Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 06-06-2024

Ֆորեստ Գամփի հետքերով. ե՞րբ կհոգնի հեծանվորդ Փաշինյանը

Ի՞նչ նպատակ է հետապնդում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեծանվաշոուն, որի մասին նա հայտարարել է հունիսի 5-ին Ֆեյսբուքի իր էջում։ Մասնավորապես՝ ե՞րբ կհոգնի աննպատակ հեծանիվ քշելուց ու կգնա տուն։ Հիշեցնենք, որ հունիսի 5-ի վաղ առավոտյան, Նիկոլ Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հեծանիվ է քշել Երևանի փողոցներով, ապա վերադարձել կառավարական ամառանոց։

Առաջին հայացքից՝ հեծանիվ քշելու նպատակը Նիկոլ Փաշինյանի առողջությանն է վերաբերում, քաշի ավելցուկից ազատվելու և մարմնի կազմվածքը լավարկելու խնդրին։ Առողջ ապրելակերպի ջատագովները կարող են ասել, որ Փաշինյանը պարզապես առողջ ապրելակերպի քարոզչություն է իրականացնում, կոչ անում ընդօրինակել և հեծանիվ քշել առավոտյան։ Սա բացառիկ երևույթ չէ։ Օրինակ՝ կոմունիստական Վիետնամում առողջ ապրելակերպի քարոզչությունը բարձր ռելսերի վրա է։ Ամեն առավոտ բոլոր վիետնամցիները դուրս են գալիս մարզանքի։ Այս երկրում բնակչության մեծ մասը բժշկական ապահովագրություն ունի։ Խիստ կասկածելի է, որ Փաշինյանը ժողովրդի առողջության մասին է մտածում։ Նրա մարմնի կազմվածքը վկայում է, որ իր առողջության մասին էլ չի մտածում։ Շատերը կարող են հիշել ու մատնանշել նաև իշխանությունների անպատասխանատու վերաբերմունքը համավարակի շրջանում, առողջապահության համակարգում աղաղակող թերությունները, բժշկական ապահովագրություն ունեցողների փոքր թիվը և բուժհիմնարկներում բուժառուների նկատմամբ հոգատարության պակասը։ Կարճ ասած՝ Փաշինյանի մտքին մարդկանց առողջությունը չէ։

Ուշագրավ է, որ Փաշինյանը՝ հեծանիվ քշելու տեսանյութը հրապարակում է և կից գրառմամբ հրավիրում համակիրներին իր հետ միասին հեծանիվ վարել առավոտյան ժամը 6-ից 7-ը։ Կարծես՝ գլխի ընկնում, որ հեծանիվ քշելը կարող է ծառայեցնել իր ժողովրդականության բարձրացմանը։ Անվտանգության նկատառումներով՝ պահանջում է նաև իրեն միացող հեծանվորդների անձնական տվյալները՝ անուն, ազգանունը, հեռախոսահամարն ու լուսանկարը։

Հանրային խոսույթում շրջանառվում է վարկած, թե Փաշինյանն ուզում է նմանվել Ֆորեստ Գամփին։ Հիշեցնենք, որ համանուն օսկարակիր ֆիլմում 20-րդ դարի ԱՄՆ քաղաքացու հավաքական, խտացված կերպար Ֆորեստ Գամփը մի առավոտ դուրս է գալիս տանից ու սկսում վազել։ Մարդիկ սկզբում չեն հասկանում, թե ինչու է վազում Ֆորեստը։ Սակայն որոշ ժամանակ անց հայտնվում են հետևորդներ։ Հարյուրավոր մարդիկ աննպատակ վազում են նրա հետևից։ «Ահա այն մարդը, որը գիտի պատասխանը»,- կարծիք են հայտնում Ֆորեստ Գամփի հետևից վազողները։

Հավանաբար, նույն արձագանքն է ակնկալում ստանալ Նիկոլ Փաշինյանը, քանի որ նրա վարկանիշը շեշտակի անկում է ապրում վերջին շրջանում։ Քաղաքացիների մի մասը չի վստահում Նիկոլ Փաշինյանին, կասկածում, թե նա գիտի պետության, ժողովրդին հուզող հարցերի պատասխանները։

Փորձագետների կարծիքով՝ Փաշինյանի հեծնավաշոուն նպատակ ունի ցույց տալու, որ ժողովրդի մի մասը նրան վստահում է։ Նկատենք, որ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ամենօրյա ռեժիմով կազմակերպվող բազմամարդ ցույցերի և հանրահավաքների մասնակիցները պահանջում են Փաշինյանի հրաժարականը։ Ցույցերով իշխանության եկած Փաշինյանին, հավանաբար, թվում է, թե եթե ինքը հակահանրահավաք հրավիրի, ապա ոչ ոք չի գա։ Եվ ահա նա ապաքաղաքական, հեծանվային ամենօրյա հակացույց է նախաձեռնում։ Ենթադրելի է նաև, որ հեծանվային նախաձեռնությունը պիլոտային է։ Եթե հաջողվի, ապա առաջիկայում կփորձեն հեծանվաշոուն քաղաքականացնել։ Օրինակ՝ գալիք ընտրություններում Փաշինյանն ամբողջ ընտրարշավը կարող է կազմակերպել հեծանիվներով։

Պարզ ասած՝ սա լուրջ քննություն է, չնայած վարչապետը խմբակային հեծանիվ քշելու մասին առաջարկ-գրառման մեջ «սմայլիկներ» է դրել, որպեսզի առերևույթ անլրջացնի նախաձեռնությունը։ Նրա կոչ-առաջարկին արձագանքողների թվից ու տրամադրությունից կարելի է ենթադրել, թե ովքեր են նրա նվիրյալ համակիրները, որոնք չեն խորշում կանգնել նրա կողքին և պատրաստ նրա հետևից հեծանիվ քշել, աննպատակ հետևել նրան, ինչպես ամերիկացիները Ֆորեստ Գամփին։ Իսկ ընդդիմադիրները կլցվեն լավատեսությամբ, որ որոշ ժամանակ աննպատակ հեծանիվ վարելուց հետո Ֆորեստ Գամփին նմանվող Փաշինյանը կհոգնի հեծանիվ վարելուց, հրաժարական կտա վարչապետի պաշտոնից ու կվերադառնա հայրական տուն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել