Տավուշի մարզի գյուղացին կրկին իշխանությունների թիրախում է հայտնվել։ Նորարարական ծրագիր է կիրառվում։ Մարզպետարանը հայտարարել է մրցույթ՝ 1410 կովերին արհեստական բեղմնավորելու համար:
Այս ծրագրին անդրադարձող փորձագետները հարց են բարձրացնում։ Իսկ ո՞ւր են Տավուշի ցլերը, որ ՔՊ-ն արհեստական բեղմնավորում է իրականացնում։ Գյուղական ավանդույթներով՝ բնական ճանապարհը լավագույնն է համարվում թե՛ կովերի, թե՛ մարդկանց համար։ Հիմա ի՞նչ է պատահել։ Գուցե Տավուշի ցլերը չե՞ն համապատասխանում միջազգային ստանդարտներին։ Նրանց կրթական մակարդակը ցա՞ծր է, չեն գիտակցո՞ւմ, որ պետք է այնպես անեն, որ բարձրացնեն կաթնատվությունը, թե՞ գենետիկ անհաղթահարելի խնդիրներ ունեն։
Լավատեսները հույս են հայտնում, որ մարզպետարանի նորարարական նախաձեռնությունը հանրային դիմադրության կբախվի, Տավուշում սկիզբ կառնի հակակառավարական շարժում՝ «Ճիշտը ցուլն է» կարգախոսով։ Այն կսկվի երբ ՔՊ-ական ֆեյքերը կանցնեն կարմիր գիծն ու հրապարակավ կստորացնեն տավուշցի ցլերին, որոնք հանիրավի դուրս են թողնել մրցույթից։ Կծաղրեն հին գոմերում լուսանցք մղվածներին, կհանդիմանեն, որ անընդունակ են, կվիրավորեն ցլերի որձական ինքնասիրությունը։ Սակայն մտավախություն կա, որ այս շարժումը կարժանանա նախորդների ճակատագրին։ Առաջնորդը կորակվի Կրեմլի գործակալ։ Հետևորդներին անհեթեթ մեղադրանքներով կվախեցնեն։ Ու շարժումը կմարի։ Հետևապես դիտարկենք, թե ինչպե՞ս է ընթանալու ծրագիրը, և ո՞վ է դրանից շահելու։
Կարևոր հարցերից մեկն այն է՝ ո՞ւմ են վստահելու այս գործը։ Շատ դժվար է պատկերացնել, որ պայմանագիրը կստանա մի կազմակերպություն, որի ղեկավարը ՔՊ-ական պաշտոնյայի հետ չասոցիացվի։ Ինչպես այս տարիներին անցկացված բազմաթիվ մրցույթներում, այստեղ ևս կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ կասկածներ կան։ Դժվար է հավատալ, որ պետական բյուջեից դուրս եկող 10 հազար դրամից մի բան կովին կհասնի։ Թեև ծրագրի վերջում ներկայացված զեկույցներում արհեստական բեղմնավորված կովերի թիվը կներկայացվի 1410, սակայն հոռետեսական կասկած կա, որ կովերի մի մասը արհեստական ոչ մի բան էլ չի ստանա։ Առավելագույնը՝ 410-ը կհասկանա, թե դա ինչ է հաճույք է։ Իսկ մոտ 1000-ի թղթերը պատշաճ կլրացվեն, բայց իրականությունը չեն արտացոլի։
Եվ երբ ամփոփվեն արդյունքները, Տավուշի մարզպետարանի պաշտոնյան, հավանաբար, հպարտ կհայտարարի, թե ամեն ինչ արել են ըստ ծրագրի, բայց 1000 կովի մոտ արդյունք չկա։ Չի բացառվում, որ վարկած առաջ կքաշեն, թե կովերի մի մասը, հավանաբար՝ նախկինների դրդմամբ հակաբեղմնավորիչներ են օգտագործել, որ չարամտորեն խափանեն ՔՊ-ի նորարարական ծրագիրը և յուրացումների վերաբերյալ կասկածի տեղիք տան։ Այս հիմքով կասկածներ կներկայացնեն կովերին։ Անօգնական կենդանիների օգնության կանչերը հանրային արձագանք չեն ստանա, այլ հերթապահ շուտասելուկ, թե ճշմարտությունը կպարզվի, և Տավուշի մարզի կովերն ու նրանց տերերը կարդարացվեն միայն իշխանափոխությունից հետո։
Ինչևէ, ամենայն լրջությամբ մաղթենք, որ կասկածները հոդս ցնդեն, նորարարական ծրագիրը հաջողությամբ իրականացվի, ու Տավուշի կովերը արդարացնեն մարզպետարանի ակնկալիքները, իսկապես դառնան շատ մթերատու, շարժեն մյուս մարզերի կովերի բարի նախանձը։ Եվ թող գյուղատնտեսության զարգացմանն ուղղված այս նորարարական ծրագրի արդյունքում թող ոչ ոք չտուժի՝ ո՛չ կովերը, ո՛չ ցլերը, ո՛չ տավուշցի անասնապահները, ո՛չ էլ մարզպետարանի բյուջեն։
Թաթուլ Մկրտչյան