Հոկտեմբերի 20-ին ԵԱՏՄ անդամ պետությունները (Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Ղազախստանը) ներկայացրել են անանուն զեկույց, ըստ որի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն կանկում ապրի մոտավորապես 16%-ով։ Հաջորդ իսկ օրը ՀՀ ֆինանսների նախարարը հերքել է այս թիվը՝ հայտարարելով, որ տնտեսական անկումը 0.6%-ից ոչ ավել է լինելու։
Tvyal.com հարթակի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանի գնահատմամբ՝ երկու կողմի հրապարակած թվերն էլ խոցելի են, քանի որ չեն ներկայացվել համապատասխան տնտեսական հաշվարկներ կամ մոդելավորում։ Սակայն, ըստ փորձագետի, ամենաառանցքային բացթողումն այն է, որ թե՛ զեկույցը, թե՛ ՀՀ ֆինանսների նախարարությունը իրենց վերլուծություններում հաշվի չեն առնում բանկային համակարգը։
Աղասի Թավադյանը շեշտում է, որ իրական վտանգը ոչ թե գազի կամ էլեկտրաէներգիայի թանկացումն է, այլ համակարգային խափանումը։
Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ Հայաստան եկող գումարների բնույթն արմատապես փոխվել է։ Եթե մինչև 2021 թվականը ՌԴ-ից գալիս էին հիմնականում մասնավոր տրանսֆերտներ (արտագնա աշխատողների ընտանիքներին ուղարկված միջոցներ)՝ կազմելով ընդհանուրի շուրջ 85%-ը, ապա այժմ փոխանցումների 80%-ը կազմում են ֆիզիկական անձանց կոմերցիոն նպատակով փոխանցումները։
Վիճակագրական պատկերը տպավորիչ է. միայն յոթ ամիսների ընթացքում Հայաստան է փոխանցվել ռեկորդային շուրջ 4 միլիարդ դոլար, որից 3.6 միլիարդը՝ կոմերցիոն նպատակով։ Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այդ թիվը կհասնի 6 միլիարդ դոլարի:
Հայաստանը, լինելով համաշխարհային ֆինանսական համակարգի լիարժեք անդամ, միաժամանակ պահպանում է ուրույն կապեր պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի և Իրանի հետ։ Այս հավասարակշռության խախտումը կամ ԵԱՏՄ-ից դուրս գալը, ըստ տնտեսագետի, կբերի ֆինանսական հոսքերի միջանցքի փակմանը, ինչն էլ կդառնա տնտեսության գլխավոր հարվածը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Մովսիսյան