Երևան +21°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:36 21-02-2023

Հույս ունեմ, որ Ռուսաստանը կկարողանա սառը դատել և չխորացնել իր սխալները․ ՔՊ-ական պատգամավոր

«Ռուսաստանն աստիճանաբար պետք է համակերպվի, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է և որ վարում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման փաստին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի անդրադարձին։

Խոսեց նաև ԵՄ հարթակում Հայաստանի կատարած քայլերի ֆոնին Ռուսաստանի հետ հարաբերւթյունների վատթարացման հնարավոր տարբերակի մասին։

«Չեմ կարծում, ԵՄ կողմի հետ գործակցությունը բացասական անդրադարձ կունենա Հայաստանի հարցում։ Պարզապես լավ առիթ է, որ Ռուսաստանն առերեսվի իր թույլ տված սխալների հետ և խուսափի որպես դաշնակից իր պարտականությունները տապալելուց»,- ասաց նա։

Այս առումով, անդրադառնալով ՀԱՊԿ առաքելության՝ ՀՀ տարածքում չտեղակայելու ֆոնին ԵՄ առաքելության տեղեկայմանը՝ Խաչատրյանը հայտարարեց, որ ոչ թե Հայաստանը մերժել է ՀԱՊԿ առաքելության տեղակայումը, այլ այդ կառույցը չի կատարել իր պարտավորությունները ՀՀ նկատմամբ։

«Ուզում եմ, որ մենք իրերը կոչենք իրենց անուններով․ ո՛չ թե Հայաստանը մերժեց, այլ ՀԱՊԿ-ը դրժեց իր պարտականությունը, որովհետև համաձայն ՀԱՊԿ-ի պայմանագրի՝ այդ կառույցը պետք է քայլեր ձեռնարկեր ու գնահատականներ տար, երբ Հայաստանի Հանրապետության՝ ՀԱՊԿ անդամ պետության նկատմամբ ագրեսիա տեղի ունեցավ։ Այսինքն, ոչ թե Հայաստանը մերժեց,այլ ՀԱՊԿ-ը դրժեց իր պարտականությունների կատարումը։ Պետք է իր մեջ փնտրի թույլ տրված սխալների պատճառները»,- ասաց նա։

Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ այս պարագայում մեր քաղաքականությունը պետք է լինի սպասարկել Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերը։

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից ԵՄ հարթակում տարվող գործողությունների ֆոնին ՌԴ սպառնալից ու բացասական վերաբերմունքը՝ Oragir.News-ի զրուցակիցը հույս հայտնեց, որ ՌԴ-ն որևէ բացասական քայլ չի կատարի Հայաստանի նկատմամբ։ Հակառակ դեպքում, իր խոսքով, համարժեք քայլեր կլինեն։

«Հույս ունեմ, որ Ռուսաստանը կկարողանա սառը դատել և չխորացնել իր սխալները։ Կարծում եմ, որ Ռուսաստանն իր թույլ տված կոպտագույն սխալներից հետևություններ կանի և կխուսափի նր սխալներից»,-ասաց նա։

Խաչատրյանը մանիպուլյատիվ գնահատեց ձևակերպումները, որ հայ- ռուսական հարաբերությունները վնասվում են ՀՀ իշխանությունների կողմից երկակի քաղաքականություն վարելու հետևանքով։

«Հայաստանը շատ անկեղծ է և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ։ Ի տարբերություն նախորդ իշխանությունների, այնպես չէ, որ Հայաստանը մի բան դրսում է ասում, մեկ այլ բան՝ ներսում։ Մենք շատ անկեղծ ենք և հավատարիմ ենք մնալու մեր ժողովրդի կողմից ստացած պարտավորությանը՝ սպասարկել Հայաստանի և Արցախի շահերը։ Ռուսաստանը պետք է համակերպվի, որ այլևս Հայաստանն ինքնուրույն է, ինքնիշխան պետություն է և վարում է իր ինքնիշան քաղաքականությունը, որը միտված չէ որևէ պետության դեմ, այդ թվում՝ Ռուսաստանի։ Բայց Ռուսաստանը կոպտագույն սխալներ է թույլ տվել որպես դաշնակից և հիմա այդ սխալներն ուղղելու հնարավորություն ունի»,- ասաց նա։

Ի պատասախան դիտարկմանը, որ ռուսական կողմն այդ մեղքը հայկական կողմին է վերագրում՝ Վիգեն Խաչատրյանն ասաց, որ դրանից իրականությունը չի փոխվում։