Խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ հոռետեսական մտավախությունները կարծես՝ մարմին են ստանում։ Ադրբեջանը հերթական հակահայ հայտարարությամբ է հանդես եկել։
«Երկարատև խաղաղություն հաստատելու համար մենք պետք է շարունակենք քայլեր ձեռնարկել և նախաձեռնություններ առաջ քաշել։ Հայաստանը պետք է ներողություն խնդրի ադրբեջանական ժողովրդից։ Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի այն ադրբեջանցիներից, ովքեր 30 տարի չեն կարողացել վերադառնալ իրենց հայրենիք», - ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հոկտեմբերի 26-ին։
Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնականն այսպիսի հակահայ հայտարարություն անում։
Առաջին ու ամենաշատ տարածված ենթադրությամբ՝ սա կարող է դառնալ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։ Այսինքն՝ ինչպես հիմա կատեգորիկ պահանջում են, որ ՀՀ սահմանդրության նախաբանից հանվի անկախության հռչակագրին արված հղումը, այնպես էլ վաղը գուցե կասեն, թե մինչև ներողություն չխնդրեք ադրբեջանցիներից՝ պայմանագիրը չեն ստորագրի։
Նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 27-ին անդրադարձել է այս թեմային, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին նա կարծիք է հայտնել, թե Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վերը մեջբերված հայտարարությունը չի կարող դառնալ խաղաղության պայմանագրի ստորագրման ևս մեկ նախապայման։ «Եթե այդպես եք հարցնում, կարծում եմ՝ չի կարող լինել ևս մեկ նախապայման»,- խորհրդարանում ասել է նախարարը։
Այս առումով՝ հանրային մտահոգությունը հիմնավոր է։ ՀՀ իշխանությունները ընտրել են կուլ գնալու մարտավարությունը։ Նրանք համարժեք չեն արձագանքում Բաքվից հնչող այսօրինակ լկտի հայտարարություններին։ Եվ դա էլ առիթ է տալիս, որ ադրբեջանցիներն ավելի լկտիանան և ավելի հակահայ հայտարարություններով հանդես գան։ Մի քանի տարի առաջ ոչ ոք չէր ուզում հավատալ, որ ՀՀ-ն Ադրբեջանի պահանջով կփոխի սահմանադրությունն ու նախաբանից կհանի անկախության հռչակագրին արված հղումը։ Որոշ քաղաքագետներ տրամաբանորեն ապացուցում էին, որ այդ հղումը հանելը ոչինչ չի փոխի, ոմանք լավատեսություն էին հայտնում, թե Փաշինյանը կկարողանա համոզել Ալիևին, և Բաքուն կնահանջի ու կհրաժարվի այս նախապայմանից։ Սակայն ադրբեջանցիները անդրդվելի մնացին, իսկ Փաշինյանն ընկրկեց, նա արդեն հայտարարում է Սահմանադրության փոխելու որոշման մասին, նույնիսկ ժամկետ նշում։
Հոռետեսորեն ենթադրելի է, որ Բաքուն սրանով չի բավարարվելու և պայմանագրի ստորագրման նոր նախապայմաններ է առաջ քաշելու։ Սա է պատճառը, որ Հաջիևի հայտարարությունը և ՀՀ իշխանությունների լռությունը կամ անվստահ կարծիքներ հանրային մտահոգություն են առաջացրել։
Համարժեք կլիներ, եթե ՀՀ իշխանությունը հիշեցներ Ադրբեջանի կողմից հայերի դեմ իրականացված հանցագործությունների մասին, Արցախի շրջափակման և ժողովրդին սովի մատնելու, Արցախից հայերի բռնի տեղահանության, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու և որոշ հատվածներ զավթելու, Բաքվում հայ գերիներին ապօրինաբար պահելու մասին։ Կարող են նաև ասել, որ Ադրբեջանի հետ կայուն ու տևական խաղաղության համար հարկ է, որ Ադրբեջանը և Ադրբեջանի հասարակությունը ոչ միայն ներողություն խնդրեն Հայաստանից, Արցախից ու հայ ժողովրդից, այլև դուրս գան ՀՀ տարածքից, ապահովեն հայերի վերադարձն Արցախ։
Կարճ ասած՝ ՀՀ իշխանությունները կարող են փոխել Ադրբեջանի հետ խոսելու ոճը, կոշտացնել հռետորաբանությունը։ Գուցե համարժեք արձագանքը կզսպի զավթիչի լկտիությունը։ Հակառակ պարագայում եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ներողություն խնդրեն ադրբեջանցիներից, ապա Ադրբեջանը կկարողանա մարսել հայ ժողովրդի հանդեպ իրականացրած հանցագորությունները և նոր հանցագործություններ նախապատրաստել։
Ավելին՝ ինչպես են ՔՊ-ական պատգամավորները միանգամից արձագանքում ընդդիմադիրներին ու աչքները փակ հանդիմանում նրանց լրտեսության, ռուսական շահեր սպասարկելու մեջ, նույնպես կարող են հանդիմանել Բաքվի իշխանություններին ռուսական շահեր սպասարկելու, խաղաղության դեմ գործելու, խաղաղության պայմանագիրը ստորագրելուց անպատասխանատու կերպով խուսափելու և մարդկության դեմ կարարած հանցագործությունների համար։
Թաթուլ Մկրտչյան