինելուց, ու տգետները կբազմանան, կրթական մակարդակը շեշտակի կընկնի, աղքատությունը, հանցագործությունը և սոցիալական մյուս չարիքները կաճեն։ Քանի՞ պաշտոնյա այս պարզ բանը կգիտակցի ու հրաժարական կտա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:44 Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 40 դրվագով
19:15 Առաջին անգամ էր, որ տնից դուրս էր եկել ու չէր վերադարձել. 3 օր անհետ կորած, 68-ամյա պապիկը գտնվել է մահացած
21:52 Իրականում 595.000 ստացող ուսուցիչը նույն 400.000 ստացող ուսուցիչն է. կրթության փորձագետ
18:38 Կրասարցիների մոտ վախի մթնոլորտ են ստեղծել, որ կոծկեն իրենց անգործությունը. շիրակցի ֆերմեր
22:45   Ոչ մի օր՝ առանց Արցախի. Իշխան Ավետիսյան․ Շարժման սևագործ բանվորն ու հայրենանվեր քաղաքացին
19:45 Դավաճանության խոստովանություն. եթե Արարատ Միրզոյանի նմանները չպատժվեն, ՀՀ-ի փլուզումն անխուսափելի է
23:23 Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս սոցիալական աջակցություն կստանան
21:26 «Չեմ վստահում» նախաձեռնության երիտասարդները փակել են Մյասնիկյան պողոտան
22:53 Սամվել Բաբայանը չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին․ հայտարարություն
22:38 Հայաստանի բարեխեղված Ոստիկանությունից հայտնում են, որ հաջողությամբ ավարտել են «Յանիչարը նորաձև է» օպերացիան. Արմեն Աշոտյան