Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում երեկ վրաերթի ենթարկված 2 անչափահաս տղաները «Վեդի» Բժշկական կենտրոնից տեղափոխվել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Նոր Կյանք գյուղի բնակիչներից մեկը
Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ տղաները մորաքրոջ երեխաներ են, գյուղում հեծանիվ քշելիս են եղել, երբ դեպքը եղել է։
«Երկու քրոջ երեխա են, մեկը 14 տարեկան է, մյուսը՝ 8։ Երկուսն էլ այս գյուղից են, ուղղակի մեծը Ռուսաստանում է ապրում, ամառները գալիս են Հայաստան։ Շտապօգնության մեքենան, որ եկավ, մենք այդտեղ էինք, մեծ տղայի գլուխն էր վնասվել, արնահոսություն կար, փոքրի ոտքն էր կոտրվել։ Երեկ ասում էին, որ մեծ երեխան վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել, բայց այսօր լավ լուր լսեցինք, որ գիտակցությունը տեղն է, կյանքին վտանգ չի սպառնում։
Մենք շատ ենք ուզում, որ գյուղի մեջ արագաչափ տեղադրեն, քանի որ շատ արագ են քշում, ցավոք, նաև մահվան ելքով վրաերթ է եղել գյուղում․․․»,- ասաց բնակիչը։
Հիշեցնենք,որ երեկ՝ օգոստոսի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Վազգեն Հ.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Նոր Կյանք գյուղի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել հեծանիվ վարելիս նույն գյուղի բնակիչներ 14-ամյա Արսեն Ս.-ին և նշված հեծանիվի հետնամասում նստած 8-ամյա Ռուբեն Խ-ին: Վրաերթի ենթարկված երեխաները տեղափոխվել էին բուժհաստատություն։