Նիկոլ Իմաստուն. ժողովրդավարության գերեզմանափոր է հայտնվել
copy image url

Նիկոլ Իմաստուն. ժողովրդավարության գերեզմանափոր է հայտնվել

Ներքին Միտք 7 ամիս առաջ - 21:00 12-11-2024
Տարածված կարծիք կա, թե թերաժեքության և հպատակի բարդույթները, սեփական կարծիքն արտահայտելու վախը, ղեկավարներին քծնելը, ստրկամտությունը, փոքրոգությունը ժողովրդավարական համակարգի թշնամիներն են։ Այս արատների տարածումը հանգեցնում է ժողովրդավարական կարգի քայքայմանն ու ավտորիտարիզմի արմատավորմանը։

Նոյեմբերի 12-ին ԱԺ-ում 2025-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ասաց հետևյալը. «Հարկ եմ համարում շնորհակալություն հայտնել ֆինանսների նախարարության բոլոր աշխատակիցներին, ովքեր ներգրավված են եղել ամիսներ շարունակ կազմելու և հղկելու բյուջետային փաստաթուղթը, բոլոր նախարարներին և պետական գերատեսչությունների ղեկավարներին, պատգամավորներին իրենց ակտիվ մասնակցության համար և իհարկե վարչապետին և փոխվարչապետերին, ովքեր իրենց իմաստուն առաջնորդությամբ լուծումներ են առաջարկել այն տեղերում, որտեղ դրանք անհնարին էին թվում»։

Այստեղ ուշագրավ են «իմաստուն առաջնորդություն» որակումը։ Ինչո՞ւ ժողովուրդը չգիտի այդ իմաստուն առաջնորդության մասին։ Եվ այդ ի՞նչ է արել վարչապետը, որն անհնարին էր թվում։

Հին հունական մեծ մտածողները, որոնց գաղափարները մինչ օրս հետաքրքիր են, իրենց իմաստուն չէին համարում։ Իմաստունների դարն անցել է գնոստիկների հետ միասին, որոնք կարծում էին, թե ճանաչում են աշխարհը։ Իմաստունը գիտելիքի մարնավորումն էր, որից կարելի է անվերջ սովորել։ Տարածված կարծիք կար, թե իմաստուններն այնքան շատ բան գիտեն, որ չեն սխալվում, ի տարբերություն մյուս մարդկանց, այդ թվում գիտնականների և առաջնորների, որոնք սխալական են։

Նիկոլ Փաշինյանը բազմիցս է խոստովանել իր սխալները, որոնք ճակատագրական հետևանք են ունեցել։ Նրա սխալ որոշումների արդյունքում տեղի ունեցած ամենամեծ աղետը պարտությունն է 44-օրյա պատերազմում։ ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ չբարեկամների կողմից զավթվել են կրկին ՔՊ-ական առաջնորդների սխալ դիրքորոշման հետևանքով, ինչի մասին ակնարկել է ինքը՝ Փաշինյանը։ Նա բազմիցս է խոստովանել, որ ժողովրդին թյուրիմացության մեջ է գցել, թաքցրել ճշմարտությունը։ Բազմաթիվ անգամ ՔՊ-ն չի կատարել տված խոստումները։ Օրինակ՝ խոստացել էին, որ 2025-ին կբարձրացնեն թոշակները, բայց օրեր առաջ հայտարարեցին, որ չեն բարձրացնելու։ Այնինչ՝ իմաստունը սուտ չի խոսում սկզբունքորեն։ Այս առումով՝ Փաշինյանին իմաստուն առաջնորդ որակելը սովորական քծնանք է, որը նաև վիրավորանք է իմաստունների հասցեին և ահամարհանք ուղղված ժողովրդին, պետությանը, ճշմարտությանն ու գիտելիքին, տվյալ դեպքում՝ քաղաքական գիտելիքին։

Երբ մարդն անում է մի բան, որն անհնարին էր թվում, ասում են, որ տեղի ունեցավ հրաշք։ Ֆինանսների նախարարն ասում է, որ վարչապետի խորհրդով կատարվել է մի բան, որն անհնարին էր թվում։ Ասել է, թե հրաշք է տեղի ունեցել։ Վահե Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նաև հրաշագործ է։ Սա նույնպես սովորական քծնանք է, քանի որ Փաշինյանի հրաշագործության մասին ժողովրդին հայտնի չէ։ Ու եթե նախարարի կարծիքը կիսեն նաև մյուս թիմակիցներն ու տարածեն ժողովրդի շրջանում, ապա մի քանի տարի անց դասագրքերում կգրվի Նիկոլ Իմաստուն կամ Նիկոլ Հրաշագործ։

Ժողովրդավարական երկրում պետության ղեկավարին վերաբերվում են քննադատաբար, քծնանքը համարվում է արատ, զզվելի ու վտանգավոր մի բան։ Մարդիկ հավասար են, միմյանց վերաբերվում են եղբայրաբար։ Եթե քաղաքացիական պատասխանատվությամբ գնահատենք Ֆինանսների նախարարի խոսքը, ապա պետք է նկատենք, որ քծնանքի այսպիսի ցուցադրությունը ռեալ սառնալիք է ժողովրդավարության, բազմակարծության համար։ Սովորական մարդիկ իմաստուններին կամ հրաշագործներին չեն առարկում։ Պետության ղեկավարի խոսքն անառարկելի է համարվում ավտորիտար, ոչ ժողովրդավարական համակարգերում։ Այսինքն՝ նախարար Հովհաննիսյանը գիտակացաբար կամ թյուրիմացաբար բացահայտեց, որ ՔՊ-ական իշխանությունը ոչ ժողովրդավար է, որտեղ ենթակաները քծնում են վերադասին, նրանց համարում իմաստուն ու հրաշագործ։

Պատկերավոր ասած՝ քծնանքն ու անհամեստ ինաքնագովեստը ժողովրդավարության գերեզմանափորներն են։ Եվ եթե բարձրաստիճան պաշտոնյան դիմում է քծնանքի և չափազանցված ինքնագովեստի, ապա հիմք է տալիս ենթադրելու, որ ՔՊ-ն մտադիր է թաղել ժողովրդավորությունը, Հայաստանը դարձնելով ավտորիտար բռնապետություն, որտեղ քաղաքական աստիճաններով կարող են բարձրանալ միայն առաջնորդին քծնելով, ինչպես Հյուսիսային Կորեայում կամ խորհրդային բռնազավթման տարիներին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված