Եթե ինձ ասեին, որ 80 տարեկանից հետո էլ կարելի է սիրահարվել, ընտանիք կազմել ու կյանքի նոր էջ սկսել, գուցե չհավատայի։ Բայց Ռայա Աղաջանովայի և հայրենադարձ Սևան Շեմսյանի սիրո պատմությունը հակառակն է ապացուցում։
Նրանց ծանոթության վայրը ծերերի շուրջօրյա խնամքի հաստատությունն էր։ Երկու մարդիկ, որոնց կյանքն արդեն երկար ճանապարհ էր անցել, այստեղ գտան միմյանց։ Սիրահարվեցին ու որոշեցին ընտանիք կազմել։
Մեր զրույցը դեռ չսկսած՝ Սևան Շեմսյանը շտապում է ընդգծել կնոջ առանձնահատկությունը։
«Սովորական կին չէ իմ Ռայան, բոլոր կանանցից յուրահատուկ է»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում է նա՝ կնոջ մասին խոսելիս չթաքցնելով ջերմությունն ու հիացմունքը։
Սկսվում է անկեղծ ու ջերմ զրույցը։ Հուշերն ամուսիններին տանում են վաղ անցյալ՝ դեպի տարիներ, որոնք ձևավորել են նրանց կյանքն ու ճակատագիրը։
Սևան Շեմսյանի ընտանիքը 1940-ականներին Եգիպտոսից հայրենադարձվել է Հայաստան։ Ռայա Աղաջանովան Արցախում է ծնվել, սակայն ապրել է Կիրովաբադում։ 1962 թվականին տեղափոխվել է Երևան։
Ռայա Աղաջանովան մեծացել է երաժշտական ընտանիքում։ Թեև կյանքը նրան տարել է այլ ճանապարհով, և նա ուսանել է Բրյուսովի համալսարանում, երաժշտությունը միշտ մնացել է նրա հոգուն հարազատ։ Երաժշտական կրթություն չունենալով՝ նա այնքան լավ է տիրապետել նոտաներին, որ շատերը չեն հավատացել, թե մասնագիտական կրթություն չի ստացել։
Հանգամանքների բերումով Ռայան Աղաջանովան հայտնվել է ծերերի շուրջօրյա խնամքի հաստատությունում։ Հենց այնտեղ էլ հանդիպել է Սևանին՝ այն մարդուն, որի հետ կյանքի մայրամուտին նոր ընտանիք է կազմել։
86-ամյա կինը նվագում է, հաճախ նաև այն մարդկանց համար, ովքեր հասկանում են իր ստեղծագործությունները։
Անահիտ Չալիկյան