Միտք Ներքին 1 տարի առաջ - 18:18 06-04-2025

Ավելորդ է վաղաժամ ոգևորվել իշխանական ուժի պարտություններով. Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տեղական ինքնակառավարման մարմինները ունեն իրենց բաժին դերակատարումը պետական կառավարման մեխանիզմներում և քաղաքական գործընթացներում: Յուրաքանչյուր պետության պետական քաղաքական իրողություններով պայմանավորված այդ դերակատարումը տարբեր աստիճանի ազդեցություններ ունի: Հայաստանում խիստ բևեռացված մոտեցումներ կան: Ոմանք համայնքային ավագանու և համայնքապետերի ընտրությունները համարում են խիստ կարևոր, ոմանք էլ նսեմացնում են դրանց նշանակությունը: Իսկ իրականում ինչպիսին է իրավիճակը մեզ մոտ: Համայնքապետերի իշխանամետ լինելն անհրաժեշտ է մեծամասամբ տեղերում համապետական ընտրությունների ժամանակ ընտրողների քաղաքական վարքը վերահսկելու, կողմ ընտրազանգվածի քանակը ավելացնելու համար: Եթե մեծ երկրներում, որտեղ հիսունից հարյուր միլիոն մարդ է քվեարկում, նշվածը բարդագույն կամ անհնար իրականանալի գործ է, ապա յոթ ութ հարյուր հազար ընտրազանգվածի դեպքում դա դառնում է վճռորոշ, որովհետև փոքր պետություններում վարչական ռեսուրսն ու լծակները հետխորհրդային ժամանակաշրջանում միշտ վճռորոշ են եղել: Այստեղից էլ մթնոլորտի շիկացումը և պայքարի թեժացումը ՏԻՄ ընտրություններում: Զարգացման ծրագրեր, մանկապարտեզ/դպրոցներ, ճանապարհներ, ասֆալտապատում և նմանատիպ թեմաներով քարոզչական աղմուկը, թեկնածուների ամպագոռգոռ ելույթները հայրենիքը փրկելու մասին, քող են իրականությունը թաքցնելու համար: Միաժամանակ ավելորդ է վաղաժամ ոգևորվել իշխանական ուժի պարտություններով, ուժային, դատական և պատժիչ/վերահսկիչ կառույցներին տիրապետող գործադիր իշխանությունն ունի հազար ու մեկ լծակ և հնարավորություն անհնազանդ համայնքապետին ծնկի բերելու համար: Արդեն մի տասնյակից ավելի օրինակներ ունենք:

Անբնական է նաև մարզպետ-համայնքապետ հարաբերությունների վիճակը: Մարզպետը, պարզ է, որ իշխանության նշանակովի պաշտոնյան է, ընդդիմադիր համայնքապետը ընտրված է և ունի առաջնային քվե: Քաղաքական հակառակորդները ձգտում են վարկաբեկել մեկը մյուսին: Կառավարումը վերածվում է անհանդուրժողականության թատրոնի, ձախողումները վերագրում են մեկը մյուսին, խնդիրները չեն լուծվում, հաջողությունների ժամանակ նորից քաշքշուկ է, հեղինակային իրավունքի համար: Հայաստանի քաղաքացու նյարդերն էլ քարից չեն: Մարդիկ հիասթափվում են, հոգնում են, հակակրանք ունեն անվերջ փրկիչների, ազգասեր-հայրենասերների այս անբովանդակ մրցավազքից: Այստեղից էլ քաղաքական ապատիան, մերժողականությունն ու ցածր մասնակցությունը ընտրություններին: Երկրի առջև ծառացած անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերները հաղթահարելուն ուղղված իրատեսական գործողությունների փոխարեն ականատեսն ենք «Պոզեր և կճղակներ» կուսակցությունների քաղաքական լուրջ մենամարտերի, ով ում մարդն է, ում շպիոնն է, փողերը որտեղից են, թալանածը ինչքան է լուրջ քաղաքական դիսկուրսով: Նորից մտորումներ Գյումրիի և Փարաքարի դարակազմիկ ընտրությունների առիթով»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
20:44 Ճանճ՝ «Ամասիայի» պանրի մեջ. ինչպես ընտրել անվտանգ սնունդ, երբ խանութների հանդեպ վստահությունը կորչում է
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում