Ներքին Միտք 2 տարի առաջ - 15:00 11-05-2024

Արտասովոր «բանակցություններ»․ մի կողմը ասում է, մյուսը՝ լսում

Երկրորդ օրն է՝ Ղազախստանի մայրաքաղաքում անցկացվում են հայ-ադրբեջանական բանակցություններ, որոնք, ինչպես հայտնում է հյուրընկալող երկրի ԱԳ նախարարությունը, ի սկզբանե պլանավորվել էին մեկ օրվա կտրվածքով, սակայն հաշվի առնելով քննարկվող հարցերի լայն շրջանակը և շփումների «կառուցողական» ընթացքը, շարունակվում են նաև այսօր։

Մայիսի 10-ին՝ բանակցությունների առաջին օրը, ՀՀ արտգործնախարարը շնորհակալական խոսք ուղղեց ղազախ պաշտոնակիցներին, կարևորեց բանակցությունների կազմակերպումը։ Ադրբեջանական կողմից նման «լիրիկական զեղումների» հետ մեկտեղ նշեցին, որ այս բանակցությունները կարևոր են նախապես բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։

Մոտավորապես նույն ժամերին Ադրբեջանի նախագահն իր կնոջ հետ գտնվում էր Շուշիում, որտեղ բերվել էին «վերաբնակիչների» տասնյակ ընտանիքներ։ Ալիևը, նրանց հանձնելով նախապատրաստած բնակարանների բանալիները, հանդես եկավ ինքնահավան խոսույթով։ Նշեց, որ Կովկասի «առաջատար» պետությունն Ադրբեջանն է և առանց ադրբեջանական համաձայնության՝ տարածաշրջանում ոչ մի հարց չի կարող լուծվել։ Հատկանշական է, որ Ալիևը հայտարարեց՝ հայ-ադրբեջանական սահմանային գծերը որոշվում են ի՛ր նախանշած ձևով։ Ոչ պակաս հատկանշական է, որ Հայաստանի ղեկավարի անունից այդ բանակցություններին կամ դրանց ընթացքին վերաբերող պատասխան հայտարարություն չհնչեց։

Փաստորեն, Ալմաթի ուղարկելով իր արտգործնախարարին՝ Ալիևը բացահայտ ցույց տվեց, որ «բանակցություն» եզրույթով որակված շփումը միակողմանի գործընթաց է, որտեղ ինքն «ասող» է, իսկ Փաշինյանը՝ լսող և խոնարհ կատարող։

Ինչ է հետևում սրանից։ Հայտնի է, որ Ադրբեջանում աշխույժ գործունեություն է ծավալում «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը, որը ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո և հանդիսանում է տեղեկատվա-քարոզչական խողովակ՝ Հայաստանի նկատմամբ Ալիևի տարածքային պահանջները մշտապես հնչեցնելու համար։ «Համայնքն» արդեն ունի հեռուստաալիք, որը հեռարձակվում է 3 լեզվով՝ ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն։ Այդ տեղեկատվական համակարգի միջոցով՝ եռալեզու ձևաչափով, Ադրբեջանում գեներացվում է «Արևմտյան Ադրբեջան» (փաստացի՝ Հայաստանի Հանրապետություն – հեղ․) վերադարձի պահանջ։ Խոսքը վերաբերում է խորհրդային շրջանում Հայկական ԽՍՀ-ում բնակեցված հարյուր հազարավոր ադրբեջանցիների «վերադարձին», հիմնականում նշվում է Արարատյան դաշտը և Սևանի ափամերձ գոտին։
Այլ կերպ ասած, Ալիևի պահանջով կատարվող «սահմանազատմանը» հաջորդող փուլում, ըստ ամենայնի, Հայաստանի ղեկավարության առջև խնդիր է դրվելու ապահովել շուրջ 300 հազար ադրբեջանցի «փախստականների» վերաբնակեցումը։

Այնուհետև, ասպարեզ է բերվելու «Զանգեզուրի միջանց»-ի բացման հարցը․ ադրբեջանական մեդիան չի դադարում այդ ուղղությամբ խոսույթի գեներացումից և տարածումից, ինչը հայաստանյան պաշտոնական հանրույթի կողմից չի արձագանքվում, անգամ հերքման տարբերակով։

Ալմաթիում անցկացվող բանակցային ռաունդը վերջանում է մայիսի 11-ին, հաջորդ փուլերի համար դեռևս ժամկետներ կամ այլ պարամետրեր չեն հրապարակվել, սակայն հաշվի առնելով Ադրբեջանից բարձրագույն մակարդակով հնչող հռետորաբանությունը՝ կարիք էլ չկա երկար-բարակ նախապատրաստական աշխատանքներով զբաղվել։ Եթե Ադրբեջանին անհրաժեշտ լինի, ժամերի ընթացքում նա կարող է նախաձեռնել նոր հանդիպումներ, որտեղ կարձանագրվեն նոր միակողմանի զիջումներ՝ իհարկե միայն Հայաստանի կողմից։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան