Երևան +13°
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 18:00 30-08-2023

Դոմիկի մեջ ծնվա, դոմիկի մեջ ապրա, հմի էլ երեխեքս դոմիկի մեջ կմեծանան. Գյումրու բնակիչ

Գյումրին պետք է տնակներից և ոչ հիմնական շինություններից ազատվի մինչև 2027 թվականը։ Սա Կառավարության որոշումն է, որը կայացվել է անցած տարվա հոկտեմբերին։ Այս տարվա մայիսի 1-ից Գյումրիում սկսված տնակների ապամոնտաժման գործընթացը, դեռևս շարունակվում է։ Գյումրու քաղաքապետարանը շուրջ 600 և ավելի ծանուցագրեր է ուղարկել այն ընտանիքներին, որոնց տնակները ենթակա են ապամոնտաժման։

85-ամյա Գրիգոր Գասպարյանն ապրում է ֆանտաններ կոչվող թաղամասում։ Միայնակ թոշակառուն չի հավատում, որ Գյումրին կազատվի տնակներից, ասում է՝ էս նույն խոստումը 30 տարի տարբեր գաստրոլներով լսել ենք։

«Գիդեմ-չիդեմ էդ կսեն, ես իմ մասին չեմ մտածե, 85 տարեկան մարդ եմ. էսօր կամ, եգուց չկամ, բայց ընդեղ ընտանիքներ կան, որ տունը փոքր երեխեք ունին, անմարդկային պայմաններում կապրին։ Էս ո՞ր դարն է, որ մարդ ջուր կրե, կամ փեջ վառե։ Մեկ-մեկ, որ կնայեմ ու կտեսնիմ, թե ինչղ էս դեղնակտուցները փողը քամուն կուդան, մե բանմ կհասկնամ, որ ամեն ինչին փող կա, բայց կարևոր հարցերի համար փող չկա։ Ո՞վ է ժողովրդի մատից փուշ հանողը՝ Նիկո՞լը, թե՞ իրա կնիկը։ Ղեկավար, բան ես չիդեմ, ըդոնք վերից վար սուտխոսան են, ուղղակի էն է, որ ամեն մարդ ինքը պտի եղունգ ունենա իրա գլուխը քորե»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է 85-ամյա Գրիգոր Գասպարյանը։

Տնակների հաշվառման գործընթացին զուգահեռ, տնակների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են։

«Առանձին մոտեցումներ են նախատեսված բոլոր խմբերի տնակների համար, այսինքն՝ ովքեր բնակարան են կորցրել և տարբեր պատճառներով փոխհատուցում չեն ստացել, հիմա այս խմբի համար նախատեսված է բնակարանի գնման վկայագիր, այսինքն՝ բնակարանների գնման վկայագրերով կլուծվի նաև այն ընտանիքների բնակարանային հարցը, ովքեր նախորդ տարիներին բնակարանի գնման վկայագիր էին ստացել, բայց չէին կարողացել տուն գնել։ Իսկ այն ընտանիքները, ովքեր երկրաշարժին տուն չեն կորցրել, բայց տնակում են ապրում, կարող են դառնալ սոցիալական բնակարանի շահառու։ Իսկ այն ընտանիքները, ովքեր բնակարան ստացել են, վաճառել են և մնացել տնակում, կօգտվեն բնակարանի վարձակալության աջակցությունից 1 տարի ժամկետով»,- ասում է Գյումրու քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի պաշտոնակար Գևորգ Գրիգորյանը։

34-ամյա Կատյա Գրիգորյանը, ով ապրում է Ավտոկայանի տնակային ավանում պատմում է, որ ծանուցում ստացել է, որ պետք է տնակն ապամոնտաժվի։ Եթե իր կամքով չապամոնտաժեց, ապա գործին կխառնվի Գյումրու քաղաքապետարանը։

«Ընձի ոչ մի բան էլ քաղաքապետարանը չի առաջարկել. ո՛չ վարձի փոխհատուցում, ո՛չ բնակարանի գնման վկայագիր։ Մենք 92-ին տուն ստացել ենք Մինաս Ավետիսյան փողոցի շենքերից մեկում, բայց 2 սենյականոց էր, իսկ մենք էլ 8 անձ։ Կպատկերացնե՞ք ինչղ 8 անձով ըդեղ կարելի է ապրել։ Հորեղբայրս գնաց իրա ընտանիքով, մենք մնացինք դոմիկի մեջ, հմի էլ ո՛չ դրսից ենք, ո՛չ ներսից։ Ծանուցում են տվել, որ պտի դոմիկս քանդեն, քանդենգը, բայց մտքերի ծայրից չի անցնի թե էդ մարդը ընտանիքն առնի ուր էրթա։ Կտեսնիք ինչ պայմաններ են, շունն էլ գարուն գելնի։ Վերին խավը թող ըլը գա 1-2 օր մեր պայմաններով ապրի, տես ինչղ գազ տալով փախնին։ Մենք ենք, որ կդիմանանք... դոմիկի մեջ ծնվա, դոմիկի մեջ ապրա, հմի էլ երեխեքս դոմիկի մեջ կմեծանան։ Կոյուղին նորմալ չի աշխատի, ջուր չկա, անձրևների վախտ ինչքան դույլ ունինք կշարենք գետնին, որ կաթոցի դեմն առնինք։ Ես չիդեմ ինչ պտի էղնի, ինչպես միշտ ձախ ձեռքով աջ ականջն են բռնել»,- ասում է Կատյա Գրիգորյանը։

Մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել Գրիգորյանների տնակն ապամոնտաժելու համար, ընտանիքն անելանելի վիճակում է, գնալու տեղ չունեն։

Գործադիրի որոշումն է, որ Գյումրին պետք է տնակներից մինչև 2027 թվականը ազատվի, իսկ մինչ 2027 թվականը, դեռևս ճշգրտումներ ու բնակարանների փոխհատուցման հստակեցումներ են իրականացվում։

Քաղաքապետարանի պատասխանատուն ասում է, որ մի քանի ուղղություններով են աշխատում Գյումրին տնակներից ազատելու համար: Գևորգ Գրիգորյանը հույս ունի, որ 2027թ․-ին Գյումրին ամբողջապես կազատվի տնակներից։

Ֆոտոշարք