Ներքին 2 տարի առաջ - 16:47 18-05-2024

ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից

ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից: Այս մասին հայտնում են արհմիության ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի՛ համալսարանականներ,

ԵՊՀ ռեկտոր Հ․Հովհաննիսյանի կողմից վերջին մեկ ամսում իրականացվում են ԵՊՀ արհեստակցական կազմակերպության գործունեությանը խոչընդոտող գործողություններ, որոնց նպատակն է վերացնել ԵՊՀ-ում առկա սոցիալական գործընկերության և աշխատողների իրավունքների պաշտպանության առկա մեխանիզմները: Արհկոմիտեի և ռեկտորի միջև խնդիրներ սկսեցին առաջանալ այն բանից հետո, երբ ռեկտորը նոր կոլեկտիվ պայմանագիր կնքելու համար սկսեց առաջ քաշել անօրինական պահանջներ, որոնք ոչ մի աղերս չունեին կոլեկտիվ պայմանագիր հասկացության հետ (մանրամասները տե՛ս https://www.facebook.com/share/p/7E3qEAEAsfDeHP5j/? ): Ակնհայտ է, որ այս քայլերի հիմնական դրդապատճառը եղել է աշխատողների հավելյալ իրավական և սոցիալական երաշխիքներ ապահովող փաստաթղթի՝ կոլեկտիվ պայմանագրի հնարավոր չեզոքացումը:

Վերջին օրերին ԵՊՀ արհկոմիտե են դիմում բազմաթիվ դասախոսներ, ամբիոնի վարիչներ և վարչական ու տնտեսական աշխատողներ, առ այն, որ իրենց հորդորում և ստիպում են դուրս գալ արհմիության շարքերից՝ տրամադրելով արհմիությունից դուրս գալու դիմումի ձևը և չգանձված անդամավճարների գանձման ծանուցագիրը: Այս մոտեցումն ապօրինի է և հակասում է ՀՀ սահմանադրությանը, ՀՀ աշխատանքային օրենսգրքին և «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքին, որն առաջացնում է վարչական և/կամ քրեական պատասխանատվություն: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ռեկտորը և իր ներկայացուցիչները, կիրառելով վարչական տարբեր լծակներ մի շարք ստորաբաժանումների ղեկավարների, այդ թվում` որոշ դեկանների հանդեպ, փորձում են նրանց միջոցով ազդել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն արհմիության անդամությունից:

Հարգելի՛ համալսարանականներ, առաջիկայում ֆակուլտետների և վարչական ստորաբաժանումների «օպտիմալացման», «արդյունավետության բարձրացման», «վերապատրաստման և ատեստավորման» անվան տակ սպասվում են պրոֆեսորադասախոսական անձնակազմի և աշխատատեղերի զանգվածային կրճատումներ, ինչի արդյունքում ԵՊՀ հարյուրավոր աշխատողներ կանգնած են լինելու աշխատանքը կորցնելու վտանգի առջև:

Ակնհայտ է, որ ռեկտորի և իր ներկայացուցիչների այս գործողություններն ունեն մեկ նպատակ՝ ԵՊՀ աշխատողներին աշխատանքից ազատելը դարձնել հնարավորինս հեշտ և անաղմուկ, քանի որ արհմիության անդամ չհանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում արհմիությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ, և արհմիության համաձայնությունն անհրաժեշտ պայման չի լինի, իսկ արհմիության անդամ հանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում անհրաժեշտ է ստանալ արհմիության գրավոր նախնական համաձայնությունը. այն չստանալու դեպքում անհնար կդառնա աշխատողին աշխատանքից ազատելը:

Հարգելի՛ գործընկերներ, կոչ ենք անում դրսևորել միասնականություն, տեղի չտալ ռեկտորի և իր ներկայացուցիչների ճնշումներին և դիմագրավել այս աննախադեպ վարչական ներգործությանը՝ դրանով իսկ երաշխավորելով ձեր արժանապատիվ աշխատելու իրավունքն ու աշխատատեղի պահպանումը: Միաժամանակ հորդորում ենք ռեկտորի և իր ներկայացուցիչների ազդեցությանը ենթարկված որոշ դեկաններին և ստորաբաժանումների ղեկավարներին ուժ և համարձակություն դրսևորել և չկատարել նման ապօրինի հրահանգներ, հակառակ դեպքում՝ ստիպված ենք լինելու հասցեական և անվանական հրապարակայնացնել այսօրինակ գործողություններում ներգրավված անձանց քայլերը և անունները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ռեկտորի այսօրինակ հրահանգները կատարելը կարող են առաջացնել քրեական պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով»։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան