Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանը, որը նախկինում ներկայանում էր որպես ընդդիմադիր, ՔՊ-ին միանալու որոշումից հետո դարձել է անհասանելի։
Ընտրությունների նախաշեմին համայնքի ղեկավարի բացակայության վերաբերյալ համայնքապետարանի աշխատակիցները տարբեր տեղեկություններ են փոխանցում, իսկ ինքը՝ Հարությունյանը, հեռախոսազանգերին չի պատասխանում։
Ամասիայի համայնքապետարանի աշխատակիցներից ոմանք նշում են, որ Ջեմմա Հարությունյանն արձակուրդում է, մյուսներն էլ ասում են, որ նա Երևան է գնում-գալիս։ Այսպիսով՝ համայնքապետի բացակայության վերաբերյալ հստակ պատասխան ստանալ չի հաջողվում։
Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում ընտրությունների նախաշեմին, երբ համայնքի ղեկավարի քաղաքական դիրքորոշումն ու հանրային հաշվետվողականությունը հատկապես ուշադրության կենտրոնում են։
Երբեմնի ընդդիմադիր համայնքապետը ՔՊ-ին միանալու որոշում է կայացրել և իրեն քվե տված մարդկանց հարցերին պատասխանելու փոխարեն շարունակում է անհասանելի մնալ։ Ջեմմա Հարությունյանը հայտնի գործարար Մարսել Կարապետյանի կինն է։
Վերջինս ղեկավարում է «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ-ն, որը զբաղվում է Շիրակի մարզի, մասնավորապես՝ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ճանապարհների սպասարկմամբ ու ձմեռային մաքրման աշխատանքներով։
Կարապետյանը նաև կապվում է ճանապարհային ոլորտում գործող ընկերության հիմնադրման և սեփականության հետ։ Հարությունյանի ամուսնու ընտանիքի՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապերի վերաբերյալ ևս խոսակցություններ են շրջանառվում։
Մնում է հասկանալ՝ ընտրություններից առաջ քաղաքական ճամբարը փոխած համայնքապետը պատրա՞ստ է հանրությանը բացատրել իր որոշման պատճառներն ու պատասխանել համայնքի կառավարման վերաբերյալ հարցերին, թե՞ այս ընթացքում նախընտրելու է մնալ անհասանելի։
Անահիտ Չալիկյան