Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 20:45 06-11-2021

ԵՊՀ ռեկտորի ժ.պ-ի պաշտոնավարումն այս պահից անօրինական է. ԵՊՀ նախկին պրոռեկտոր

«5165» շարժում կուսակցության անդամ, ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Վարչական վերաքննիչ դատարանը վերացրեց վարչական դատարանի՝ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը և այն, ինչ այժմ տեղի է ունենում ԵՊՀ-ում, փաստացի անօրինական է։ Մանրամասներ իմանալու համար թեմայի վերաբերյալ Oragir.news-ը զրուցել է Մենուա Սողոմոնյանի հետ, ով ասաց. «Ի՞նչ է տեղի ունեցել իրականում։ Մի փոքր նախապատմությունը տամ։ Այս գարնան վերջին՝ մայիս ամսին, «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքը, որ Ազգային ժողովի կողմից ընդունվեց, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դրա՝ սահմանադրությանը հակասելու հիմքով վիճարկվեց Սահմանադրական դատարանում։ Եվ Սահմանադրական դատարանը, այո, գտավ, որ այդ օրենքը՝ կապված այն դրույթի հետ, որ լիազոր մարմինը՝ այսինքն՝ ԿԳՄՍ նախարարությունը, տվյալ դեպքում նշանակում է բուհի կառավարման խորհուրդների մեծ մասին, ի թիվս այլ պատճառների, նաև այս հիմքով ճանաչվեց սահմանադրությանը հակասող։ Որովհետև սահմանադրության մեջ առկա էր հոդված՝ բուհական ինքնավարության մասին։ Քանի որ այս իշխանությունների խնդիրը բուհերը իրենց վերահսկողության տակ պահելն է, և այդ համատեքստում ամենակարևոր նշանակություն ունեցողը ԵՊՀ-ն է, սա հակասահմանադրական ճանաչելուց հետո կառավարությունը միանձնյա ձևով ԵՊՀ-ի կանոնադրության մեջ փոփոխություններ արեց, կրճատեց խորհրդի անդամների թիվը, երեսուներկուսից դարձրեց քսան և հանեց ռեկտորի համար որոշ սահմանափակումներ, այդ թվում՝ պրոֆեսորի գիտական կոչումը՝ թողնելով միայն <<գիտական աստիճան և կոչում>> ձևակերպմամբ։ Ակնհայտ էր, որ սա արվում էր մեկ մարդու համար, ու սա իրենց ցանկալի, իրենց ենթակա, իրենց հնազանդ մարդուն բուհ գործուղելու և ԵՊՀ-ն բռի մեջ պահելու համար։ Եվ այդպես էլ եղավ։ Ձևավորվեց ժամանակավոր խորհուրդ՝ երեք հոգուց բաղկացած, նշանակվեց Հովհաննես Հովհաննիսյանը՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Եվ նույն Հովհաննես Հովհաննիսյանի անմիջական հսկողության տակ իրականացվեց համալսարանի նոր հոգաբարձուների խորհրդի կազմավորումը, որի կազմում կան մարդիկ, ովքեր կրթության հետ բացարձակ կապ չունեն։ Ես անձամբ կառավարության այդ որոշումը՝ միանձնյա ձևով համալսարանի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ, վիճարկեցի Քաղաքացիական և Վարչական դատարաններում, և այդ երկու դատարանները մերժեցին իմ հայցը։ Հայցի իմաստը հետևյալն էր. մինչև դատական նիստի կայացումը նաև այդ ակտի վրա դրվի արգելանք, այսինքն՝ կառավարության որոշումը՝ ԵՊՀ-ի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ, արգելանքի տակ դրվի։ Իմ դիմումը Քաղաքացիական և Վարչական դատարանը վարույթ չընդունեց, ես, բնականաբար, բողոքարկեցի։ Եվ այսօր հրապարակվել է «Դատալեքս» իրավական ակտերի կայքէջում Վերաքննիչ վարչական դատարանի այն որոշումը, որով վերացնում է մեկ ատյան ցածր Վարչական դատարանի՝ այդ ակտը դիմում չընդունելու մասին որոշումը։ Այսինքն՝ դրանով դիմումը ընդունում է վարույթ և արգելանք է դրվում կառավարության այդ որոշման վրա։ Սա հրապարակային փաստաթուղթ է, սրա մասին խոսում են բոլորը, այսինքն՝ շահագրգիռ կողմը իմանալով հանդերձ շարունակում է ապօրինի ձևով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որը այսօր տեղի ունեցավ։ Այսինքն՝ դատարանի որոշման պարագայում էլ՝ ապօրինությունը շարունակվում է»,֊եզրափակեց մեր զրուցակիցը։

Քնարիկ Պետրոսյան