«Անվտանգային և ռազմամարզական ոլորտի միավորում» ՀԿ խորհրդի նախագահ Նարեկ Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վակխանալիան, որը հնում գինու, խելացնորության ու անսանձ խրախճանքի խառնարանն էր, այսօր դարձել է իրականության քաոսը նկարագրող ամենավառ համեմատությունը։ Բառ, որն այսօր նույնքան խելահեղ է ու անկառավարելի, որքան դարեր առաջ դրա շուրջ պարող ամբոխը»։
Մի օր առաջ Իսրայելի ԳՇ-ի թիկունքային վարչությունը հստակ հրահանգներ է տվել բնակչությանը պատրաստ լինել ցանկացած պահի անցնել քաղաքացիական պաշտպանության։ Դժվար է պատկերացնել, թե ինչ կսկսվի մեզ մոտ նման մի հրահանգից հետո, մի իրավիճակ, որի լավագույն նկարագրությունը հենց վակխանալիան կլինի։
Սակայն մենք դեռ կարող ենք խուսափել նման սցենարից, եթե այսօր ընդունենք համապարփակ պաշտպանության համակարգը որպես գործող ռազմավարություն։ Սա գրում եմ ոչ պատասխանատու պաշտոնյաներին մեղադրելու կամ պանիկա տարածելու, այլ պարզապես հիշեցնելու համար, որ նույնիսկ մեկ տարի, մեկ ամիս կամ մեկ շաբաթը դեռ հնարավորություն են՝ համախմբելու պետության, հանրության և բիզնեսի ողջ ռեսուրսները պետականության ու ժողովրդավարության արդյունավետ պաշտպանության համար։
Ուստի, բացի քննադատությունից, ունեմ հստակ առաջարկներ․
1․ Ստեղծել ճգնաժամային շտաբ կառավարությանը կից՝ քաղաքացիների ու բիզնեսի ներգրավմամբ։
2․ Տեղեկատվական ոլորտում անցնել ակտիվ հակահարձակման՝ համակարգված և ամբողջ ճակատով։
3․ Ռազմարզական ՀԿ-ներին ակտիվորեն ներգրավել քաղաքացիական պաշտպանության կազմակերպման, դրանց գործնական քայլերի իրականացման, ապաստարանների կառուցման ու բարելավման հարցերում։
4․ Համագործակցելով քաղաքացիական հրաձգարանների հետ՝ ապահովել անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, կազմակերպել կրակային և մարտավարական պատրաստության դասընթացներ։
5․ Գույքագրել տարածքային պաշտպանության համար հասանելի ռեսուրսները, բացահայտել խնդիրներն ու թերությունները, կազմել հստակ փոխգործակցության պլան։
6․ Ռազմարդյունաբերության ոլորտում ձևավորել միասնական համակարգող մարմին, որն օժտված կլինի մոբիլիզացիոն և օպերատիվ կառավարման լիազորություններով։
7․ Շտաբի կազմի և գործառույթների սահմանումը, ուժային կառույցների հետ գործողությունների կոորդինացումը իրականացնել առավելագույնս անաղմուկ, իսկ քաղաքական հնարավորության դեպքում՝ հնարավորինս գաղտնի պայմաններում։
Այսքանը»։