copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 21:30 06-05-2024

Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են

Դավիթ Գույումջյան

Լրագրող

2021 թվականի արտհերթ խորհրդարանական ընտրություններից ամիսներ անց, որոնցում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել էր, հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի շուրջ 15 տոկոսը մասնավոր ընկերություններից մեկի կողմից փոխանցվել է Հայաստանի կառավարությանը։ Ավելի ուշ՝ 2022-ի օգոստոսին, ևս մեկ մասնավոր ընկերություն ԶՊՄԿ-ում իր 6․8 տոկոս բաժնեմասը փոխանցեց Հայաստանի կառավարությանը, որի արդյունքում կառավարությունը դարձավ կոմբինատի 2-րդ խոշոր բաժնետերը։

Այս երկու գործարքներն էլ, որոնք իրականացվել էր հույժ գաղտնի պայմաններում, Նիկոլ Փաշինյանի կողմից սկսեցին մեկնաբանվել որպես դարակազմիկ իրադարձություն։ Մասնավորապես Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ առաջին անգամ ԶՊՄԿ-ի բաժնետեր է դարձել Հայաստանի Հանրապետության քաղաքացին, իսկ կոմբինատի կողմից ՀՀ բյուջե վճարված հարկերը մեկնաբանում որպես ժողովրդից թալանվածը ժողովրդին վերադարձնելու օրինակ։

Հատկանշական է նաև, որ այս նվիրատվությունները տեղի ունեցան 2021-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ Սյունիքում Նիկոլ Փաշինյանի կողմից ԶՊՄԿ-ի վերաբերյալ հնչեցված կոշտ հայտարարություններից հետո։ 2021-ի հունիսին Փաշինյանը պնդել էր, որ ԶՊՄԿ-ի ղեկավարությունն իր չափերն անցել է, նշել՝ տեղեկություններ են ստացել, որ կոմբինատի ղեկավար կազմից քաղաքացիներին արգելում են մասնակցել իշխող ուժի հանդիպումներին՝ միևնույն ժամանակ խոստանալով, որ ընտրություններում հաջողության հասնելուց հետո կզբաղվեն նաև ԶՊՄԿ-ի ղեկավարության խնդրով։

Փաստացի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ԶՊՄԿ-ի ղեկավար կազմը գրեթե ամբողջովին փոխվեց, իսկ Հայաստանի կառավարությունը դարձավ, կոմբինատի երկրորդ խոշոր բաժնետերը, որն, ըստ կառավարության և իշխանականների, դարակազմիկ իրադարձություն էր։ Վերջիններս այդ օրերին հանրության նաև վստահեցնում էին, որ կառավարության նվիրված բաժնեմասը նպաստելու է ՀՀ քաղաքացիների բարեկեցությանը, թույլ է տալու բարձրացնել մարդկանց կենսամակարդակը և այլն։

Սակայն պարզվում է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերը Հայաստանի կառավարությանը փոխանցելու որոշումը ոչ միայն չի բարելավել քաղաքացիների բարեկեցությունը, այլև ընդհակառակը՝ կոմբինատի գործերը վատացել են, և վերջինս սկսել է ավելի քիչ հարկեր վճարել պետբյուջե։

Վերջին տարիներին, այդ թվում 2021-2023 թվականներին, երբ հրապարակվում էր 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը, ԶՊՄԿ-ն մշտապես պահպանում էր առաջատարի դիրքը և իր վճարած հարկերով և տուրքերով համարվում էր ՀՀ-ի ամենախոշոր հարկատուն։

Օրերս Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել էր 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը, որը ուսումնասիրելուց հետո պարզ դարձավ, որ ԶՊՄԿ-ն առաջին անգամ զիջել է իր դիրքերը։ ՊԵԿ-ի հրապարակած տվյալներով՝ նախորդ եռամսյակում Հայաստանի խոշորագույն հարկատուն Mobile Centre բջջային հեռախոսների և աքսեսուարների վաճառքով զբաղվող ընկերությունն է։

Այսպիսով՝ Mobile Centre ընկերությունն առաջ է անցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից և «Գազպրոմ Արմենիա»-ից, որոնք մինչ այս զբաղեցնում էին խոշոր հարկատուների առաջին և երկրորդ հորիզոնականները։

Հայաստանի իշխանություններն ու վերջիններիս կից գործող քաղաքական ու փորձագիտական շրջանակները կպնդեն, որ այս փոփոխությունները փաստում են, որ ՀՀ-ում առկա է ազատ մրցակցություն, սակայն հստակ է՝ ԶՊՄԿ-ն 1000 խոշոր հարկ վճարողների շարքում իր դիրքերը վատթարացրել է այն բանից հետո, երբ անտեղ բաժնեմաս է ստացել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։

Չնայած Փաշինյանը պնդում էր, որ այս որոշումը բխում է ՀՀ քաղաքացիների շահերից, ինչպես նաև դա որոկում ժողովրդից թալանածը ժողովրդին վերադարձնելու օրինակ, այնուամենայնիվ փաստերը վկայում են հակառակի մասին․ ԶՊՄԿ-ն իր դիրքերը թուլացրել է և սկսել է ավելի քիչ հարկեր վճարել այն բանից հետո, երբ հիշյալ որոշումները կայացվել են։

ԶՊՄԿ-ի այս օրինակը ոչ այլ ինչ է, քան դասական օրինակ, թե ինչպես է Փաշինյնի կառավարությունն ունքը շտկելու փոխարեն աչքը հանում։ Սա նաև վկայում է այն մասին, թե իրականում ինչ վիճակում է գտնվում Հայաստանի տնտեսությունը։

Իրականում որքան էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վստահեցնում է, որ իրեն հաջողվում է տնտեսական փայլուն արդյունքներ արձանագրել, երբեմն երկնիշ տնտեսական աճ ապահովել, այնուամենայնիվ հստակ է, որ տնտեսությունում առկա են բազմաթիվ խնդիր, իսկ արձանագրված աճը հասարակ քաղաքացիներն իրենց մաշկի վրա այդպես էլ չեն զգում։

Ամենից շատ դիտված

11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
22:00 Ես իմ այս տարիքին դուրս եմ եկել պայքարի, իսկ այսօրվա երիտասարդները պասիվ են. Շնորհիկ Շահինյան