Իշխանական պատգամավորները հաճախ են փայլում անհեթեթ, հակասական, անտրամաբանական և աննրբանկատ ելույթներով, որոնք ոչ միայն ծիծաղ են առաջացնում, այլև սկանդալային ռիսկեր պարունակում։
«Ինձ համար հայրենասիրությունը կենսակերպ է, հերոսությունը վարքագիծ»։ Այսպիսի խոստովանություն է արել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անկուսակցական պատգամավոր Շիրակ Թորոսյանը նոյեմբերի 13-ին ԱԺ ամբիոնից 2025-ի բյուջեի քննարկումների ժամանակ, միաժամանակ հավելելով, որ չի սիրում այն մարդկանց, ովքեր թմբկահարում են իրենց հայրենասիրությունն ու հերոսությունը։ Այնուհետև նա կարծիք է հայտնել, թե չի կարելի հակադրել սխրանք գործած զինվորին և հարկ վճարողին։ Սակայն պատգամավորը դրանց, չգիտես ինչու՝ համեմատել է խորհրդային բռնազավթման տարիներին ստախանովյան շարժման և խորհրդային բանակի հայկական ծագում ունեցող զինվորների հետ, որոնք խորհրդային հերոսի կոչումներ են ստացել։
Սա դեռ ամենը չէ։ «Մեծ սխալ է իրական և պատմական Հայաստանների գաղափարները հակադրել, մեծ սխալ է: …Չպետք է փորձենք քաղաքական կապիտալ ձևավորել, գեներացնել գաղափարների շուրջ, որոնք այժմեական չեն գոնե այս պահին, կամ այժմեական են մեր ենթագիտակցության մեջ, բայց ոչ իրականության մեջ»,- բազմանշանական շեշտել է պատգամավորը, տպավորություն թողնելով, թե դեմ է փաշինյանական մոտեցումներին։
Նա քննադատել է նաև Վրաստանի նախագահի օրեր առաջ արած հայտարարությունը պատմական Վրաստանի մասին, դրանք որակելով տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ։ Թորոսյանը դժգոհել է, որ չի տեսել նորմալ արձագանք Հայաստանի քաղաքական շրջանակների կողմից, միաժամանակ ընդգծելով, որ ինքը կոշտ արձագանքել է։
Այնուհետև պատգամավորը կտրուկ հետ շրջադարձ է կատարել դեպի պատմական Հայաստանի թեման, նշելով. «Եթե այսօր մենք պետական քաղաքականությամբ պնդենք պատմական Հայաստանի մասին, մեր չորս հարևաններին կստիպենք, որպեսզի համախմբվեն և ոչնչացնեն մեր պետականությունը»։ Այնուհետև համեմատական սահուն անցում է արել Քուրդիստան պետության գաղափարին, կարծիք հայտնելով, որ Սիրիան, Թուրքիան, Իրանն ու Իրաքն ամեն ինչ անելու են, որ չծնվի քրդական պետությունը, որովհետև Քուրդիստան՝ նշանակում է հավակնություն միջազգայնորեն ճանաչված Իրանի, Թուրքիայի, Իրաքի և Սիրիայի տարածքների նկատմամբ։ «Մենք չենք կարո՞ղ սովորել մարդկանցից, պետություններից, աշխարհից, չենք կարո՞ղ հասկանալ, թե որն է մեր իրական շահը՝ ՀՀ-ն պաշտապանելու, առաջ տանելու, զարգացնելու և ուժեղացնելու»,- հռետորական հարց է տվել անկուսակցական պատգամավորը, չպարզեցնելով, թե հատկապես ի՞նչ է ուզում սովորել ու հասկանալ։
Ժողովրդի ընտրյալի հակասական, աննրբանկատ ելույթը թյուրիմացություն ու խառնաշփոթ է առաջացրել հանրության շրջանում։ Քաղաքացիները շփոթված հարցեր են տալիս։ Օրինակ՝ Ստախանո՞վն է մեր ազգային հերոսը, Զոյա Կոսմսդեմյանսկայա՞ն, թե՞ Մովեսես Գորգիսյանը, Վազգեն Սարգսյանը և այլք։ Մի տեղում, ընտրյալը շատ սխալ է համարում իրական և պատմական Հայաստանների հակադրումը, մի քանի րոպե անց պատմական Հայաստանի գաղափարը համարում շատ վտանգավոր։ Կամ ինչու՞ իր հարազատ խմբակցության ղեկավարից չի պահանջում համարժեք հակադարձել Սալոմե Զուրաբիշվիլիին։ Ինչո՞ւ է ձևացնում է, թե չգիտի, որ հարևան երկրի նախագահին հակադարձելը կշիռ ունի, երբ դա անում է քաղաքականություն որոշող ԱԳՆ-ն, իշխող կուսակցության ղեկավարը, խմբակցությանը ղեկավարը, ոչ թե անորոշ քաղաքական շրջանակները։ Ի վերջո՝ Շիրակ Թորոսյանին ի՞նչ՝ քրդերը պետություն կունենա՞ն, թե՞ ոչ։
Իրականում՝ անկուսակցական Շիրակ Թորոսյանը ամբողջությամբ արտացոլում է ՔՊ-ի դեմքը, քանի որ ՔՊ-ականները նույնպես հակասական, հակագիտական, աննրբանկատ հայտարարություններ են անում, առանց անհարմար զգալու։
Պարզ ասած՝ անկուսակցական Շիրակ Թորոսյանի նոյեմբերի 13-ի ելույթը ահազանգ է, որ իշխանական պատգամավորները պարբերական ատեստացիա պիտի անցնեն, ինչպիսին անցնում են մանկավարժները։ Եթե մանդատ ունեցողը չհավաքի անհրաժեշտ միավորներն, ապա պիտի զրկվի պարգևավճարից, աշխատավարձից, փոխարինվի ցուցակի հաջորդ թեկնածուով, քանի որ արդար չէ, որ հարկատուի միջոցները տրամադրեն մարդկանց, ովքեր չեն կարողանում պարզ շարադրել իրենց դիրքորոշումը, չեն գիտակցում, թե ով է որոշում արտաքին քաղաքականությունը, աննրբանկատ արտահայտություն են անում հարևան ժողովուրդների նկատմամբ, թյուրիմացության մեջ գցելով քաղաքացիներին և խորը հիասթափություն պատճառելով ընտրողներին։
Թաթուլ Մկրտչյան