copy image url
Խոսք 2 տարի առաջ - 18:00 05-06-2021

Մեզ պետք է հարևան պետությունների հետ համակեցության և համատեղ գոյության բանաձև. Գ. Քեռյան

Հայ-թուրքական հարաբերությունների վերանայման և դիվանագիտական կապերի հաստատման անհրաժեշտությա մասին Օրագիր. news-ը խոսել է քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ:

-Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ի՞նչ հեռանկարներ կան:

-Հայ-թուրքական հարաբերությունները բազմաշերտ են և տարբեր ենթատեքստեր ունեն. 1-ին՝ ցեղասպանություն, որը բավականին զգայուն հարցը է, 2-րդ՝ հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում Թուրքիայի ներգրավվածության հարցը, որտեղ գործում է դեռևս Հեյդար Ալիևի կողմից առաջ քաշված «երկու պետություն, մեկ ազգ» թեզը, 3-րդը՝ պետությունների միջև հեռահաղորդակցության բացման մի շարք հարցեր, 4-րդ՝ Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների վերջնական ճանաչում և վերջինը, որը թերևս ամենակարևոր հարցերից է, դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Այս հարցերն իրականում շաղկապված են: Երբ մեկից խոսում ենք, կամ մի հարցը ձախողվում է, ապա մյուսներն էլ մեխանիկորեն ձախողվում են: Այստեղ մի նրբություն կա. հայ քաղաքական դաշտի մի ստվար զանգված բացարձակ բացասական վերաբերմունք ունի հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հանդեպ: Հիմա, եթե այդ գործընթացը մեզ համար շատ վատ է, ապա ինչու է Ադրբեջանը, որը մեր երդվյալ թշնամին է, դեմ հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը: Ելնելով այն հանգամանքից, որ Ադրբեջանը ոչ մի կերպ թույլ չի տալիս, մատ է թափ տալիս ու նույնիսկ սպառնում է Թուրքիային, որ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումն Ադրբեջանում կդիտվի որպես դավաճանություն, ուրեմն այստեղ մի դրական բան կա մեզ համար: Ասեմ նաև, որ հենց ադրբեջանական գործոնն էր, որ տապալեց 2009թ. Ցյուրիխյան արձանագրությունը: 2009թ-ից ասում եմ, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը միակ լծակն է, որը թույլ կտա ինչ-որ դիվանագիտական սեպ խրել թուրք-ադրբեջանական հարաբերություններում: Ինչ-որ չափով սահմանազատվելով հայ-ադրբեջանական կոնֆլիկտից՝ Թուրքիան հնարավորություն կունենա չեզոք դիրքորոշում ունենալ որոշ հարցերում: Ադրբեջանը հասկանում է դա, ուստի մշտապես խանգարում է այդ գործընթացին:

-Արդյո՞ք հնարավոր է Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցել:

