Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:59 12-04-2022

«Գնացին հոնքը շինելու տեղ աչքը հանելու ճանապարհով». որքանո՞վ են նվազել հանրային սննդի օբյեկտների այցելուները. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ ուժի մեջ են մտել հակածխախոտային օրենքի այն դրույթները, որոնցով սահմանափակվել է հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործումը: «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ մարտի 15-ից ուժի մեջ մտած օրենքն արդեն իր բացասական ազդեցությունն է թողել տնտեսվարողների վրա:

«Խիստ բացասական է ազդեցությունը, ու այս առումով երկու կարծիք լինել չի կարող: Ոլորտում անխտիր բոլորի վրա ազդել է այս օրենքը: Այցելուների 10-15 տոկոս նվազում կա բոլորի մոտ, բայց առավել շատ տուժել են փակ օբյեկտները. փաբերի, գիշերային ակումբների վրա ազդեցությունը շատ ավելի ակնհայտ է: Այդ օբյեկտները շատ ավելի այցելուներ են կորցրել, որովհետև իրենց ամբողջ բիզնեսը հենց այդ տրամաբանության մեջ է՝ իրենց մոտ ծխելու և խմելու համար են գնում»,-ասաց նա:

Աշոտ Բարսեղյանը նշեց, որ օրենքի կիրառման վերահսկողության առումով ևս խնդիրներ կան: «Մենք ի սկզբանե գիտեինք, որ չեն կարողանալու հետևել կիրառմանը, մանավանդ, երբ խոսում ենք բացօթյա տարածքների մասին: Անհնար է հետևել կիրառմանը: Իրականում օրենքն այնքան անկատար է, որ նույնիսկ ստուգող մարմինն է պարզաբանում պահանջում առողջապահության նախարարությունից, թե, օրինակ՝ որ պարագայում ինչը ոնց պետք է մեկնաբանվի: Իշխող ուժի ներկայացուցիչները ոգևորությամբ էին այս օրենքն անցկացնում ու նույն ոգևորությամբ էլ գովերգում էին: Բայց վերջին իրադարձություններից ինձ համար պարզ դարձավ, որ օրենքն այնքան վատ է գրված, որ նույնիսկ իրենք են հասկացել դրա բավականին խնդրահարույց լինելը, և որ իսկապես այն վերանայելու անհրաժեշտություն կա»,-ասաց նա՝ նկատի ունենալով օրերս նշված օրենքի շուրջ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումը:


Մեր զրուցակիցը շեշտեց, որ այդ շրջանակում խոսվել է աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Հույս հայտնեց, որ գոնե այս դեպքում քաղաքական բաղադրիչը մի կողմ կթողնեն, թեպետ, Ա. Բարսեղյանի խոսքով, իշխանական պատգամավորները ցանկանում են, որ այն ևս անպայման իրենց նախաձեռնությունը լինի: Վերադառնալով օրենքին՝ նա հավելեց. «Անհնարին է, որ ծխելու դեմ օրենքի առումով Հայաստանն առաջամարտիկ լիներ: Հիմա արդեն շատ երկրներում հետ են կանչում նման օրենքները: Իսկ երբ ազգաբնակչության կեսը ծխում է, դրա դեմ արգելքի մեթոդով չեն պայքարում: Բոլորն էլ հասկացել են, որ արգելքի մեթոդը արդյունավետ չէ, ու այդ միջոցով անհնար է պայքարել ծխելու դեմ: Բայց Հայաստանում, իհարկե, գնացին գլուխը պատին խփելու, հոնքը շինելու տեղ աչքը հանելու ճանապարհով և ընդունեցին ամենաանիրագործելի ու ամենաանհասկանալի օրենքը»:

Նրա խոսքով, օրենքի ընդունումից հետո ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել՝ հանրային օբյեկտներում սուրճ խմելու և ծխելու փոխարեն մարդիկ հիմա այդ գործողությունը, օրինակ՝ գրասենյակներում են անում:

Դիտարկելով թե՛ նշված օրենքը, թե՛ դրան նախորդած ու հաջորդող որոշումներն ու նախագծերը, Աշոտ Բարսեղյանը շեշտեց նաև դրանց անլուրջ լինելու մասին: Բացի այդ, նրա խոսքով, ամենահեշտը հենց վերոնշյալ ոլորտի հետևից ընկնելն է:

«Տեսնում ենք, թե հիմնարար խնդիրները թողած՝ առողջապահության նախարարությունն ինչով է զբաղված: Համացանցում զինվորների համար մարդիկ գումար են փորձում հավաքել, այս մարդիկ աղով են զբաղված: Ինչ վերաբերում է մեր ոլորտի հետևից ընկնելուն, երևի, հավեսի են ընկել, բայց այդպիսով ոչ մի հարց չի լուծվելու: Իրականում պրոֆեսիոնալիզմ չկա: Անգամ մի գործընթաց կազմակերպելուց մի քանի օրենսդրական, նաև ադմինիստրատիվ բացեր են թողնում: Օրինակ՝ տեսնում ենք, որ QR կոդերի վերաբերյալ բոլոր հրամանները բողոքարկվել են: Իրականում շուտափույթ ընդունված հրաման է, ի կատար չի ածվել, մինչդեռ այն դեռ գործում է, կարող են գալ, տուգանել: Առողջապահության նախարարությունը կարո՞ղ է ասել՝ հիմա իմաստը ո՞րն է: Իրականում գրանտ են ստանում, որի հիման վրա օրենք են մշակում: Իրենք իրենց համար պարզապես շատ «հաճելի» զբաղմունք են գտել»:

Աշոտ Բարսեղյանի խոսքով, այս մոտեցումները, օրենսդրական նախաձեռնությունները, բնականաբար, ազդում են ոլորտի վրա. «Օրինակ՝ նարգիլե ակումբները փակման եզրին են, բայց չեն փակվում, որովհետև գոնե վերջապես հասկացան, որ չի կարելի բռնել ու վայրկենական 1500 աշխատատեղ վերացնել: Մեծ հաշվով, բիզնեսը հոգնել է, մարդիկ բացարձակ ծաղրով են վերաբերվում յուրաքանչյուր նոր նախաձեռնության ու սպասում են, թե այլ ինչ զավեշտալի նախագծեր են հորինելու»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում