Գյումրիում փողոցների նորոգման աշխատանքները շարունակում են հարցեր առաջացնել։ Այս անգամ խնդիրը Խանջյան փողոցում է, որտեղ ընդամենը 4 ամիս առաջ փոսանորոգում է իրականացվել, սակայն կատարված աշխատանքի որակն այսօր դժգոհության առիթ է դարձել։
Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության քարտուղար Էդգար Բաղդասարյանը հրապարակել է փողոցի վիճակը՝ հարց բարձրացնելով, թե ինչպես են ծախսվում գյումրեցիների վճարած հարկերից գոյացած համայնքային բյուջեի միջոցները, և ով է պատասխանատու կատարված աշխատանքների որակի համար։
«Հարգելի՛ քաղաքային իշխանություններ, արդյո՞ք այսպես պետք է ծախսվեն գյումրեցիների վճարած հարկերից գոյացած համայնքային բյուջեի միջոցները։ Ո՞վ է պատասխանատու կատարված աշխատանքների որակի համար, և ո՞վ է վերահսկել դրանց իրականացումը»,- գրել է Բաղդասարյանը։
Թեմայի վերաբերյալ
Oragir.News-ը զրուցել է Էդգար Բաղդասարյանի հետ։
Վերջինիս խոսքով՝ խնդրի մասին բարձրաձայնվել է դեռ հունիսի 16-ին, երբ անորակ աշխատանքներին անդրադարձել էր ՔՊ խմբակցության այն ժամանակվա ղեկավար Սարիկ Մինասյանը։ Սակայն, ինչպես նշում է Բաղդասարյանը, բարձրացված խնդիրը լուծելու փոխարեն՝ նման դեպքերում սովորաբար արդարացումներ են հնչում։
«Այն խնդիրները, որոնք մենք բարձրաձայնում ենք, հիմնականում փորձում են արդարացումներ գտնել։ Այս փողոցի հետ կապված էլ ասելու են, որ էդ հատվածի փոսերը մեր արածը չէ, կամ, եթե ապացուցվի, որ իրենց արածն է, ապա կասեն, որ շինարարն է մեղավոր, պետք է փոխհատուցի»,- ասել է նա։
Բաղդասարյանի խոսքով՝ անհրաժեշտ է ոչ թե հերթական անգամ արդարացումներ փնտրել, այլ իրական վերահսկողություն իրականացնել և ստուգել՝ արդյոք աշխատանքները համապատասխանել են շինարարական նորմերին։
«Գնան և ստուգեն՝ արդյո՞ք տվյալ հատվածը համապատասխանում է շինարարական նորմերին, թե ոչ, բիտումապատված է, թե չէ»,- նշել է նա։
Փաստացի, Խանջյան փողոցում կատարված աշխատանքների որակը հարցեր է առաջացնում ոչ միայն շինարարի, այլև աշխատանքների ընդունման և վերահսկողության պատասխանատուների վերաբերյալ։ Եթե փոսանորոգումից ընդամենը չորս ամիս անց փողոցը կրկին խնդրի առաջ է կանգնել, ապա գյումրեցիներն իրավունք ունեն իմանալու՝ ով է պատասխան տալու ծախսված գումարի և կատարված աշխատանքի համար։
Բաղադասարյանը խոսել է նաև Գյումրիում իշխանափոխության և կառավարման ճգնաժամի մասին՝ պնդելով, որ քաղաքային իշխանությունը պետք է փոխվի օր առաջ։
«Իշխանափոխություն պետք է օր առաջ արվի, որովհետև այս տեմպերից և այս որակի աշխատանքից միայն գյումրեցին է տուժում։ Իշխանափոխությունը միանշանակ լինելու է օրենքի շրջանակներում»,- ասել է ՔՊ խմբակցության քարտուղարը։
Նա նաև հույս է հայտնել, որ քաղաքային իշխանության ներկայացուցիչները սեփական նախաձեռնությամբ վայր կդնեն մանդատներն ու կհեռանան։
«Հույս ունեմ, որ այս մարդիկ մի օր կարթնանան և կհասկանան, որ իրենք տապալել են աշխատանքը և իրենք իրենցով կդնեն մանդատները և դուրս կգան»,- եզրափակել է Էդգար Բաղադասարյանը։
Ստացվում է՝ Գյումրիում նույնիսկ փոսանորոգման աշխատանքների որակն է վերածվում պատասխանատվության հարցի։ Իսկ երբ խոսքը հանրային միջոցների մասին է, գյումրեցիներին դժվար թե հետաքրքրի, թե ով ում վրա մեղադրանքը կբարդի։ Նրանց հետաքրքրում է՝ ինչի համար են վճարում իրենց հարկերը, և ով է պատասխան տալու, երբ կատարված աշխատանքը չի արդարացնում սպասելիքները։
Անահիտ Չալիկյան