Ներքին 9 ամիս առաջ - 09:01 19-11-2025

Քանի տարի է` այդ ծրագրում ենք, բայց ոչ մի աշխատանք դեռ չի սկսվել․ ինչ վիճակում են Փաշինյանի խոստացած 300 նորոգվող դպրոցները

Oragir.Newsշարունակում է ուսումնասիրել «Մինչև 2026 թվականը կառուցվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցներում կատարված աշխատանքները։

Այսպես․ Արագածոտնի մարզի Սասունիկի միջնակարգ դպրոցն արդեն շահագործման է հանձնվել․ սեպտեմբերից դասեր են իրականացվում, հայտնեցին դպրոցից։

Երևանի Թիվ 22 հիմնական դպրոցում վերակառուցման աշխատանքները դեռ չեն սկսվել։ Ինչպես Oragir.News-ին հայտնեցին դպրոցից՝ սպասում են մրցույթը կայանա, և որոշվի, թե որ կազմակերպությունն է իրականացնելու վերակառուցման աշխատանքները։

Կարեն Դեմիճյանի անվան թիվ 139 դպրոցում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Այս պահին ներքին աշխատանքներ են տարվում, թե որքան կտևեն դրանք, դպրոցից չկարողացան ստույգ տեղեկություն հայտնել․ «Աշխատանքները մինչև ձմեռ կավարտվեն, բայց մենք մինչև գույք ստանանք և այլն, կարծում եմ՝ 2026-ի սեպտեմբերին նոր կտեղափոխվենք»։

Երևանի թիվ 109 ավագ դպրոցում անգամ ոչինչ չի սկսվել․ «Մենք լուր չունենք այդ աշխատանքների մասին։ Այո, ընդգրկված ենք, կուզենայի իմանալ՝ ե՞րբ կսկսվեն այդ աշխատանքները։ Մեզ չեն այցելել, ոչնչից տեղյակ չենք»,- Oragir.News-ին ասաց տնօրենի պաշտոնակատարը, ապա հավելեց,- «Մենք մի քանի տարի է՝ այդ ծրագրի մեջ ենք ընդգրկվում․ մեկը՝ 2019-ին էր, պատերազմի պատճառով հետ ընկանք, մյուսը՝ 2023-ին, երրորդն էլ՝ 2024-ին։ Ոչ ոքի չենք դիմել, քանի որ դեռ նշված ժամկետի մեջ ենք։ Մտածում ենք՝ դեռ մեր ժամանակը չի հասել, միգուցե դեռ կմոտենան, դրա համար ոչ մի հարցում չենք արել»։

Երևանի Ա․ Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոցը վաղուց հիմնանորոգված է․ արդեն երեք տարի է շահագործման է հանձնվել։

Մանկավարժական համալսարանի հենակետային ավագ դպրոց վարժարանը նույնպես վերանորոգել-վերջացրել են։ Արդեն 3 տարի է վարժարանը շահագործվում է։

Թիվ 45 հիմնական դպրոցից հայտնեցին, որ դեռ չեն սկսել շինաշխատանքները․ «Դեռ հանդիպում չեմ ունեցել շինարարական կազմակերպության հետ»,- հայտնեցին դպրոցից՝ նշելով, որ աշխատանքները հնարավոր է 2026-ին սկսվեն և հասցնեն ավարտել մինչև 2027 թվականը։

Հիշեցնենք, որ վերոնշյալ բոլոր դպրոցներն ընդգրկված են մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող, վերակառուցվող 300 դպրոցների ծրագրում, սակայն նրանցից շատերում դեռ շինաշխատանքները չեն էլ սկսվել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