copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:43 25-05-2023

Առաջ Աղվան Վարդանյանն ինձ ասում էր՝ «ողջույն, լուսավո՛ր մարդ», իսկ հիմա ասաց՝ «միայն ձեր դիակի վրայով». Աղազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր ԱԺ-ում իր ելույթում նշեց, որ մի քիչ կշեղվի օրակարգից և մեկ-երկու դրվագ կպատմի իր ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարաբերություններից։

«Երբ ես ՀՅԴ անդամ էի, Աղվան Վարդանյանի հետ շփվել ենք, ես իր մասին շատ դրական կարծիքի էի՝ գրագետ, պատրաստված, միգուցե, մի քիչ մեծամիտ, դա էլ, երևի, պայմանավորված էր իր ներքին կարողությունների գնահատականով»,- ԱԺ-ում պատմեց Աղազարյանը։

Նա 1998 թվականի ՀՅԴ գերագույն ժողովից որոշ դրվագներ ներկայացրեց․ ասաց՝ ինչ-որ հարց է քննարկվել, որի վերաբերյալ ինքն ու Աղվան Վարդանյանը նույն կարծիքն են ունեցել։

Աղազարյանը պատմեց, որ ինքն ու Աղվան Վարդանյանը ելույթ են ունեցել, որից հետո մեկ այլ ՀՅԴ-ական է ելույթ ունեցել ու քննադատել իր ու Վարդանյանի ելույթը։ Աղազարյանն իր ելույթի քննադատության ժամանակ լռել է, իսկ երբ Աղվան Վարդանյանի ելույթն են քննադատել, ընդհատել է։

«Դրանից հետո ամեն առավոտ, երբ հավաքում էինք, Աղվան Վարդանյանը գալիս էր ու բոլորի ներկայությամբ ինձ ասում էր՝ «ողջույն, լուսավո՛ր մարդ»։ Անցան ժամանակներ, էլի շփվում էինք: Ես որպես էթիկետը պահող, հարգանքը հասկացող մարդ, հանդիպեցի իրեն ԱԺ դահլիճի անցակետում, ես զիջեցի տեղն իրեն, ինքն էլ ասաց՝ «միայն ձեր դիակի վրայով»։ Դե, դա կարելի է համարել Աղվան Վարդանյանի սարկազմով մտքերի շարքից, բայց այդուհանդերձ, հիմա էլ ասում է՝ «մի մարդ, որ չի հասկանում, թե ինչ է խոսում»։ Հիմա, պարո՛ն Աղվան Վարդանյան, կյանք ենք ապրել, ի՞նչ տրասնֆորմացիա է տեղի ունեցել ձեր մոտ, ի՞նչ տրանսֆորմացիա՝ իմ մոտ, իմ մոտ, բացի այն, որ բիձայացել եմ, շատ ուրիշ բաներ տեղի չեն ունեցել, իսկ ձեր մոտ տրանսֆորմացիաներ շատ են եղել: Մենք ձեզ հետ պայքարում էինք ուրիշ բաների համար, դուք հետո այդ ուրիշ բաները ոտնահարեցիք և ձեր անձնականը առաջ քաշեցիք շատ շատերի հետ միասին»,- հայտարարեց Հովիկ Աղազարյանը։

Նա նաև նկատեց, որ ԱԺ-ն պատկերավոր ասած պատգամավորների տունն է, մի ընտանիք են, որտեղ կարող են իրար հետ վիճել, կռվել անգամ չափն անցնել, բայց չի կարելի դրսից մարդ հրավիրել և նրան վիրավորել: «Ինձ մոտ էլ բնական ռեակցիա էր, մի թեթև կոշտ տոնով արձագանքեցի պարոն Արթուր Սարգսյանի պահվածքին, որին չեմ էլ ճանաչում, բարևած էլ չկամ»,-ասաց նա: