copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 22:30 02-12-2024

Բնակարան, առանձնատուն, մեքենա, 38 հազար դոլար, 13 մլն եկամուտ. Գեղամ Նազարյանի, կնոջ և որդու ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

ԱԺ «Հայաստան» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գեղամ Նազարյանը հաջորդ մեկուկես տարվա ընթացքում հանդես կգա որպես անկախ պատգամավոր, նա այսօր դուրս եկավ խմբակցությունից։

Խմբակցությունից դուրս գալու պատճառ դարձավ Գեղամ Նազարյանի մեկնաբանությունը, թե Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա։ Իմփիչմենթ պետք է անեին, իսկ դրա համար մեծամասնությունը պետք է կողմ լիներ։ Սկանդալային դարձավ «Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա» միտքը, անցած շաբաթվա վերջին նրան առաջարկեցին լքել խմբակցությունը։

Հիշեցնենք, որ Նազարյանը երկար տարիներ աշխատել է Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ»օրաթերթում։ Նա պատգամավոր էր դարձել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։

Oragir.News-ը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք է հայտարարագրել Գեղամ Նազարյանը, նրա կինը՝ Նաիրա Նազարյանը և որդին՝ Արմենակ Նազարյանը.

Որպես անշարժ գույք՝ Նազարյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ առանձնատուն՝ Տավուշի մարզի Կիրանց համայնքում, որը ժառանգություն է ստացել 2005 թվականի հոկտեմբերի 31-ին, ինչպես նաև բաժնային՝ ⅔ սեփականությամբ բնակարան՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում, որը ժառանգություն է ստացել 2009 թվականի հոկտեմբերի 28-ին։ Տարեվերջին պատգամավորի անշարժ գույքը պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ Նազարյանը հայտարարագրել է 2010 թվականի արտադրության SUZUKI մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2021 թվականի մարտի 1-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Նազարյանի բանկային հաշիվներին ողջ տարի գումար չի եղել։ Նա 2023-ի տարեսկզբին ունեցել է 49 հազար դոլար կանխիկ գումար, որը տարեվերջին նվազել է՝ հասնելով 38 հազար դոլարի։

Հաշվետու տարում պատգամավորի եկամուտը կազմել է 10 մլն 446.868 դրամ, որը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է։

Գեղամ Նազարյանի կինը՝ Նաիրա Նազարյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Վերջինս առևտրային բանկերից մեկում ունեցել 5 մլն 500 հազար դրամ անվանական արժեքով ավանդ, որը տարեվերջին կազմել է 2 մլն 200 հազար դրամ։

Նաիրա Նազարյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 120 հազար դրամ, տարեվերջին՝ 1 մլն 850 հազար դրամ։ Բացի այդ, նա ունեցել է նաև 2 մլն 400 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 3 մլն դրամ։

Հաշվետու տարում նա եկամուտներ չի ունեցել։

Պատգամավորի որդին՝ Արմենակ Նազարյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել, դատարկ են եղել նաև նրա բանկային հաշիվները։

Նա ունեցել է 2 մլն 900 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 3 մլն 500 հազար դրամ։

Հաշվետու տարում Արմենակ Նազարյանի եկամուտները կազմել են 2 մլն 134.772 դրամ, որից 1 մլն 180.772 Էրեբունու Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցից, 954 հազար դրամը՝ ՆԵՈՊՐԵՍՍ ընկերությունից ստացած աշխատավարձն է։

adv_banner

Ամենից շատ դիտված