Ուղիղ եթեր
Ներքին 35 րոպե առաջ - 15:44 05-11-2026

Հայկական երեք բուհերում կզարգացնեն ֆիզիկական արհեստական բանականությունը․ նախատեսվում է 4.8 մլրդ դրամի ներդրում

ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանում ֆիզիկական արհեստական բանականության (Physical AI) զարգացման 7-ամյա կրթական նոր ծրագիրը ՀՀ բուհերում ներդնելու որոշումը։

Ծրագիրը 2027-2028 ուսումնական տարվանից կներդրվի ԵՊՀ-ում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Հայաստանի ամերիկյան համալսարաններում՝ նպատակ ունենալով զարգացնել ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության ոլորտում միջազգայնորեն մրցունակ կրթական և գիտահետազոտական կարողությունները բարձրագույն կրթության երեք մակարդակներում (բակալավրիատ, մագիստրատուրա և դոկտորանտուրա)։

Հարցը Կառավարության նիստում զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ բուհերում կստեղծվեն ռոբոտաշինության լաբորատորիկաներ և արհեստական բանականության կենտրոններ։

«Ծրագրի 7-ամյա իրականացման արդյունքում ակնկալվում է ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտներում պատրաստել շուրջ 330 շրջանավարտ՝ բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի կրթական մակարդակներում։ Նախատեսվում է նաև ապահովել ավելի քան 20 գիտական հրապարակում, ստանալ առնվազն 2 գյուտի արտոնագիր, կազմակերպել 14 միջազգային գիտաժողով և աշխատաժողով՝ Հայաստանը դարձնելով այս ուղղությամբ միջազգային հետազոտական հարթակ»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը։

Նա տեղեկացրել է, որ կրթական նոր ծրագիրը նախատեսված է բուհերի դիմորդների, ինչպես նաև համապատասխան բազային կրթություն ունեցող ուսանողների համար։

Նախարարի խոսքով՝ նախատեսվում է ներգրավել առնվազն 3 երկարաժամկետ ավագ գիտնականի, ավելի քան 12 հետդոկտորական հետազոտողի և 60-ից ավելի կարճաժամկետ հրավիրյալ գիտնականի։

Կվերազինվի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի խելացի համակարգերի և առաջադեմ կառավարման լաբորատորիան՝ վերածվելով ֆիզիկական արհեստական բանականության հետազոտական լաբորատորիայի։

Ծրագիրը միտված է գիտության ոլորտում մասնավոր ներդրումների խթանմանը, բուհերում գիտահետազոտական գործունեության ընդլայնմանը և հայկական բուհերի միջազգային մրցունակության բարձրացմանը։

Ծրագրի 7-ամյա իրականացման համար նախատեսվում է շուրջ 4.8 մլրդ դրամի ընդհանուր ներդրում՝ պետություն-մասնավոր հատված համաֆինանսավորման սկզբունքով՝ Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) նախաձեռնությամբ հիմնադրված «բա-ԳԻՆ-Գիտությունների և արհեստական բանականության կենտրոն» հիմնադրամի (ARCS.ai) հետ համագործակցությամբ։

Նախարարը նաև նշել է, որ Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ մեկնարկային փուլի համար հատկացվել է 168.4 մլն դրամ ֆինանսավորում։

Այն հիմնականում կուղղվի գիտնականների վարձատրության բազային մասի ապահովմանը, իսկ մասնավոր հատվածի համաֆինանսավորումը հնարավորություն կտա ձևավորել միջազգային մակարդակում մրցունակ վարձատրության պայմաններ։ Հետագայում նախատեսվում է նաև ներգրավել միջազգային դրամաշնորհներ և նվիրատվական հիմնադրամի (էնդաումենթի) եկամուտներ։

Ծրագրի ընթացքն ապահովելու համար հաջորդաբար նախատեսվում է նաև շուրջ 484.2 մլն դրամի կապիտալ ներդրում՝ երկու ժամանակակից ռոբոտաշինական լաբորատորիաների ձևավորման և տեխնիկական հագեցման նպատակով։

Նախարարի տեղեկացմամբ՝ նախատեսվում է նաև ներկայացնել 10 և ավելի միջազգային դրամաշնորհային հայտ, ներգրավել առնվազն 2 խոշոր դրամաշնորհ՝ նպաստելով առնվազն 5 ստարտափ կամ սփին-օֆֆ ընկերության ստեղծմանը։

Նախաձեռնությամբ նաև տեխնոլոգիական համալսարանի հիմքն է դրվում, որը, ինչպես նախարարն է ասել, բուհական բարեփոխումների կարևոր թիրախներից է։

Անդրադառնալով ծրագրի ռազմավարական նշանակությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր ուղղություններից մեկը պետք է լինի գիտելիքի տնտեսականացումը։

«Պետք է ձգտենք Հայաստանում ունենալ այս ոլորտի արդյունաբերական հզորություններ կամ ձևավորել համապատասխան ներդրումների համար բարենպաստ միջավայր։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է զարգացնել գիտական և մասնագիտական կարողությունները, ինչին էլ ուղղված է այս ծրագիրը»,- նշել է վարչապետը։

Կառավարության ղեկավարը կարևորել է նաև բուհերում ժամանակակից հետազոտական լաբորատորիաների ձևավորումը և սփյուռքի գիտական ներուժի ներգրավումը՝ ընդգծելով Հայաստանը ֆիզիկական արհեստական բանականության ոլորտում ներդրումների համար գրավիչ դարձնելու հեռահար նպատակը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին