Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 09:00 04-02-2025

Հեգնանք, ծաղր, անկապություն ու կիսաճշմարտություն. ասուլիսի հակառակ կողմը 

Պետությունը բարեկեցություն կառուցելու գործիք է քաղաքացիների համար։ Այս ապաքաղաքական ձևակերպմամբ հունվարի 31-ին ասուլիսը բացեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

4 և կես ժամ տևած ասուլիսում հարց տալու իրավունք տրվեց 26 լրագրողի, հնչեց մոտ 60 հարց։ Բայց Փաշինյանի պատասխանների մի մասը չբավարարեց նրանց։ Կողմնակալ դիտորդի հայացքով՝ նա հարցերի մի մասին արձագանքեց այնպես, կարծես՝ ինքը քաղաքական գլխավոր պատասխանատուն չէ։ Որոշ հարցերի կիսաճշմարտություններ հայտնեց։ Որոշների էլ ուղղակի չպատասխանեց։

Մասնավորապես՝ Tert.am-ի հարցերից մեկը չստացավ համարժեք պատասխան։ Փաշինյանը չնայած ընդունեց, որ սխալներ է գործել, սակայն չկոնկրետացրեց, թե որո՞նք են դրանք, պատասխանատվությունը տարածեց ժողովրդի աշխարհընկալման վրա՝ «Մենք ունեցել ենք սոցիալ հոգեբանական կոնսենսուսներ»։ Այսինքն՝ ժողովուրդը սխալ աշխարհայացք է ունեցել, ինչն էլ իշխանությունների աղետալի սխալների պատճառ է դարձել։ Սա պատասխանատվությունից խուսափելու ապաքաղաքական դրսևորում է։

Անդրադառնալով ԶՊՄԿ-ում կառավարության բաժնեմաս ստանալու փաստին, դրանից ստացված շահույթներին, բյուջեի մուտքերին, նա չասաց, թե ո՞ւմ շնորհիվ են ԶՊՄԿ-ում փայ մտել։ Իսկ նախկին իրավիճակի վերաբերյալ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ իրավական հասցեական նկարագրություն, առավել ևս՝ գնահատական չտվեց։

Հռիփսիմե Ջեբեջյանի հարցը վերաբերում էր Փաշինյանի՝ 2021-ին ընտրարշավի ժամանակ արած գռեհիկ մի արտահայտությանը՝ «Դրանց սաղին բռնելու ենք, շինենք»։ Փաշինյանը փորձեց տարընթերցել «շինել» բառը։ Հետո ծաղրեց ժողովրդին, «գաղտնիք բացելով», թե բոլոր առաջնորդները սնվում են։ Փորձեց հուզել լսարանին, պատմելով, թե եղել են օրեր, որ հաց չի կերել։ Սակայն այս ամենը տրված հարցի հետ կապ չուներ։

Մի քանի լրագրողների հետաքրքրում էր, թե վարչապետն իր՝ Ցեղասպանությանն առնչվող շվեյցարական հարցադրումների պատասխաններն ինչպե՞ս է գտնելու։ Չնայած՝ Փաշինյանը նշեց՝ «Ես պատասխանի իմ տարբերակն ունեմ», սակայն չներկայացրեց այն, պատասխանատվությունը դարձյալ տարածեց ժողովրդի վրա։ Պատմական հետահայաց մի քանի բան ասաց։ Ընդ որում՝ նշեց, որ երբ փորձում են երիտթուրքերի և ՀՅԴ-ի հարաբերությունները քաղաքականացնել և դարձել գործիք ՀՅԴ-ին քննադատելու համար, ամբողջ թեման փոխվում է, դառնում «նախկին, ներկա» խոսակցություն և այլն։ Այս ակնարկը ևս կոնկրետ հարցի հետ կապ չուներ։

Լրագրողները մի քանի անգամ խնդրեցին արձագանքել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի լուտանքներին, սակայն Փաշինյանը հրաժարվեց, ձևացնելով, թե արհամարհում է գործընկերոջը։ Սա ևս ապաքաղաքական վարքաբանություն է։ Ստեղծվում է տպավորություն, թե նա վախենում է Լուկաշենկոյից, ինչն ինքնին ամոթալի է։

168.am-ը հարցրեց, թե ՀՀ կառավարությունը ինչո՞ւ է դեմ արտահայտվել Շվեյցիարիայի խորհրդարանի՝ արցախահայերի վերադարձի խնդրին նվիրված միջազգային համաժողով գումարելու նախաձեռնությանը։ Փաշինյան այդ մասին տեղյակ չէր։ Շուրջ 7 ամիս ՀՀ-ում Չինաստանի դեսպանի չգոյության պատճառի վերաբերյալ ևս տեղյակ չէր։ «Ճանապարհ և գոտի» նախագծի վերաբերյալ ևս ոչինչ չասաց։

Նույնիսկ «Հայկական ժամանակի» հարցին, թե ինչո՞ւ հետ չի կանչում իր ստորագրությունը Նոյեմբերի 9-ի հայտարարության տակից, չպատասխանեց, արհամարհելով նաև իր հարազատ թերթի հարցը։

Հակասական էին Փաշինյանի պատասխանները համընդհանուր հայտարարագրի վերաբերյալ։ Խոսքի սկզբում նա ասաց՝ «Իրականում՝ տենց բանկային գաղտնիք չկա, որ պետությանը հասանելի չլինի»։ Իսկ խոսքի վերջում ասաց, որ բանկային գաղտնիքին ոչ ոք հասանելիություն չի ստանում։ Մի տեղ ասաց, որ հայտարարագիրը հարկային բեռ չի ավելացնում, իսկ մեկ այլ տեղ էլ՝ հայտարարագիրը մարդուն հնարավորություն է տալու վճարել եկամտահարկը։

ԱՆԻՖ-ում միլիարդավոր դրամների հնարավոր չարաշահումների գործով անվերջ ձգձգվող քննությունն ու մեղադրյալների բացակության փաստը Փաշինյանը որակեց խայտառակություն, տպավորություն ստեղծելով, թե ԱՆԻՖ-ով յուրացված միլիարդավոր դրամները վերադարձնելու խնդիր չունեն։

Լրագրողի հարցին՝ ի՞նչ է նշանակում «Իրական Հայաստանի» ռազմավարություն, նա տվեց սիրողական, ապահամակարգային պատասխան։ Համաձայնվեց, որ այն պետք է պատշաճ փաստաթղթավորվի, բայց ինչո՞ւ այս ուղղությամբ ոչինչ չեն արել, այլ դատարկ խոսել են օդի մեջ, ոչինչ չասաց։

Ռուսական կախվածությանն առնչվող հարցը ևս անպատասխան մնաց, կարծես՝ հավելյալ հաստատելով, որ Փաշինյանն իրեն լավ է զգում, երբ երկիրը ռուսական կախվածության մեջ է։ Նա ուղիղ չպատասխանեց, թե ինչքան են մտադիր մնալ ռուսական կախվածության մեջ, պատասխանատվությունն այս պարագայում էլ բարդելով տնտեսվարողների վրա։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ նա կեղծում է, երբ անկախության ջատագով է ներկայանում։

«Հրապարակ» օրաթերթի հարցերից մեկը նույնպես համարժեք պատասխան չստացավ։ Վաչապետը չասաց, թե ո՞ր կառույցն է տեղեկատվություն տրամադրել, թե Բաքվում հայ գերիներին հոգեմետ դեղեր են տվել։

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական խարտիայի ստորագրումից հետո ԱՄՆ պետքարտուղարի կողմից անկարկված ամերիկյան խմբի առաջիկա այցի ժամկետի և առաքելության մասին ևս որոշակի բան չասաց, ենթադրելով, որ դա կարող է լինել խորհրդատվական աշխատանք։

