Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:00 31-01-2025

Տիգրան Ավինյանը խախտո՞ւմ է կարգը. ավտորիտարիզմի ուրվականը

Որոշումներ ընդունելու կարգը խախտելը կարող է որակվել ինքնիրավչություն, ժողովրդավարական նորմերի խախտում։ «Հաշվի առնելով ձեր տասնյակ հազարավոր զանգերը, բողոքներն ու առաջարկությունները՝ ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների, ինչպես նաև մեր որոշ ընդդիմադիր ավագանու անդամների հետ քննարկումների արդյունքում որոշել ենք փետրվարի 1-ից ներդնել ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Եվ այս փոփոխությունը գործելու է ամբողջ 2025-ի ընթացքում»,- ֆեյսբուքյան տեսանյութում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Արդյո՞ք Տիգրան Ավինյանի այս հայտարարությունը ինքնիրավչություն է կամ ժողովրդավարական նորմերի խախտում։

Երևանում տրանսպորտի սակագները որոշում է Երևանի ավագանին։ Օրինակ՝ 2024-ի մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել է տրանսպորտի սակագնի վերանայման մասին նախագիծը՝ 32 կողմ, 2 դեմ ձայներով։ Նոյեմբերի 19-ին Երևանի ավագանին 34 կողմ, 0 դեմ, 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը։

Տրանսպոորտի սակագներում, փաթեթներում փոփոխություններ կարող են լինել նույնպես ավագանու որոշմամբ։ Մասնավորապես՝ 150 դրամանոց ուղետոմս ներդնելու որոշում կարող է ընդունել ավագանին։ Հունվարի 31-ին Երևանի ավագանու արտահերթ նիստ է հրավիրվում այս օրակարգով։ Հետևաբար՝ քանի դեռ չկա ավագանու համապատասխան որոշումն այս մասին, ոչ ոք իրավունք չունի ասելու՝ «Որոշել ենք փետրվարի 1-ից ներդնել ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ»։

Նկատենք, որ իշխաության որոշ համակիրներ հրապարակավ հանդիմանում են Տիգրան Ավինյանին այս նահանջի համար, համարելով, որ այն վտանգում է տրանսպորտային բարեփոխումները, չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, ամոթալի նահանջ է և այլն։ Երևանի ավագանու ընդդիմադիր ուժերը վճռական են տրամադրված թանկացումների դեմ պայքարում, պահանջում են պահպանել 100 դրամը, կոչ անում բոյկոտել և այլն։ Այս դիրքորոշումները հաշվի առելով, չի բացառվում, որ Երևանի ավագանու հունվարի 31-ի նիստում 150 դրամի մասին առաջարկը չընդունվի։

Նույնիսկ եթե Տիգրան Ավինյանը, Երևանի ՔՊ խմբակցությունը, կոալիցիոն գործընկերը, ընդդիմադիր որոշ անդամները միասին բավարար քվե կարող են ապահովել Երևանի ավագանու որոշում ընդունելու համար, նրանք պարտավոր են տարրական հարգանք ցուցաբերել օրինականության, ժողովրդավարական նորմերի նկատմամբ, և ավագանու որոշումը չընդունված՝ չասել՝ «Որոշել ենք փետրվարի 1-ից ներդնել ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ»։

Երևանի քաղաքապետը, ՔՊ խմբակցությունը, կոալիցիոն գործընկերը, ընդդիմադիր որոշ անդամները տրանսպորտի ուղետոմսերի գների վերաբերյալ կարող են հանդես գալ առաջարկներով։ Տվյալ դեպքում Տիգրան Ավինյանն իրավունք ուներ ասելու՝ «Առաջարկում ենք փետրվարի 1-ից ներդնել ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ»։ Լավատեսները կարծում են, որ Տիգրան Ավինյանը պարզապես վրիպել է, «առաջարկում ենք» ասելու փոխարեն, ասել է՝ «որոշել ենք»։

Սակայն կա հոռետեսական ենթադրություն, որ Տիգրան Ավինյանը չի սխալվել։ Ենթադրելի է, որ նրանք միտումավոր են տպավորություն ստեղծում, թե Երևանի ավագանին՝ հեչ, քաղաքապետն է տրանսպորտի գներ սահմանում։ Այսինքն՝ նրա վերոնշյալ հայտարարությունը ոչ թե վրիպակ է, այլ զոնդաժ։ Մի քանի այսպիսի հայտարարություններ, և քաղաքացիները կհաշտվեն, որ քաղաքապետն է որոշում, ոչ թե ավագանին։ Դրանից հետո կարող են օրենքով քաղաքապետին օժտել հավելյալ լիազորություններով, ավտորիտարզմի ուրվականին մարմին տալ, հետո ավտորիտար մոտեցումները տարածել ամբողջ քաղաքական համակարգում ու քայքայել ժողովրդավարությունը։

Կարճ ասած՝ օրինականության, ժողովրդավարության, սահմանդրական կարգի պահպանման ջատագովները պետք է հավելյալ ջանք գործադրեն, որ նման երևույթները բացառվեն, զսպումների և հակակշռների մեխանիզմն աշխատի, փակվեն ավտորիտարիզմի բոլոր սողանցքները։ Իսկ Տիգրան Ավինյանը, ՔՊ խամբակցությունը, կոալիցիոն գործընկերն ու որոշ ընդդիմադիրներ կարող են հրապարակավ պարզաբանել, թե ինչո՞ւ է Տիգրան Ավինյանն իրենց վերագրել ավագանու լիազորությունը, հոռետեսական ենթադրության տեղիք տվել։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը