copy image url
Խոսք 3 տարի առաջ - 22:52 26-05-2021

Փաշինյանին չեմ համարում հոգեկան հիվանդ կամ ապուշ. Գարիկ Քեռյան

Սյունիքում՝ հայ-ադրբեջանական սահմանային գոտում, տիրող իրավիճակի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում արտաքին գործոնների առկայության մասին Օրագիր.news-ը զրուցել է քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ:

-Ի՞նչ քաղաքական ենթատեքստեր կան Սյունիքում:

-Սյունիքի խնդիրը, որպես հայ-ադրբեջանական հակամարտության մեջ քննարկվող հարց, երբեք գոյություն չի ունեցել: Իհարկե, Ադրբեջանում եղել են պետական ու քաղաքական գործիչներ կամ մտավորականներ, ովքեր, ելնելով ցարական Ռուսատանի ժամանակ կատարվող վարչական բաժանումներից, պնդել են, թե, այսպես կոչված, Զանգեզուրն Ադրբեջանինն է: Հայաստանի 1-ին Հանրապետության ու Ադրբեջանի միջև 1918-20թթ. տարածքային վեճեր եղել են Արցախի, Նախիջևանի և Սյունիքի շուրջ, սակայն խորհրդային ժամանակներում այդ տարաձայնությունները լուծվել են, իսկ հետխորհրդային ժամանակներում, երբ շեշտն Արցախի վրա էր դրված, Սյունիքի հարցն օրակարգից դուրս է եղել: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր փաստաթղթերում միշտ էլ շրջանառվել է այն կետը, որ գործընթացը ենթադրում է ոչ միայն Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտում և մեր վերահսկողության տակ գտնող տարածքների վերադարձ Ադրբեջանին, Հայաստան-Արցախ միջանցքի ապահովում, այլև Սյունիքի տարածքով Նախիջևանն Ադրբեջանին կապող միջանցքի տրամադրում: Նախիջևանի և Ադրբեջանի միջև այդ հաղորդակցությունը կարող է տարբեր ձև լինել: Օրինակ՝ եթե դա պարզապես երկաթուղային հաղորդակցություն լինի, ինչը ժամանակին քննարկվում էր, կարծում եմ, վատ տարբերակ չէ, քանի որ երկաթգիծը ենթադրում էր Մեղրիով ուղիղ ճանապարհ Նախիջևան, որը Հայաստանին Իրանից չի կտրում: Իհարկե, եթե միայն դրանով հարցը լուծվեր, լավ կլիներ: Սակայն ես այն տպավորությունն ունեմ, որ Ադրբեջանը, բացի երկաթգծից, արդեն պահանջում է հաղորդակցության միջանցք, որի տրամաբանությունը հենվում է նրա վրա, որ Ադրբեջանն արդեն նոյեմբերի 9-ի փաստաթղթով իրեն պատկանող Լաչինի տարածքով տրամադրել է միջանցք Հայաստանի ու Արցախի համար, որը հիմա գործում է: Ենթադրում եմ, որ դրա փոխարեն հիմա Ադրբեջանը պահանջում է Մեղրիի միջանցքը: Ցավոք, մեր քաղաքական գործիչներն ամբողջությամբ ազնիվ չեն մեզ հետ, շատ մանրամասներ իմանում ենք օրեր և նույնիսկ ամիսներ անց: Մինչև հիմա եզոպոսյան լեզվով չեն ասում՝ կոնկրետ ի՞նչ է մեզ սպասվում, վարչապետն էլ ելույթ ունեցավ, ասաց՝ կա նման փաստաթուղթ, որը ինքը պատրաստվում է ստորագրել, բայց չի մանրամասնի: Այս ոճը նորություն չէ, բանակցային ամբողջ պատմության մեջ դա առկա է՝ դեռևս 90-ականներից: Պարզ ու հասկանալի լեզվով ոչ մեկը չի բացատրում ժողովրդին, թե բանակցային գործընթացում Ադրբեջանն ի՞նչ է առաջարկել, ինչ-որ դրույթներ գիտենք, բայց փաստաթղթային գաղտնազերծում չկա: Եթե Արցախի կարգավիճակը հստակեցվեր ու հակամարտությունը լուծվեր առանց այսքան զոհերի, միջանցք տալու գաղափարը լրիվ տրամաբանական և ճիշտ կլիներ: Ժամանակին Ռոբերտ Քոչարյանն ավագ Ալիևի հետ պատրատվում էր կնքել հակամարտության կարգավորման վերջնական փաստաթուղթը, որից, ի դեպ, Հեյդար Ալիևը կես առաջ հրաժարվեց և չկնքեց: Մի քանի ամիս առաջ դրան անդրադարձավ նաև ՀՀ 2-րդ նախագահը և նշեց, որ ի պատասխան այն մեղադրանքների, որ ինքը Ղարաբաղի կարգավիճակի ու Լաչինի միջանցքի համար տալիս է Մեղրին, փաստում է, որ ոչ թե Մեղրին էի տալիս, այլ Սյունիքի վրայով սուվերեն ճանապարհ դեպի Նախիջևան: Այսինքն՝ միջանցքը նորություն չէ: Հայաստանը գտնվում է անելանելի վիճակում, չկա ռազմամթերքի կամ տեխնիկայի բավարար ռեսուրսներ նոր հակամարտության մեջ մտնելու համար, դեռ թարմ է զոհերի հիշատակը, և ժողովուրդը պատրաստ չէ նոր զոհեր տալու: Չկան նաև արտաքին այնպիսի ուժեր, որոնք Հայաստանին հստակ կասեն՝ պատերազմի դեպքում քեզ կապահովենք ամեն ինչով: Եվ խոսքը միայն փամփուշտի կամ վառելիքի մասին չէ, մեզ հզոր ՀՕՊ է հարկավոր, քանի որ եթե Հայաստանի օդային տարածքը չփակվի, այն, ինչ արեցին ԱԹՍ-ները Արցախում, նույնը կանեն Սյունիքում կամ հենց Երևանում: Իսկ մի քանի հզոր հարված շարքից կհանի մեզ: Ավելի ծանր կորուստներ ու ավելի ցավոտ փոխզիջումներ կլինեն: Հավանաբար, Նիկոլ Փաշինյանն այս ամենը գիտակցում է, նկատի ունի, ես նրան չեմ համարում հոգեկան հիվանդ կամ ապուշ մարդ, նա բավականին խորամանկ ու իրավիճակը հասկացող մարդ է, ով հասկանում է՝ պարտությունից ու կոտրվելուց հետո ժողովուրդը չի կարող նորից պայքարել: Սրա ապացույցն էր նաև ընդդիմության մի քանի ամիս տևող հանրահավաքները, որին շատ հանգիստ հետևում էր Փաշինյանը՝ մինչև դրանց մարելը: Հիմա էլ, եթե նա հստակ մարդկանց բացատրի՝ ինչ է սպասվում Հայաստանին, հնարավոր է, որ կարողանա իր ասածն առաջ տանել:

