Երևան +15°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 16:35 03-02-2022

«Էլեկտրիկ Երևանի» կազմակերպիչները թանկացումների համար պայքարը այժմ անհեթեթ են համարում

Փետրվարի 1-ից ուժի մեջ մտավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)՝ անցյալ տարեվերջին ընդունած որոշումը, համաձայն որի՝ 4.7 դրամով թանկանում է էլեկտրաէներգիան:

Այս թեմայով Oragir.news-ը զրուցել է 2015 թվականին էլեկտրաէներգիայի դեմ ակտիվ պայքարող և «Էլեկտրիկ Երևանի» կազմակերպչական հիմնական անդամներ Վաղինակ Շուշանյանի և դերասանուհի Անի Խաչիկյանի հետ՝ հասկանալու, թե արդյոք պատրաստվո՞ւմ են իրենց դժգոհությունները փողոցային պայքարի միջոցով արտահայտել։

Վաղինակ Շուշանյանը, ով այժմ գնվում է ԱՄՆ-ում, մեզ հետ զրույցում ասաց, որ չնայած ինքն այժմ Հայաստանում չի գտնվում՝ ամբողջությամբ հետևում է տեղի ունեցող թե՛ ներքին, թե՛ արտաքին իրադարձություններին։

«Իհարկե, տեղյակ եմ հոսանքի գնի թանկացման մասին։ Ցանկացած իշխանություն, երբ ժողովրդի վրա սոցիալական բեռ է ավելացնում, ինքն իր մահախոսականն է կնքում։ Դա տեղի է ունեցել անցյալ իշխանությունների օրոք, չգիտեմ՝ հիմա ի՞նչ են պատճառաբանում նորերը, բայց սա նաև իրենց համար թող ազդանշան լինի, որ իրենց վերջն էլ է գալու, եթե այսպես շարունակեն, ու ոչ միայն հոսանքի թանկացման համար։ Իհարկե, կտրականապես դեմ եմ ցանկացած թանկացման, և ինչքան էլ որ հեռու եմ, ներքուստ պայքարում եմ այդ ամենի դեմ։ Իհարկե, եթե ՀՀ-ում լինեի, ուրիշ ձև կպայքարեի ու ուրիշ ձև կլիներ իրավիճակը, բայց ունենք այն, ինչ ունենք»։

Շուշանյանը վերջում հավելեց, որ խորհուրդ է տալիս իշխանություններին հիշել յոթ տարի առաջ տեղի ունեցող իրադարձությունները՝ «Էլեկտրիկ Երևան» շարժումը, և նման տեմպերով շարունակելու դեպքում ավելի մեծ բան կլինի իրենց գլխին։ Եվ դա կանեն այն մարդիկ, ովքեր անտարբեր չեն լինի ու դուրս կգան նրանց դեմ։

Դերասանուհի Անի Խաչիկյանը, ով հեղափոխությունից հետո որևէ ցույցի չի մասնակցում, նշում է, որ ժամանակին թե՛ «Էլեկտրիկ Երևանի», և թե՛ մնացած ցույցերին մասնակցելը ինքնաբուխ է եղել, և այդ մասնակցությունը հենց դրանով է եղել բնական, իսկ այժմ, երբ չկա այս պահանջը, մարդիկ հարմարվում են ամեն ինչին, արհեստականորեն պայքարելու դրա դեմ՝ անհեթեթ կլինի։

«Ես չեմ ասում, որ անհեթեթ է պայքարելը, այլ՝ արհեստականորեն ինչ-որ բան անելը, որը քաղաքացիների բողոքը չի արտահայտում անհեթեթ է, բնականաբար, դեմ եմ թանկացումներին։ Պայքարը միշտ չէ, որ դեմ լինելը նույն ձևով է արտահայտվում, ու մի բան է, որ դա ինքնաբուխ է, մի այլ բան, երբ դա հասարակության պահանջն է ու դրսևորումներ է ունենում, մի այլ բան, երբ այդ պահանջը չի ձևավորվում»։

Այն հարցին, թե ի՞նչ կանի այժմ թանկացումների դեմ պայքարելու համար, ասաց, որ հեղափոխությունից հետո որևէ բանի չի մասնակցում, որովհետև փողոցային պայքարին չի մասնակցում։

«Դա գուգե տարիքից է, գուցե վերաարժևորելուց է, կամ գուցե դա նրանից է, որ երկու տարի առաջ մեր երկրում ահավոր աղետ եղավ՝ պատերազմի տեսքով, ու դրանից հետո մի քիչ դժվար է դուրս գալ փողոց, ինչ-որ բան պահանջել։ Անկախ նրանից, թե որքա՞ն արդարացված ու հիմնավորված է պահանջը և պայքարը, բավականին բարդ է, որովհետև մեր հասարակությունը 2018 թվականին կայացրեց որոշում, որը լի էր հետևանքներով ու պտուղներով։ Այսինքն՝ դրանք պատճառահետևանքային կապերով պրոցեսներ են, որոնք պետք չի հիմա կապել այն մարդկանց հետ, որոնք «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ փողոցում էին, իսկ հիմա ի՞նչ փողոց»։

Քնարիկ Պետրոսյան