Ուղիղ եթեր
Թուրքիայի ռազմական ներխուժումն Իսրայել բացառվում է․ թյուրքագետ
copy image url

Թուրքիայի ռազմական ներխուժումն Իսրայել բացառվում է․ թյուրքագետ

Արտաքին Խոսք 8 ամիս առաջ - 22:30 29-07-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարել էր` պաղեստինցիներին աջակցելու նպատակով Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես դա արել է Լիբիայի և Արցախի պարագայում։ «Մենք պետք է շատ ուժեղ լինենք, որպեսզի Իսրայելը չկարողանա անհեթեթ գործողություններ անել Պաղեստինում։ Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, նույնը կարող ենք նրանց նկատմամբ անել»,- ասել էր նա։

Էրդողանի հայտարարություններին այսօր արձագանքեց Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը՝ վերջինիս համեմատելով Սադամ Հուսեյնի հետ։ «Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես թող հիշի, թե ինչ կատարվեց այնտեղ և ինչպես ավարտվեց»,- X-ի իր միկրոբլոգում գրել էր Կացը։

Oragir.News-ի հետ զրույցում թյուրքագետ Նելլի Մինասյանը շեշտեց, որ իրականում Էրդողանի այս հայտարարությունը կոնտեքստից կտրված է, և վերջինս մի փոքր այլ բան է նկատի ունեցել․ «Տեսեք՝ ինքը [Էրդողանը-խմբ․] իր կուսակցության ժողովի ժամանակ խոսում է Թուրքիայի իրավիճակի մասին, այսինքն՝ Թուրքիան ինչպիսի պետություն է։ Խոսքը նրա մասին է, թե Թուրքիան վերջին տարիներին ինչ ձեռքբերումներ է ունեցել․ այնտեղ նա խոսում է արտաքին առևտրի, էքսպորտի ծավալների ավելացման մասին և այս համատեքստում նշում է նաև ռազմական արդյունաբերության զարգացման մասին»։

Նելլի Մինասյանի համոզմամբ՝ Էրդողանը նկատի է ունեցել ոչ թե թուրքական զորքերի ուղղակի ներխուժումն Իսրայելի, այլ՝ ռազմական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի ունեցած ձեռքբերումները։ Նա նշեց, որ թուրքական ռազմական արդյունաբերության արտադրանքը կիրառվել է Արցախում և ապահովել է Ադրբեջանի հաղթանակը, ինչպես նաև կիրառվել է Լիբիայում՝ նպաստելով այն ուժերի հաջողություններին, որոնց աջակցում է Էրդողանը։

«Էրդողանն առաջին հերթին հենց սա նկատի ուներ։ Բացի այդ, ինքն ինչ է լսում, ինքը լսում է, որ իրենք չեն կարող Պաղեստինի հարցում էական դերակատարում ունենալ, որովհետև այդքան ուժ չունեն, իսկ այդքան ուժ ունենալը ենթադրում է, որ իրենք հետագայում նույնպես պետք է շարունակեն զարգանալ՝ շեշտը դնելով հենց ռազմական արդյունաբերության վրա։ Ըստ էության, Իսրայել գնալու արտահայտությունը վերաբերում է ոչ թե Իսրայելի տարածք թուրքական զորքի ներխուժմանը, ես դա բացառում եմ, այլ թուրքական զենքի մատակարարումներին, որը Իսրայելի հակառակորդները կարող են օգտագործել վերջինիս դեմ»,- կարծում է նա։

Թյուրքագետը չի կիսում այն պնդումները, որ Էրդողանը կարող է փակել Թուրքիայի տարածքով Իսրայելին մատակարարվող ադրրբեջանական նավթի ու գազի խողովակները, քանի որ դա նախևառաջ չի բխում իր շահերից։ Ըստ նրա՝ Թուրքիան Իսրայելի հարցում իր հնարավորությունների սահմանն արդեն օգտագործել է․

«Ընդհանրապես՝ Թուրքիայի և Իսրայելի միջև առևտրաշրջանառությունը բավականին մեծ ծավելների էր հասել, և թուրքական կողմը որոշ չափով դադարեցրել է դա։ Իհարկե տեղեկություններ կան, որ որոշ ապրանքների հետ կապված առևտուրը շարունակվում է՝ հատկապես միջնորդների միջոցով, այնտեղ անգամ Կիպրոսի մասին է խոսքը և այլն»։

Նելլի Մինասյանը հավելեց, որ էներգակիրների առումով Ադրբեջանը Թուրքիայի վրա ունի որոշակի ազդեցություն, քանի որ այդ երկրին շատ էժան գնով էներգոռեսուրսներ։ Նա այս առումով չի կարծում, որ Թուրքիան այնքան լավ վիճակում է գտնվում, որ կարող է իրեն թույլ տալ հրաժարվել Ադրբեջանի արած մատչելի առաջարկից՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս պահին Թուրքիան ունի շատ մեծ խնդիրներ։

«Նկատեմ, որ սա նրանց հարաբերությունների միայն մի բաղադրիչն է։ Այնպես որ, որ ադրբեջանական գազի տարանցումը թույլ չտալու հետ կապված կարող են որոշ խոսակցություններ լինել, բայց, իմ կարծիքով դրանք այն մակարդակի չեն հասնի, որ Թուրքիան արգելի դա»,- եզրափակեց նա։

Գույումջյան Դավիթ

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
22:00 10 անշարժ գույք, մեքենա, 5․4 մլն անկանխիկ, 3.5 մլն կանխիկ, 8․7 մլն եկամուտ․ Մասիսի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը