Ժողովրդին ատում ու արհամարհում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, ՔՊ վերնախավը, այլև նրանց համակիրները, մերձավորները։
Oragir.News-ը հարցում էր իրականացրել, պարզելու, թե քաղաքացիներն ինչպե՞ս են վերաբերվում «Կարմիր գծերի» վերաբերյալ դատարանի վճռին, որով 160 հազար դրամ սահմանելու մասին ավագանու որոշումն անհիմն ու անօրինական էր գնահատվել։ Եվ քաղաքացիներից մեկը, որը հետո պարզվեց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրն է, անսպասելի արհամարհանք էր դրսևորել քաղաքացիների հանդեպ, նշելով, որ «կարմիր գծերը» պիտի 500 հազար դրամ սահմանել։
«Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ․ ամեն իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա, տեսեք, ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»,- ասել է քաղաքապետի հայրը՝ Արմեն Ավինյանը։
Oragir.News-ի հրապարակումից ժամեր անց Տիգրան Ավինյանը
ներողություն խնդրեց քաղաքացիներից։
«Հայրս բավականին կոպիտ և տգեղ պատասխաններ է հնչեցնում։ Վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդերի ազդեցությամբ, խցանման, միգուցե նաև լրագրողի նկատմամբ նյարդերի ազդեցությամբ են։ Շատ ափսոսում եմ ասված խոսքերի համար և ներողություն եմ խնդրում»,- հայտարարեց Ավինյանը։
Ի՞նչ է սա նշանակում, ինչո՞ւ ՔՊ-ական իշխանության բարձրագույն պաշտոնյաները, նրանց համակիրները, մերձավորները չեն հարգում ժողովրդին, նրան բաժանում տեսակների, ինչու՞ Տիգրան Ավինյանը ներողություն խնդրեց հոր տգեղ արարքի համար և ի՞նչ հետևանքներ կունենա սա։
Հարկ է նշել նաև, որ ժողովրդի հանդեպ ատելությունն ու արհամարհանքը անհրաժեշտ գործիք է այն կառավարիչների համար, որոնք ապապետական մտածողություն ունեն, հակաժողովրդական որոշումներ են ընդունում։ Դրանց արդյունքում ակնհայտ տուժում է պետությունն ու հանրությունը։ Եվ հանրային համարժեք արձագանքը հակադարձելու համար չինովնիկները ատում, արհամարհում են ժողովրդին, որ կարողանան մնալ հավասարակշռության մեջ։
Տվյալ դեպքում՝ աներկբա է, որ Տիգրան Ավինյանի հայրը, որին այս դեպքում դիտարկում ենք որպես ՔՊ համակիր, փորձել է պաշտպանել ՔՊ-ական քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Քանի որ ժողովրդի հանդեպ արհամարհանքն ու անհարգալից վերաբերմունքը ընդունված խոսույթ է ՔՊ-ական շրջանակներում, ապա ՔՊ համակիրն այդ կերպ էլ արտահայտվել է։ Այսինքն՝ ժողովրդի հանդեպ ՔՊ-ական արհամարհանքն է խորքային խնդիրը, որը ժամանակ առ ժամանակ տարբեր կերպ, տարբեր մարդկանց միջոցով երևակվում է ՔՊ-ական և ՔՊ-ամերձ շրջանակներում։
Տիգրան Ավինյանի ներողությունն, իհարկե, ընդունելի է։ Սակայն միայն ներողությունով էական առաջընթաց այս հարցում չի կարելի է ակնկալել։ Մյուսները դրանից հետևություն չեն անի, կշարունակեն նույն կերպ վիրավորել հայ ժողովրդին, խայտառակվել հրապարակավ, մտածելով, որ մի մեծ բան չէ, հետո Ավինյանի օրինակով՝ ներողություն կխնդրեն ու թեման կփակվի։
Լուրջ բեկում կլինի, եթե Տիգրան Ավինյանն այս սկանդալից հետո հրաժարական տա։ Դա դաս կլինի ՔՊ-ական բոլոր պաշտոնյաներին ու համակիրներին։ Մարդիկ գուցե դրանից հետո հասկանան, թե ինչ հետևանք կարող է ունենալ այդպիսի սխալ խոսքը ժողովրդի վերաբերյալ։ Եվ գուցե ավելի զուսպ լինեն, իրենց ատելությունը, մաղձն ու արհամարհանքը, իրենց անկիրթ, անդաստիարակ վերաբերմունքը հրապարակավ չարտահայտեն, քանի որ դրա արդյունքում լուրջ վնաս կարող են հասցնել իրենց թիմակցին, մերձավորին, հարազատին։
Տիգրան Ավինյանի հրաժարականը ՔՊ-ի բարոյական կերպարի լուրջ փոփոխություն կառաջացնի։ Այս կառույցի հետևորդների, համակիրների բանակում որակական փոփոխություն կլինի, ՔՊ-ին գուցե կաջակցեն նաև առաքինի, կրթված, դաստիարակված մարդիկ, որոնք ժողովրդին չեն վիրավորում, տեսակների չեն բաժանում, չեն ատում։
Պարզ ասած՝ եթե ՔՊ-ական պաշտոնյային հետաքրքրում է ոչ միայն փողն, այլև պետությունը, ժողովուրդը, արժեքները, ապա Տիգրան Ավինյանը առաջիկայում հրաժարական կտա։ Իսկ եթե չտա, ապա ՔՊ-ում ավելի կխորանա ժողովրդի հանդեպ ատելությունը, արհամարհանքը, մարդկանց տեսակների բաժանելը, դրանց միջև թշնամանք ու անհանդուրժողականությունը հրահրելը։ Եթե Ավինյանի հայրը մարդկանց համբալ է անվանում, ապա սրանից հետո ավելի վատ բառեր կասեն ժողովրդին, անպատիժ կհայհոյեն, տպավորություն կստեղծեն, թե ՀՀ-ն այլասերված ժողովրդով այլասերված պետություն է։ Այլ կերպ ասած՝ Ավինյանը պետք է հրաժարական տա, որ ՀՀ իշխանությունը այլասերման մայրուղուց շեղվի դեպի առաքինության արահետը։
Թաթուլ Մկրտչյան