-Իսկ եթե հնարավոր չէ, ապա մեզ ուրիշ ի՞նչ է մնում անել: Այն զանգվածը, որը մշտապես պնդում է, որ Թուրքիան մեր ոխերիմ թշնամին է, որից մշտապես պետք է հեռու մնալ, թող ուժերի պարզ հաշվարկ անի: Թուրքիան ունի 80 մլն բնակչություն, երկրի ՀՆԱ-ն մեր ՀՆԱ-ից 100 անգամ շատ է, ինչպես նաև նրա ռազմական կարողությունները: Ադրբեջանը Հայաստանի բնակչությունից մոտ 9 անգամ ավելի բնակչություն ունի, ՀՆԱ-ն տասնյակ անգամ շատ է, իսկ բանակը զինված է մի քանի անգամ ավելի հզոր ու ժամանակակից տեխնիկայով: Սրանք սովորական փաստեր են: Երբ Հայաստանում երգ ու պարով լարերի վրա պահածոյի դատարկ տուփեր էին կախում սահմանին, Ադրբեջանն այդ ամբողջ ընթացքում՝ 30 տարի շարունակ, պատրաստվում էր պատերազմի՝ Թուրքիայի միջոցով զինում բանակը, ՆԱՏՕ-ի փորձագետների միջոցով ռազմավարություն մշակում: Հիմա մեր հարևաններն այսպիսին են, մենք կամ պետք է լեզու գտնենք նրանց հետ, կամ պատերազմենք: Այստեղ հարց է առաջանում՝ մենք կարո՞ղ են նրանց հետ պատերազմ վարել, հաղթել կամ հարցեր լուծել: Ոչ, բնականաբար, մենք չունենք տարածքի ռազմավարական խորություն: Եթե նրանց մի հրթիռն անցնում է 600 կմ և խոցում թիրախը, իսկ Հայաստանը հյուսիսից հարավ ընդամենը 300 կմ է, ինչպե՞ս կարող է այստեղ հարց դրվել՝ ո՞վ է ճիշտ, ո՞վ՝ սխալ, ո՞վ է բարոյական, ով՝ ոչ: Սա զուտ հաշվարկ է: Այս պարագայում Հայաստանի գոյությունը կասկածի տակ է դրված, ժամերի հարց է: Երբ պատերազմի ժամանակ քննարկում էին Իսկանդերով հարվածելու հարցը, ես սարսափում էր, չէ՞ որ Հայաստանն էլ քաղաք-պետություն է, որի մայրաքաղաքում է բնակվում երկրի բնակչության հիմնական մասը: Մի քանի ճշգրիտ հարվածով մեր պետությունը շարքից դուրս կգա: Այս պարագայում մեզ պետք են այնպիսի մարդիկ, ովքեր ժամանակակից պատկերացումներ ունեն քաղաքականության մասին, այլ ոչ թե առաջնորդվում են 19-րդ դարի ֆիդայական մտածելակերպով՝ քաշվել լեռներ ու կռվել թշնամու հետ: Դա մեզ չի օգնի: Հայաստանը, խրված լինելով մուսուլմանական աշխարհի մեջ, չունենալով սահման իր ռազմավարական դաշնակցի հետ, որը, ի դեպ, ժամը մեկ կամ ռազմավարական է, կամ ոչ, կամ ավելի ռազմավարական է Ադրբեջանի, քան՝ մեզ հետ, հյուսիսիում ունենալով քրիստոնյա հարևան, որն ամբողջությամբ ՆԱՏՕ-ի ազդեցության տակ է, իսկ ՆԱՏՕ-ն Թուրքիա է, նշանակում է, որ գոյության համար մենք պետք է մշակենք ոչ թե ազգային խնդիրների լուծման ռազմավարություն, այլ՝ հարևան պետությունների հետ համակեցության և համատեղ գոյության բանաձև, ինչը չունենք: Եթե ժամանակին ինչ-որ գործընթաց սկսեինք ու հաշվարկեինք, թե ինչ արդյունքներ կունենային մի 5 կամ 10 տարի հետո, գուցե այսօր նմանօրինակ ողբալի վիճակում չհայտնվեինք: Իհարկե, կարող ենք գոչել, որ Կարսն ու Վանն էլ են մերը, ինչն անում են շատ քաղաքական գործիչներ՝ սնելով հասարակությանը, բայց արդյունքում չունենք լուրջ գործիչներ, ովքեր իրատեսական ելք են առաջարկում այս բարդ քաղաքական վիճակից: Այս իրավիճակից ՀՀ նախագահներից ոչ մեկն էլ ելք չգտավ: Ադրբեջանը ժամանակին ստորագրեց ստորացուցիչ զինադադար, 1994-ից հետո բանակն այնպես զինեցին, որ այսօր հաղթող դուրս եկավ, իսկ ի՞նչ արեցինք մենք այս տարիների ընթացքում. պարեցինք, երգեցինք, սկսեցին փառաբանել դեռևս չհաստատված հաղթանակը, դիվանագիտական ոլորտում 1995-2020թթ. ոչ մի քայլ առաջ չգնացինք, և այս ամբողջ ընթացքում երկիրը թալանվեց, իսկ բանակը թուլացավ: Այսինքն՝ մենք քաղաքական էլիտայի և պետական կառավարման մշակույթի հետ կապված լուրջ խնդիր ունենք:

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
11:15 Գյումրիի քաղաքապետը իր կողմից արված հայտարարությունից հետո աշխատանքի չի գալիս
15:02 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
15:29 Արցախի նախկին ղեկավարները Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ դեսպան
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
10:54 Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականներ