Oragir.News-ը նախորդ շաբաթ անդրադարձել էր ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքագիտության ամբիոնի վարիչ Աշոտ Ալեքսանյանի ղեկավարած «Արդի միջազգային հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրներում» և «Հետազոտական մեթոդները մասնագիտական ոլորտում» դասընթացների բարելավման նախագիծ թեմայով երկամյա դրամաշնորհային ծրագրին՝ համոզմունք հայտնելով, որ մայր բուհում
դրամաշնորհները շռայլվում են, սակայն դրանք չեն վերահսկվում։
Նման եզրակացություն էինք կատարել, քանի որ դրամաշնորհի շրջանակներում Ալեքսանյանին ուսանողների վճարած վարձավճարներից 10 մլն 50 հազար դրամ էր հատկացվել, սակայն վերջինս կատարված աշխատանքների ու ծախսված գումարների վերաբերյալ հաշվտվություն չէր ներակայացրել։ Բացի այդ, հայտնի չէր, թե ով է եղել այն արտասահմանցի հրավիրյալ պրոֆեսորը, ով ծրագրի շրջանակներում 1 կիսամյակ դասավանդել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետում և մշտադիտարկում իրականացրել։
Փաստացի ԵՊՀ ղեկավարությունը, որը հաճախ է պնդում, որ ուսանողների վճարած վարձավճարները չեն բավականացնում բուհի ծախսերը հոգալուն ու այս պատրվակով անդադար բարձրացնում է դրանք, այդ սուղ միջոցներից շռայլորեն դրամաշնորհներ է հատկացնում, սակայն այդ ծրագրերի իրականացման նկատմամբ պատշաճ վերահսկողություն չի իրականացնում։ Կարծում ենք, որ տասնյակ միլիոն դրամների բյուջե ունեցող դրամաշնորհների նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև համապատասխան հաշվետվությունների հրապարակումը չափազանց կարևոր է, քանի որ ժողովրդավարության բաստիոնի կոչմանը հավակնող Հայաստանի մայր բուհի ուսանողներն իրավունք ունեն իմանալ, թե իրենց վճարած գումարներն ինչ ճակատագիր են ունեցել։
Չնայած նախորդ հրապարակումը կատարելիս առանձնապես լավատես չէինք, որ այս հարցը ԵՊՀ-ում քննարկման առարկա կդառնա և համոզմունք էինք հայտնել, որ մայր բուհի ՔՊ-ական ռեկտորը ջանալու է այն ամեն կերպ մոռացության մատնել, այնուամենայնիվ
Oragir.News-ը հրապարակումից 1 շաբաթ անց փորձեց կապ հաստատել ԵՊՀ ակադեմիական և ուսումնական հարցերի գծով պռոռեկտոր Էլինա Ասրիյանի հետ ու բարձրաձայնված խնդիրների վերաբերյալ նրան մի քանի հարց ուղղել։
Oragir.News-ը երեկվանից տիկին Ասրիյանի հետ կապվելու 3 անհաջող փորձ կատարեց. առաջին դեպքում նրա ընդունարանի աշխատակցուհին մեզ փոխանցեց, որ վերջինս խորհրդակցության է՝ խնդրելով ավելի ուշ կապ հաստատել, երկրորդ դեպքում՝ նա նշեց, որ Ասրիյանը տեղում չէ և առաջարկեց հաջորդ օրը զանգահարել, իսկ արդեն այսօր ընդունարանի աշխատակցուհին բարեհամբույր կերպով նշեց, որ Ասրիյանը չի կարող մեր հարցերին պատասխանել։ Ճշտող հարցին, թե չի՞ ցանկանում մեր հարցերին պատասխանել (աշխատակցուհուն տեղեկացրել էինք, որ զանգը
Oragir.News-ից է) նա հետևյալ կերպ պատասխանեց. «Գիտեք իրենք անընդհատ զբաղված են, նիստերի մեջ են, չեմ կարողանում միացնել։ Հիմա էլ ասեցի, ասում ա՝ ես խոսում եմ հեռախոսով, ժամանակով չունեմ»։
Այսպիսով՝ ԵՊՀ ակադեմիական և ուսումնական հարցերի գծով պռոռեկտորը փաստացի բարձրաձայնված խնդիրների վերաբերյալ ասելիք չունի ու փաստացի խուսափում է Oragir.News-ի հարցերին պատասխանելուց։ Հերթական անգամ համոզվում ենք, որ ԵՊՀ ղեկավարությունը փորձում է ծածկադմփոց անել և թեման մոռացության մատնել՝ այդպես էլ հաշվտվություն չներկայացնելով, թե ուսանողներին վճարած վարձավճարներից Աշոտ Ալեքսանյանին հատկացված ավելի քան 10 մլն դրամ բյուջե ունեցող դրամաշնորհն ինչպես է իրագործվել, ինչ արդյունքներ է արձանագրել, ինչպես է նպաստել կրթության որակի բարելավմանը։
Թեպետ քաջատեղյակ ենք, որ Աշոտ Ալեքսանյանի դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ Oragir.News-ի հոդվածը ԵՊՀ-ում լուրջ խմորումներ ու դժգոհություններ է առաջացրել, այնուամենայնիվ Էլինա Ասրիյանից ցանկանում էինք հետաքրքրվել՝ ծանո՞թ է մեր հրապարակմանը, ինչո՞ւ 10 մլն 50 հազար դրամ բյուջե ունեցող դրամաշնորհի շրջանակներում կատարված աշխատանքների և ծախսերի հաշվետվությունը չի հրապարակվում։ Ի վերջո ցանկանում էինք պարզել, թե ո՞վ է եղել հրավիրյալ պրոֆեսորը, ում անձը խնամքով թաքցվում է, կամ առհասարակ՝ նա գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Եթե հրապարակումից հետո տիկին Ասրիյանը խոսելու ժամանակ կգտնի և կցանկանա պարզաբանումներ ներկայացնել, ապա Oragir.News-ը պատրաստ է լսել նրան ու հրապարկել իր պարզաբանումները, որը ստանալու 3 անհաջող փորձ կատարել է։
Ինչևիցե լավատեսորեն ակնկալում ենք, որ մինչև 2030 թվականը՝ Ակադեմիական քաղաքի հիմնադրումը, երբ ԵՊՀ-ն հաստատապես ընդգրկված կլինի աշխարհի լավագույն 500 բուհերի ցանկում, բուհի ղեկավարությունը բավարար հաշվետվողականություն կդրսևորի և ուսանողներին կտեղեկացնի, թե իրենց վճարած վարձավճարներն ինչ նպատակներով են ծախսվել։ Վստահ ենք՝ հաշվետվողականության մեծացումն էապես կնպաստի, որ մայր բուհը հայտնվի աշխարհի լավագույն 500 բուհերի ցանկում։
Դավիթ Գույումջյան