Փրայմերիզով կեղծեմ ձեր ընտրությունն ու անցնեմ օրենքի վրայով
copy image url

Փրայմերիզով կեղծեմ ձեր ընտրությունն ու անցնեմ օրենքի վրայով

Միտք Ներքին 5 ամիս առաջ - 09:00 28-11-2024
Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անցնում է օրենքի վրայով։ Օրենքը պահանջում է, որ Գյումրիում արտահերթ ընտրություններ կազմակերպվեն։ Դա անելու փոխարեն նախաձեռնվում է ինչ-որ փրայմերիզ։ Ինչո՞ւ օրենքով սահմանված կարգով արտահերթ ընտրություններ չեն նշանակում Գյումրիում։ Եվ ինչո՞ւ են ապօրինի ճանապարհով փորձում իշխանություն ձևավորել այս քաղաքում։

«Առաջիկայում ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում ես պետք է Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեմ: Բայց խնդիրը քննարկելով նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ՝ եկել եմ այն եզրակացության, որ այդտեղ խնդիրը միանձնյա վարչական որոշմամբ չի կարող լինել: Մենք կխնդրենք ՔՊ-ի անդամներին, համակիրներին առաջադրեն թեկնածուներ կամ ինքնառաջադրվեն: Քվերակության արդյունքում կընտրվի թեկնածուն, որին կնշանակեմ պաշտոնակատար, և ամենայն հավանակությամբ, նա էլ կդառնա ՔՊ-ի թեկնածուն»,- նոյեմբերի 27-ին ֆեյսբուքի իր էջում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնելով, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանա փրայմերիզ։

Հոկտեմբերի 28-ից Գյումրին քաղաքապետ չունի։ Ավագանու 14 անդամներ վայր են դրել մանդատները։ Անցել է 1 ամիս։ ԿԸՀ-ն պարտավոր էր արտահերթ ընտրություններ կազմակերպել սահմանված կարգով և ժամկետներում։ Ենթադրաբար՝ ՔՊ-ն մտավախություն ունի, որ պարտվելու է Գյումրիում։ Թերևս՝ այս է պատճառը, որ ընտրություններ անցակցնելու փոխարեն ուզում են ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։ Նկատենք, որ Ժ/Պ նշանակում են, երբ հնարավոր չէ օրենքով սահմանված կարգով, ժողովրդավարական ընտրություններով ձևավորել իշխանությունը։ Հետևաբար՝ ԿԸՀ-ն պետք է հայտարարությամբ հանդես գա և հիմնավորի, թե ո՞վ կամ ի՞նչն է խանգարում օրինական ընտրություններին։ Քանի որ այդպիսի պաշտոնական հիմնավորում չկա, ապա կարող ենք հիմնավոր կասկած հայտնել, որ ԿԸՀ-ն, Կառավարությունը ոտնահարում են օրենքը, օրինական արտահերթ ընտրություններ անցկացնելու փոխարեն փորձում են Ժ/Պ նշանակել։

Այս անօրինությունը ի՞նչ առավելություն կարող է տալ ՔՊ-ին։

Մեր երկրում դեռ գործում է խորհրդային բռնազավթման տարիների իներցիան, երբ ընտրողն ընտրում էր նրան, ում ցույց էին տալիս իշխանությունները։ Հիմա գործող իշխանության և մյուս հավակնորդների միջև ընտրության պարագայում ընտրողների մի ստվար զանգված սովետահպատակի իներցիայով ընտրում է գործողին, առանց նայելու նրա արածին, ապրածին, արժանիքներին, նույնիսկ անունը չի հետաքրքրում։ Գործողի օգտին են աշխատում տեղական մեծ ու փոքր հեղինակությունները։ Գործող իշխանությունը նաև վարչական ռեսուրս կիրառելու հնարավորություն ունի։

