Հայկական սփյուռքը տասնամյակներ շարունակ կանգնած եղել Թուրքիայի կոկորդին, ու այդ երկրի իշխանությունները ամեն գնով փորձել են լռեցնել սփյուռքահայերեն, կասեցնել նրան գործունեությունը։ Առ այսօր Անկարային չի հաջողվել դա անել։
Սփյուռքն իր քաղաքական ու հասարակական տարբեր կառույցներով մշտապես բարձրաձայնել և օրակարգում է պահել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, ինչի արդյունքում աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչել ու դատապարտել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որը հանցագործություն էր ոչ միայն հայ ժողովրդի այլև համայն մարդկության դեմ։ Հայկական սփյուռքը Հայոց ցեղասպանության միջագային ճանաչման գործընթացի համար կատաղի պայքար է մղել անգամ խորհրդային տարիներին, երբ ՀԽՍՀ-ն զրկված էր ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու ու այս հարցը օրակարգ բերելու հնարավորությունից։
Մյուս կողմից հայկական սփյուռքի գործունեությունն այսքանով չի սահմանափակվել։ Սփյուռքը միշտ եղել է ու կա Հայաստանի թիկունքում, ինչի վառ ապացույցը Արցախյան 44-օրյա պատերամզում սփյուռքահայերի ակտիվ մասնակցությունն էր և ցուցաբերած ֆինանսական աջակցությունը։ Բացի այդ, սփյուռքահայերն աշխարհով մեկ մեծ աղմուկ էին բարձրացնում Արցախի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած ագրեսիայի ու մերօրյա ցեղասպանության կապակցությամբ, ինչն լուրջ խոչընդոտներ էր ստեղծում այս երկրների համար։
Հայաստանում իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն թուլացնել է հայրենիք-սփյուռք կապերը, ինչպես նաև սեպ խրել ՀՀ բնակչության և սփյուռքահայերի միջև։ Դեռևս 2019 թվականին՝ իշխանության գալուց ամիսներ անց, Նիկոլ Փաշինյանը լուծարեց Սփյուռքի նախարարությունը, որը մշտապես ամրապնդում էր հայրենիք-սփյուռք կապերը, նպաստում, որպեսզի սփյուքահայերն անհաղորդ չմնան հայաստանյան կյանքին և փոխարենը ձևավորեց Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը, որի ՕԳԳ-ն զրոյական է։
Արցախյան 44-օրյա պատերազմում կրած աղետալի պատերազմից հետո հայկական սփյուռքը պառակտելու Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքականությունն ավելի վտանգավոր միտումներ ստացավ։ Քանի որ սփյուռքահայության ճնշող մեծամասնությունը խստորեն քննադատում է Արցախի հարցում իր քաղաքականությունը, տեղի ունեցած աղետների համար արդարացիորեն մեղադրում վերջինիս, կառավարության ներկայիս ղեկավարի նախաձեռնությամբ վերջին տարիներին արգելվել է մի խումբ սփյուռքահայ գործիչների մուտքը Հայաստան։ Բացի այդ, Փաշինյանի կառավարությունը սփյուռքին նվիրված միջոցառումներին հրավիրում է բացառապես իշխանությունների նկատմամբ լոյալ վերաբերմունք ունեցող գործիչներին, ինչն էլ ավելի է նպաստում ներկայումս առկա անջրպետի խորացմանը, ինչպես նաև սփյուռքահայերի միջև տարաձայնությունների առաջացմանը։
