Բնակարան, ամառանոց, մեքենա, 45 մլն դրամ եկամուտ․ Վահե Հովհաննիսյանի և կնոջ ունեցվածքը
copy image url

Բնակարան, ամառանոց, մեքենա, 45 մլն դրամ եկամուտ․ Վահե Հովհաննիսյանի և կնոջ ունեցվածքը

Ներքին 7 ամիս առաջ - 22:20 21-08-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը, ովքեր 2018-ին իշխանության գալուց հետո շեշտակի բարելավել են իրենց նյութական վիճակը։

Այսօր ուսումնասիրել ենք ներկայումս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահե Հովհաննիսյանի և նրա կնոջ՝ Ինեսա Ռևազյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ 2018-2019 թվականներին Հովհաննիսյանը եղել է Նիկոլ Փաշինյանի խորհրդականը՝ հասարակական հիմունքներով, 2020-2021 թվականներին՝ Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդի անդամ և տնօրենի խորհրդական, 2021-2022 թվականներին զբաղեցրել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնը, իսկ 2022-ի դեկտեմբերի 20-ին նշանակվել է ֆինանսների նախարար։

Որպես անշարժ գույք՝ Հովհաննիսյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 ամառանոց՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում, որը նա գնել է 2015 թվականի հոկտեմբերի 23-ին։ Բացի այդ, նա տարվա ընթացքում ձեռք է բերել 1 բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որին նա տիրապետում է 90 օրից ավելի։ Տարեվերջին ինչպես ամառանոցը, այնպես էլ բնակարանը պահպանվել են։

Որպես շարժական գույք՝ Հովհաննիսյանը հայտարարագրել է 2006 և 2007 թվականների արտադրության Toyota մակնիշի 2 ավտոմեքենա, որոնցից առաջինը նա գնել է 2015 թվականի փետրվարի 19-ին, երկրորդը՝ 2019-ի դեկտեմբերի 21-ին, ինչպես նաև TRANSALP V600 PD06 մակնիշի մոտոցիկլ՝ գնված 2012 թվականի հունիսի 13-ին։

Տարվա ընթացքում նա 2006 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենան 25․000․000 դրամով վաճառել է, իսկ մյուս մեքենան և մոտոցիկլը պահպանվել են։

Վահե Հովհաննիսյանի հանձնած և վերադարձած փոխառությունները տարեսկզբին կազմել են 87․995․000 դրամ և 27․000 դոլար, որոնք տարեվերջին նույնությամբ պահպանվել են։

Նախարարի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 3․331․403, 51 դրամ և 5995․68 դոլար, տարեվերջին՝ 3․948․813 դրամ և 4937 դոլար։ Որպես կանխիկ դրամ՝ Հովհաննիսյանը հայտարարագրել է 100․000 դրամ, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Վերջինիս տարեկան եկամուտը, ըստ հայտարարագրի, կազմել է 20․126․814 դրամ, որը ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացած աշխատավարձն է։ Նկատենք, որ Հովհաննիսյանը մեքենայի վաճառքից ստացած 25․000․000 դրամն իր եկամուտների բաժնում չի նշել, ինչը օրենքի խախտում է։

Հովհաննիսյանն իր եկամուտներից 5500 դոլար՝ 2․131․690 դրամ հատկացրել է շարժական կամ անշարժ գույքի վարձակալությանը, 3․000․000 դրամ էլ՝ ուսման համար կատարվող վարձավճարին։

Նախարարի կինը՝ Ինեսա Ռևազյանը անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է իր ամուսնու հայտարարագրած ամառանոցն ու բնակարանը, որոնց տիրապտում է համատեղ սեփականությամբ։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Հովհաննիսյանի կինը չի հայտարարագրել։

Ռևազյանը մի ընկերությունում 400 դրամ արժեքով բաժնեմաս է հայտարարագրել, որի արժեքը տարեվերջին դարձել է 1000 դրամ։

Հովհաննիսյանի կինը Դրիմ Բոքս ՍՊԸ-ից 3․000․000 դրամի փոխառություն է ունեցել, որը տարեվերջին դարձել է 3․415․527 դրամ։

Ինեսա Ռևազյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 56․705 դրամ և 1488․78 եվրո, տարեվերջին՝ 26569 դրամ։ Վերջինս կանխիկ միջոցներ չի հայտարարագրել։

Նախարարի կնոջ տարեկան եկամուտը կազմել է 264,375, որը «ԴՐԻՄ ԲՈՔՍ» ընկերությունից ստացած աշխատավարձն է։