Ֆրանսիացի զինվորները դուրս են եկել, իսկ թուրքերը մտել են Չադ
Ֆրանսիական բանակի վերջին զինվորները լքել են Չադը։
Կենտրոնական Աֆրիկայում գտնվող այս պետությունը նախորդ տարվանից «խնդրել էր» իր նախկին մետրոպոլիային դուրս բերել զորքերն իր տարածքից։
Կոսեյի և Էնսեմինեի բազաների հանձնումով ավարտվեց Ֆրանսիայի բազմամյա ռազմական ներկայությունը Չադում։
Հատկանշական է, որ ֆրանսիական զորքերի դուրս բերմանը զուգահեռ Չադ է մտնում թուրքական բանակը։
Ըստ երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնության՝ Թուրքիայի զինված ուժերը երկու ռազմաբազա կստանան Չադում՝ Լիբիայի և Սուդանի հետ սահմանների մոտ։
Տեղական աղբյուրները հայտնել են, որ թուրքական ուժերը տեղակայվելու են երկու ռազմակայաններում, որտեղից վերջերս դուրս են եկել Ֆրանսիայի զինված ուժերը։
Չադի բանակը սկսել է ակտիվորեն օգտագործել Թուրքիայից գնված Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը, իսկ «Բայքար» տեխնիկական խումբը տեղակայվել է «Ֆայա-Լարգո» բազայում, որում ևս նախկինում տեղակայված էին ֆրանսիացիները։