-Ի՞նչ արտաքին գործոններ կան հայ-ադրբեջանական հարաբերություններում և ի՞նչ դեր են խաղում դրանք կոնֆլիկտների լուծման գործընթացներում:

-Այստեղ շատ կարևոր է ՌԴ դիրքորոշումը, քանի որ միջնորդ պետությունը հենց Ռուսաստանն է, որն Արցախի անվտանգության հիմնական երաշխավորն է: Ռուսաստանն է պահում նաև հայ-թուրքական սահմանը, ռուսական զինված ներկայություն կա նաև Սյունիքում՝ հայ-ադրբեջանական սահմանում: Չգիտեմ՝ ի՞նչ է ասել Ռուսաստանն այս հարցով, սակայն Լավրովը հայտարարեց, որ պետք է շարունակել բանակցությունները սահմանագծման ու սահմանազատման ուղղությամբ: Սա միջազգայնորեն ընդունելի պրակտիկա է, սակայն Լավրովն էլ կիսատ թողեց իր միտքը՝ չհասկացանք, թե սահմանազատումն ու սահմանագծումն Ադրբեջանն ընդունո՞ւմ է, թե՞ մերժում: Այդ մասին Փաշինյանն էլ չի խոսում: Հուսադրող է, իհարկե, որ ՌԴ պատրաստ է միջնորդ հանդիսանալ այս գործում և մասնագետներ տրամադրել: Բայց մենք չգիտենք Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցում, արդյո՞ք միջանցքի տրամադրումը չի լինի նախապայման սահմանազատման գործընթացին մասնակցելու համար: Ինչ վերաբերում է այլ պետություններին, ապա նրանք այս գործընթացներում կարող են դեր խաղալ այնքանով, ինչքանով իրենց գործողությունները ուղղված կլինեն Ռուսաստանի դեմ: Այսօր և՛ ԱՄՆ-ն, և՛ Ֆրանսիան, և՛ այլ արտաքին ուժեր փորձում են խառնվել այս գործընթացներին և արտաքուստ թվում է, թե օրինակ Հնդկաստանը, որը շատ մտահոգ է, ազդեցություն ունի գործընթացների վրա, բայց քանի այդ պետություններն այս տարածաշրջանում չունեն ռազմական ներկայություն, ազդեցության լծակներ ունենալ չեն կարող: Այստեղ ռազմական ներկայություն ունի միայն Ռուսաստանը, ինչպես վերջին 300 տարվա ընթացքում, իսկ մյուսները սահմանափակվում են կոչերով ու հայտարարություններով: Ես այս ակտիվացումը բացատրում եմ նրանով, որ դրության տերը դարձել է Ռուսաստանը և իրենց բավականին մեծ նեղություն պատճառող Թուրքիան: Իրականում մեծ խանդ կա ռուս-թուրքական համագործակցության հանդեպ, որը հիմա մեր ազգային շահերին, իհարկե, չի համապատասխանում, բայց մենք այլընտրանք չունենք: Այո՛, նրանց ակտիվացումն ուղղված է տարածաշրջանում ռուս-թուքական համագործակցության նվազեցմանն ու, ինչու ոչ, նաև դուրսմղմանը: Արդյո՞ք այդ գործընթացներում մենք նոր աղետների մեջ չենք ընկնի, ինչպես ժամանակին Ռուսաստանն ու Թուրքիան թքեցին Սևրի պայմանագրի վրա, դժվար է ասել: Ինչ վերաբերում է Իրանին, պետք է ասել, որ մինչ պատերազմի ավարտը՝ շատ ոգևորված էի Իրանով, սակայն հասկացա, որ նա էլ բացառապես իր ազգային շահով է առաջնորդվում: Իրանը պահանջեց, որ տարածքները հանձնվեն Ադրբեջանին: Սա նրանց միջնորդական առաքելության առաջարկությունն էր, նրանք դեմ էին նույնիսկ, որ Արցախի այս փոքր հատվածը մնա մեր վերահսկողության տակ: Ես սա համարում էի հերթապահ հայտարարություն ու կարծում էի, որ Իրանը կօգնի մեզ, քանի որ միշտ էլ օժանդակել է Հայաստանին ու երբեք թիկունքից չի հարվածել: Սակայն Իրանը շնորհավորեց Ալիևին տարածքային ամբողջականությունը վերականգնելու առթիվ: Իհարկե, Իրանի հետ պետք է զգույշ գործել, որպեսզի եղած բարի վերաբերմունքն էլ չկորցնենք, բայց մեծ հույսներ կապել պետք չէ: Իրանում թուրքական գործոնը շատ ուժեղ է, նա նաև սիրիական ճգնաժամի խնդրով Ռուսաստան-Թուրքիա ձևաչափի մեջ է: Մեզ համար միակ իրական երաշխիքը Ռուսաստանն է, քանի որ նախ ՌԴ-ն Թուրքիայի վրա ազդելու լծակներ ունի, համագործակցության հստակ ձևաչափ կա, և Թուրքիան չի կարող իրեն սանձարձակ պահել առանց հաշվի առնելու Ռուսաստանի դիրքորոշումը: Ալիևի կապն էլ Ռուսաստանի հետ բավականին ուժեղ է, որը գալիս է դեռ Հեյդարի Ալիևի ժամանակներից: Բացի այդ, հետխորհրդային տարածքի պետությունները, որոնք ՀԱՊԿ-ի կազմում են, շատ ավելի լավ հարաբերություններ ունեն Ալիևի հետ, քան մեզ հետ: Սա ևս լուրջ լծակ է խնդիրները լուծելու հարցում:

adv_banner

Ամենից շատ դիտված

21:30 Հովիկ Աղազարյանը միասեռակա՞ն է. Տարոն Չախոյանի «սենսացիոն բացահայտումը»
22:10 Շինություն, ավտոմեքենա, 3 մլն կանխիկ, 2 մլն եկամուտ․ Աննա Հակոբյանի գյումրեցի ազգականի ունեցվածքը
12:25 Գլխիվայր շրջված մեքենայում եղել են արցախցի 17 և 18 տարեկան տղաներ. մանրամասներ
23:12 Շենգավիթի թանկ ու անշուք տոնածառը. բնակիչների վերաբերմունքը
21:59 Իրենց հարուցած գործերը ինձ չեն կաշկանդում, ես միայն վերին Երուսաղեմից եմ կաշկանդվում. Վարդան Ղուկասյան
18:00 Աշխարհագրության ֆակուլտետ՝ առանց աշխարհագրության քննության․ ուսանող չկա
22:16 18+. մերկ լուսանկարներ Չարենցի թանգարանում. ով է էրոտիկ ցուցադրության հեղինակը
21:28 Բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և նրան ուղեկցողները. shamshyan.com
16:30 Հովիկ Աղազարյանի նմանը ընդհանրապես պետք է տեղ չգտներ Ազգային ժողովում. հարցում
17:18 Վեշով չբարձրանա՛ք. վիճաբանություն՝ Երևան-Դիլիջան տրանսպորտում