Առանձնատուն, հողամասեր, մեքենա, 8․6 մլն կանխիկ, 11 մլն եկամուտ․ Արտաշատի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը
copy image url

Առանձնատուն, հողամասեր, մեքենա, 8․6 մլն կանխիկ, 11 մլն եկամուտ․ Արտաշատի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը

Ներքին 4 ժամ առաջ - 22:00 23-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի և նրա կնոջ՝ Սերինե Գալուբյանի՝ 2023 թվականի հաշվետու տարվա գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Նշենք՝ Կառլեն Մկրտչյանը 2021 թվականի հոկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ նույն թվականի դեկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել, որոնց մասնակցում էր ՔՊ-ի համամասնական ցուցակով։ Մամուլն այդ օրերին գրել էր, որ Կառլեն Մկրտչյանն Արտաշատում տպավորիչ հաղթանակ էր տարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի աջակցության շնորհիվ։

Որպես անշարժ գույք՝ Կառլեն Մկրտչյանը տարեսկզբին հայտարարագրել էր համատեղ սեփականությամբ հողամաս՝ Արտաշատում, որը ժառանգություն էր ստացել 2005 թվականին։ Հաշվետու տարում՝ 2023-ի դեկտեմբերին նա գնել է ևս 2 հողամաս՝ կրկին Արտաշատում, որոնց տիրապետում է համատեղ սեփականությամբ։ Տարեվերջին նրա 3 հողամասն էլ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Արտաշատի համայնքապետը չի հայտարարագրել, սակայն նա 90 օրից ավելի տիրապետել է 2022 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։

Մկրտչյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 53․753 դրամ, տարեվերջին՝ 927։ Բացի այդ, նա ունեցել է 4 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Հաշվետու տարում Մկրտչյանի եկամուտը կազմել է 6 մլն 698․229 դրամ, որն Արտաշատի համայնքապետարանից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 23 մլն դրամ։

Վերջինս իր եկամուտներից 5 մլն 800 հազար դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Համայնքապետի կինը՝ Սերինե Գալուբյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է համատեղ սեփականությամբ հողամաս և միանձնյա սեփականությամբ առանձնատուն՝ Արտաշատում, որոնցից առաջինը ձեռք է բերել 1991 թվականին, երկրորդը՝ նվիրատվություն ստացել 2011-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ Գալուբյանը հայտարարագրել է 2015 թվականի արտադրության KIA մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 44-օրյա պատերազմի օրերին՝ 2020-ի հոկտեմբերի 15-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Արտաշատի համայնքապետի կնոջ բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 20․395 դրամ, տարեվերջին՝ 55․980 դրամ։ Բացի այդ, նա տարեսկզբին ունեցել է 4 մլն 100 հազար դրամ կանխիկ գումար, տարեվերջին՝ 4 մլն 600 հազար դրամ։

Հաշվետու տարում Սերինե Գալուբյանը եկամուտը կազմել է 4 մլն 360 հազար, որը նա ստացել է ձեռնարկատիրական գործունեությունից։

Ամենից շատ դիտված