Ենթադրելի է, որ Փաշինյանը հասկանալով, որ Գյումրիում օրինական ընտրություններում պարտվելու են, որոշել են Գյումրիի քաղաքապետի Ժ/Պ նշանակել, որոշ ժամանակ ամրացնել դիրքերը, ճնշել, խաղից դուրս հանել պոտենցիալ մրցակիցներին, հետո կիրառելով վարչական ռեսուրս, հաղթել ընտրություններում, ստանալով իներցիայով գործողին ընտրողների քվեները։ Իշխանության հասնելու այս անարդար ճանապարհը ամենևին չի տարբերվում ընտրակեղծիքով անցկացվող ընտրությունից, որովհետև նախ ոտնահարվում է արտահերթ ընտրության անցկացման կարգն ու ժամկենտների մասին օրենքի տառը, երկրորդն էլ հիմնավոր կասկած կա, որ այս անարդար ուղին ընտրվում է վարչական ռեսուրս կիրառելու համար։

Այս ամենի մեջ անհասկանալի է մի բան։ Եթե ընթեռնելի է Գյումրիում իշխանություն վերցնելու Նիկոլ Փաշինյանի ծրագիրը, ապա ի՞նչ իմաստ ունի փրայմերիզ անցկացնելը, որն իրականում հարցում է լինելու թիմակիցների և յուրայինների շրջանում։ Ենթադրելի է, որ այսպիսով փորձելու են հարցմանը մասնակից դարձնել հնարավորինս շատ մարդկանց, ցույց տալու, թե համակիրների մեծ բանակ ունեն Գյումրիում։ Չի բացառվում, որ փրայմերիզին կմասնակցեն ՊՈԱԿ-ի ֆեյքերը։ Եթե հաշվի առնենք, թե ինչ մեծ ազդեցություն ունի Աննա Հակոբյանը ֆեյքերի ՊՈԱԿ-ի վրա, ապա կանխատեսելի է, թե ով է նշանակվելու Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար։ Կանխատեսելի է նաև, որ Ժ/Պ-ն՝ կենտրոնացնելով ամբողջ իշխանությունը իր ձեռքում, վարչական ռեսուրսներ կիրառելով, կկեղծի Գյումրիի ընտրությունները, իրական փորձառություն ձեռք կբերի ու նույն հաջողությամբ վարչական ռեսուրսներ կկիրառի 2026-ի ընտրություններում, ստեղծելով կեղծ պատկեր, թե Գյումրին ընտրում է Նիկոլ Փաշինյանին։

Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանի փրայմերիզը ժողովրդավարության հետ կապ չունի։ Այն օրինախախտումների և առաջիկա ընտրակեղծիքների անարդար ճանապարհի հանգրվան է։ Իսկ եթե վաղը որևէ մեկը հանդիմանի ՔՊ առաջնորդին ապօրինության և անարդարության համար, ապա նա կարող է մատնացույց անել գյումրեցիներին ու ասել, որ նրանք են փրայմերիզով ընտրել իրենց համայնքապետի Ժ/Պ-ին։

Իսկ ամենավտանգավորն այն է, որ Փաշինյանի առաջարկած ճանապարհով համայնքապետի փաստացի ընտրությանը մասնակցում են միայն ՔՊ համակիրները, իսկ ժողովրդի ձայնն արհամարհվում է։ Այսպիսով՝ փաստացի իշխանության ձևավորման հարցում իմաստազրկում են օրենքը, բազմակուսակցական համակարգը, քաղաքական բանավեճը, քաղաքական մրցակցությունը և այլ շատ կարևոր բաներ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:50 Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղաքացին 5 անչափահաս երեխա ուներ
18:24 Կարենը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին. մանրամասներ` հոսանքահարված զինվորի մասին
16:48 Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել․ հայտնի է ինքնությունը
15:04 Հրաշքներ լինում են. Անահիտ Մանուկյանը՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին
00:10 Լևոն XIV պապը կեսարացի հայ Սեդրակ Բարսեղյանի թոռն է. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
13:42 Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ խոսակցությունների համաձայն՝ ձկնորսներից 1-ը ջրահեղձ է եղել
15:12 Կարիքից ելնելով մեր համայնքում չոբանություն էր անում․ մանրամասներ՝ Արջուտի ողբերգական դեպքից
22:23 Հոսանքազրկվելու պատճառով Գումի շուկայում հարյուրավոր կգ ձկներ են սատկել՝ պատճառելով միլիոնների վնաս
19:04 Մեղրիում էր ծառայում, մեկ տարին նոր էր լրացել․ նոր մանրամասներ՝ հոսանքահարված զինվորի մասին
17:00 Նոր մուտացիա. Փաշինյանը կռվելու է ռուսական ուսադիրներո՞վ