Հանրային վրդովմունք առաջացրեց Արցախի հանձնման փաստաթղթի վերաբերյալ նրա պատասխանը։ Փաշինյանը նշեց, որ խոսակցություն է եղել տեքստի մասին, բայց «իքս» պահին հարց է ծագել՝ «Էս ո՞ւմ տեքստն է, ու՞մ համար է, ո՞վ է ստորագրելու։ Եվ եղել է արձագանք ԼՂ-ից, և հայտնի չէ, թե ում տեքստն է, ով է ստորագրելու։ Եվ հաջորդիվ այդ տեքստը հայտնվել է կայքում, որպես ԼՂ փաստաթուղթ»։ Այս անորոշ, բազմաթիվ հարցականներով պատմությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Փաշինյանը ՀՀ-ում քաղաքականություն չի որոշում։ Ինչպե՞ս կարող է ՀՀ վարչապետի սեղանին հայտնվել անհայտ հեղինակի անհայտ հասցեատիրոջն ուղարկված տեքստը, իսկ հետո ստորագրվել ԼՂ նախագահի կողմից։ Այս կեղծիքանման կիսաճշմարտությունը հավելյալ հիմք է տալիս կասկածելու, որ Արցախը հանձնելու հարցում Փաշինյանը ներգրավված է եղել և պատասխանատվություն է կրում։

Factor.am-ի հարցերը ևս անկալվող պատասխաները չստացան։ Պուտինի հետ զրույցի, ռուսական հնարավոր պատժամիջոցների, ԵՄ հարաբերությունների խորացման մասին հարցերը կիսատ, ոչ էական պատասխաններ ստացան։ Կասկած առաջացավ, որ Փաշինյանը շարունակում է սպասարկել ռուսական շահեր, իսկ ԵՄ անդամակցության գործընթացում ՔՊ-ական իշխանությունն անկեղծ չէ։

Infocom.am-ի պարզ հարցը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ոչ արդյունավետ աշխատանքի, կոռուպցիայի դեմ պայքարում հավելյալ վարչական ռեսուրսներ ներգրավելու, ՊԵԿ-ին ներգրավելու մասին դարձյալ չստացավ կոնկրետ պատասխան։ Փաշինյանը շրջանցեց լրագրողի հարցը, նշելով, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անկախ մարմին է, և խնդրեց հարցերն ուղղել իրեն։

Վերջում Փաշինյանը հեգնեց, թե զգացողություն ունի, որ ինչ-որ հարցեր չեն հնչել, և ստիպված է լինելու հետո դրանց առանձին անդրադառնալ։

Իրականում՝ քաղաքական օրակարգի և մամուլում շրջանառվող թեմաների մեծ մասի վերաբերյալ հարցեր հնչեցին ասուլիսում։ Պարզապես՝ Փաշինյանը հերթական անգամ ցուցադրեց անպատասխանտու, ապաքաղաքական վարք, չպատասխանեց կամ կիսատ պատասխանեց դրանց մի մասին, ժողովրդից թաքցրեց ամբողջ ճշմարտությունը, չխոսեց իր կոնկրետ սխալների մասին, փորձեց պատասխանատվությունը գլորել ժողովրդի, տնտեսվարողների, անցյալի գործիչների, նույնիսկ՝ Խրիմյան Հայրիկի ուղղությամբ, հավելյալ հիասթափություն առաջացնելով հանրության շրջանում, նպաստելով ՔՊ-ի վարկանիշի անկմանը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:50 Լճաշենցի 51-ամյա կինը խոստովանել է, որ ծծմբաթթուն ինքն է լցրել 24-ամյա տղայի վրա․ վերջինը մահացել է
20:12 Զավակդ կամաչեր՝ իմանալով, որ իր հայրը համասեռամոլ գոյանքի շինծու գործարքներին է տուրք տվել. Քյոխ
18:00 Պատրա՞ստ եք ներողություն խնդրել ձեր թիմակցի ճղճիմ խոսույթի համար․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
15:28 Ո՞վ է պատասխան տալու նրա մահվան համար․ Տիգրան Արզաքանցյանի կինը լացում է
21:05 Տո ո՞վ են որ. Ագնեսա Խամոյանի հարցին պատասխանելիս Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը
22:03 Եթե գույքահարկը չեք կարողանում տալ, ձեր բնակարանը վարձով տվեք, գնացեք գյուղ. Փաշինյան
15:20 Սոցապը վտարում է արցախցիներին․ գազն ու հոսանքն անջատել են, հացից զրկել, ասում են՝ շենքը պետք է ազատեք
08:50 Լույս չի լինի Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում
16:54 Արտաշատում «Opel»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից 2-ը՝ անչափահաս. shamshyan.com
18:44 Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «ГАЗель»-ն այրվել է. shamshyan.com