Նկատենք, որ Հայաստանի իշխանությունների այս քաղաքականությունը պայմանավորված չէ բացառապես անձնական վրեժխնդրությամբ։ Նիկոլ Փաշինյանն այս կերպ փորձում է հաճոյանալ Թուրքիային՝ ակնկալելով, որ ինչ-որ մի փուլում այդ երկիրը կկարգավորի ՀՀ-ի հետ հարաբերությունները։ Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականի մայիսին Թուրքիայի այն ժամանակվա ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն պնդել էր, որ հայկական սփյուռքը ճնշում է ՀՀ իշխանություններին, ինչը կաշկանդում է վերջինիս հարևանների հետ հարաբերություններւի կարգավորման գործընթացում, իսկ արդեն նույն թվականի աշնանը պնդել, որ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հայկական սփյուռքը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։Զարմանալիորեն Փաշինյանի կառավարությունը հիմնականում հենց այս երկրներում բնակվող սփյուռքահայերին է ճանաչել անցանկալի անձ, արգելել նրանց մուտքը Հայաստան։
Հատկանշական է, որ մինչ Հայաստանի իշխանությունները պառակտում ու ոչնչացնում են հայկական սփյուռքը, Ադրբեջանում հայկական պրոցեսն է տեղի ունենում։ Չունենալով սփյուռք՝ Ադրբեջանի իշխանությունների ջանքերով մի շարք երկրներում ադրբեջանական համայնքներ են ձևավորվել, ինչպես նաև բազմաթիվ կազմակերպություններ ստեղծել, որոնք նպատակաուղղված են միջազգային հանրության աչքին այլակերպել հայկականը։
Բացի այդ, Սփյուռքի հետ աշխատանքի Ադրբեջանի պետական կոմիտեի նախաձեռնությամբ աշխարհի տարբեր երկրներում ստեղծվել են այսպես կոչված «Ադրբեջանական տներ» կազմակերպություններ, որոնք միտված են համախմբելու արտերկրում բնակվող ադրբեջանցիներին։ «Արտերկրում բնակվող ադրբեջանցիներին համախմբել»-ով՝ այդ կազմակերպություններն իրականում երկրից դուրս այլ գործառույթ ունեն՝ իրականացնել հակահայկական քարոզչություն, ընդդեմ հայկականի՝ կազմակերպել ցուցահանդեսներ և միջոցառումներ։
Օրինակ՝ «Ադրբեջանական տներ»-ի նախաձեռնությամբ 2024 թվականի ապրիլին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում անցկացվել էր «Ցեղասպանության և տեղահանության հանցագործություններն արևմտյան ադրբեջանցիների դեմ» խորագրով միջոցառում, ցուցադրվել էր նաև «İZ» (թարգմանաբար՝ հետք) «փաստագրական» ֆիլմը՝ հերթական անգամ հայերին մեղադրելով երևակայական տարածքի՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի պատմական հուշարձանները՝ ամրոցներ, պալատներ, դամբարաններ, մզկիթներ, կամուրջներ և այլն, ոչնչացնելու մեջ։
Ադրբեջանական «սփյուռք»-ի կողմից անցկացվող հակահայկական նմանօրինակ միջոցառումների թեմատիկան տարբեր է: Դեռևս փետրվարին Լեհաստանի Կրակով քաղաքում նորաբաց «Ադրբեջանական տուն» կազմակերպությունն անցկացրել էր, այսպես կոչված, Խոջալուի «ցեղասպանության» 32-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես՝ իբրև թե լեհերին մանրամասն տեղեկություններ տրվեն Հայաստանի կողմից իրականացրած «էթնիկ զտումների» և «սպանությունների մասին»։
Այսպիսով՝ ուսումնասիրելով ադրբեջանական սփյուռքի գործունեությունը՝ կարող ենք փաստել, որ վերջինիս գործունեությունն ամբողջովն հակահայկական է և ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։ Եթե նախկինումն Հայաստանը պետական մակարդակով հակադրվում էր այս քաղաքականությանը, ապա այժմ պաշտոնական Երևանն իր ձեռքերն ամբողջովին լվացել է, ինչը նպաստում է, որ ադրբեջանական «սփյուռքն» ավելի արդյունավետ գործի և լուծի իր առջև դրված խնդիրները։
Դավիթ Գույումջյան