Հայաստանի հարավային դարպասը հանդիսացող Սյունիքի մարզում այսօր լուռ էկոլոգիական աղետ է հասունանում, որի մասին պետական մակարդակով նախընտրում են չխոսել։ Խոսքը «Շիկահող» պետական արգելոցի մասին է՝ Հայաստանի ամենաարժեքավոր և կուսական անտառային տարածքներից մեկի, որը 44-օրյա պատերազմից հետո հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի թիրախում։
Oragir.News-ի տաղավարում բնապահպան Սիլվա Ադամյանն ահազանգում է՝ արգելոցն այսօր կանգնած է կենսաբազմազանության կորստի և անդառնալի ամայացման վտանգի առաջ։
Ըստ բնապահպանների և Google Maps-ի արբանյակային քարտեզների թարմ տվյալների՝ ադրբեջանական կողմը ներխուժել է Շիկահողի արգելոցի հատուկ պահպանվող տարածք՝ օկուպացնելով մոտ 400 հեկտար հողատարածք։
Ամենամտահոգիչն այն է, որ այս ներխուժմանը զուգահեռ ընթանում է բնական ռեսուրսների բարբարոսական կողոպուտ։ Փաստագրված տվյալներով՝ արգելոցի տարածքում արդեն իսկ հատվել է շուրջ 60 հեկտար անտառ։ Դարավոր կաղնիներն ու բոխիները, որոնք հարյուրավոր տարիներ պահպանվել են, այսօր վերածվում են վառելափայտի կամ շինանյութի հակառակորդի դիրքերի համար։
Շիկահողի էկոհամակարգի խաթարումը միայն ծառերի կորուստ չէ։ Անտառների հատումն ու ռազմական ներկայությունը ճակատագրական հարված են հասցնում տարածաշրջանի եզակի կենսաբազմազանությանը։
Տարիներ շարունակ միջազգային խոշոր կազմակերպությունները հսկայական ֆինանսական միջոցներ են ներդրել Շիկահողի պահպանման և էկո-միջանցքների ընդլայնման համար։
Այսօր այդ ներդրումները հայտնվել են հարվածի տակ։
Ամենացավոտ խնդիրը, ըստ բնապահպանի, ներքին է։ Հայաստանի պատկան մարմինները և պետական այրերը պարզապես լռում են Շիկահողի աղետի մասին։ Թեև երկրում ներդրվել է Բնապահպանական պարեկային ծառայություն, այն սահմանային այդ հատվածներում իր գործառույթը նորմալ չի իրականացնում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Մովսիսյան