copy image url
Ներքին 2 շաբաթ առաջ - 16:00 29-04-2024

ԿԳՄՍՆ-ն դպրոցներին պարտադրել է նշել «Քաղաքացու օր»-ը

Նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը՝ հայ ժողովուրդն ուներ բազմաթիվ տոներ, որոնցից շատերը Փաշինյանի կառավարման 6 տարիների ընթացքում աստիճանաբար կորցրեց։ Դրանցից մեկն էլ մայիսյան եռատոնն էր, որը վերջին տարիներին բնակչության համար կարծես թե արժեզրկվել է, որովհետև սկզբում կորցրեցինք եռատոնի գլխավոր խորհրդանիշը՝ Շուշին, իսկ այնուհետև ողջ Արցախը։

Առհասարակ ցանկացած իշխանություն նպատակ ունի հանրության շրջանում արժեվորել սեփական պաշտոնավորումը, որի նպատակով ստեղծում է տարբեր տոներ, որոնց բնորոշ են բացառապես գործող իշխանությանը, իսկ վերջինիս հեռացումից հետո մեծ արագությամբ դրանք մոռացվում են։ Այս համատեքստում բացառություն չէր նաև Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ, որի նախաձեռնությամբ 2019-ից մեր երկրում նշվում է «Քաղաքացու օրը», ինչի նպատակը բացառապես 2018 թվականի իշխանափոխության փառաբանումն է։

Նախքան 2020 թվականի աղետալի պատերազմն այս տոնը հանրության շրջանում մեծ ոգևորությամբ էր տոնվում․ մարդիկ դուրս էին գալիս փողոց, ամեն քայլափոխի խորաված էին պատրաստում և միմյանց հետ կիսում էին իրենց ուրախությունը, քանի որ վստահ էին, որ իրենց ակտիվ մասնակցությամբ կայացած իշխանափոխությունը Հայաստանին միայն բարեկեցություն է բերելու։ Արդեն 2020-ի պատերազմին հաջորդած տարիներին իշխանությունները թեև խուսափում էին լայնամասշտաբ տոնակատարություննից, սակայն չէին խորշում ընդգծել 2018-ի իշխանափոխության կարևորությունը և շնորհավորել երբեմնի հպարտ քաղաքացուն, ում ջանքերով էլ վերջ էր տվել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի տասնամյա կառավարմանը։

Oragir.News-ն այսօր վաղ առավոտվանից ահազանգեր է ստանում, որ փաշինյանական իշխանությունը «Քաղաքացու օրվան» նվիրված տոնակատարությունները տեղափոխել է հանրակրթական դպրոցներ։ Այս օրերին տարբեր դպրոցներում սովորող աշակերտների ծնողներից ահազանգեր ենք ստանում այն մասին, որ դպրոցներում երեխաներին պարտադրել են երգուպարով ու տոնական միջոցառումներով նշել «Քաղաքացու օրը»։

Հատկանշական է, որ ծնողների մաս մասը դեմ է արտահայտվել դպորցներում «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների անցկացմանը, քանի որ կորցրել ենք Արցախը, Հայաստանի սահմանները վտանգված են, ուստի ստեղծված իրավիճակում նման միջոցառումներ անցկացնելն առնվազն կոռեկտ չէ։ «Քաղաքացու օրվա» տոնակատարությունները վրդովմունք են առաջացրել հատկապես Արցախից տեղահանված երեխաների ծնողների շրջանում, ովքեր, իմանալով միջոցառումների անցկացման մասին, երեխաներին այդ օրը պարզապես դպրոց չեն ուղերկել։


Ծնողներից ոմանք մեզ հետ զրույցում նշեցին, որ այս կապակցությամբ իրենց դժգոհությունն են հայտնել դպրոցի ուսուցիչներին, սակայն վերջիններս վստահեցրել են, որ սա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից դպրոցներին իջեցված հրաման է ու չեն կարող կատարել։

Հայտնի է, որ ԿԳՄՍ-ն դպրոցներին առաջարկել է «Հայրենիքը պետություն է» խորագրով ուսումնական նախագիծ իրականացնել, որի շրջանակներում սովորողներն իրենց նախընտրելի ձևաչափով պետք է իրենց բնակավայրերի մասին տեղեկություններ ներկայացնեն։ Երեխաները, նախարարության հանձնարարականով, կատարված աշխատանքի ընթացքը ներկայացրել են մինչև 3 րոպե տևողությամբ տեսանյութով կամ տեսանյութերի շարքով, բացի այդ անցկացվել են տոնական միջոցառումներ։

Որոշ ծնողներ նաև նշեցին, որ «Քաղաքացու օրվա» կապակցությամբ որոշ դպրոցներում ուրբաթ օրը դասապրոցեսն ամբողջովին խաթարվել է և առավոտից տոնական միջոցառումներ են անցկացվել, որոշներում էլ տոնակատարությունները դասերի կեսից են եղել։

Այսպիսով՝ անգամ Տավուշի մարզի շուրջ ծավալվող զարգացումների ֆոնին, երբ հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց և փորձում են վիժեցնել 4 գյուղերի հանձնումը, Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած քաղաքական ուժի անդամները չեն հրաժարվել սեփական իշխանությունը մեծարելու քաղաքականությունից։ Այս քաղաքականությունը հերթական անգամ փաստում է, որ գործող իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի համար սեփական իշխանության պահպանումն ամեն ինչից կարևոր է, և դրանից ելնելով կարող են անգամ դպրոցահասակ երեխաներին պարտադրել, որ վերջիններս տոնոն «Քաղաքացու օրը»։